Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
19:44 08.09.2026 (Թարմացված է: 20:14 08.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Մեղադրող կողմը պահանջել էր Արեգնազ Մանուկյանի կալանքը երկարաձգել 3 ամսով` նշելով, թե վերջինը կարող է խոչընդոտել քննությանը, ու փախուստի վտանգ կա։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
«Այս խափանման միջոցի կիրառումը զավեշտի դաշտից է։ Հայտնում են, թե Անդրանիկ Թևանյանը, որն իբրև թե ինչ–որ ինֆորմացիա է փոխանցել ինչ–որ հասարակական կազմակերպության, ազատության մեջ կրկին կարող է կապ հաստատել նրանց հետ։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ինչ–որ ինֆորմացիա է, որը բոլորը գիտեն, որևէ կերպ գաղտնիք չի, մակնշված չէ որպես գաղտնիք, բայց ասում էին, որ գաղտնիքը սկզբում վաճառել էր, հիմա ասում են, թե բացահայտել է։ Սկզբում ասում էին, թե գումար է ստացել, հիմա պարզվում է, որ գումար չի ստացել»,– ասաց Օրբելյանը։
Նա նաև անդրադարձավ նիստի դռնփակ լինելու հանգամանքին` ընդգծելով, որ մեղադրող կողմը հայտնել է, թե պետական գաղտնիք կա գործում։ Օրբելյանը հայտնեց, որ իրենք միջնորդել են նիստերը դռնբաց անցկացնելու համար, քանի որ վստահ են` գործերում պետական գաղտնիք ընդհանրապես չկա։
«Ենթադրյալ փաստաթուղթը, որին հղում են անում, թե պետական գաղտնիք է պարունակում, կարելի էր ուղղակի դրա հետազոտման փուլում նիստը դռնփակ անել։ Մեղադրողների հիմնական արգումենտն այն էր, որ իրենք գործը գաղտնագրել են, բայց «գաղտնի» բառը գրելով չպետք է կարողանան, ու օրենքով էլ սահմանված չէ, որ կարող է սահմանափակվել դռնբաց նիստ անցկացնելու իրավունքը»,– նշեց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին, ապա փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ հայտնեց, որ նրա կալանքն էլ 1 ամսով է երկարաձգվել։ Մեղադրող կողմը պահանջել է Մանուկյանի կալանքը երկարաձգել 3 ամսով` հայտարարելով, թե վերջինը կարող է խոչընդոտել քննությանն ու փախուստի վտանգ կա։
«Չկա որևէ ապացույց, որը հավաստում է, որ Արեգնազ Մանուկյանը հանցանք է կատարել։ Վկա էլ չկա, որ Արեգնազ Մանուկյանի դեմ ցուցմունք է տվել։ Դատախազները նոր իրավաբանություն բացահայտեցին` նշում էին` այն փաստի ուժով մեղադրանքն արդեն իսկ դատարանում է, մարդիկ երևի հասկանում են, որ իրենց դատապարտումը ռեալ է ու երևի թե ավելի հակված կլինեն փախուստի դիմել։ Որևէ հիմնավորում սրա վերաբերյալ նույնպես չեն ներկայացրել, մասնավորապես այն պարագայում, որ Մանուկյանը 1.5 ամիս ամեն օր ասում էր, որ «սուրճը դրած սպասում է»,– ասաց Սողոյանը։
Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։