Արժե սկզբից ավելի խորքային կրթվել, հետո նոր կրթել հասարակությանը. իրավապաշտպան
08:54 04.09.2026 (Թարմացված է: 11:37 04.09.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ ընդդեմ ընտանեկան բռնության։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Արժե սկզբից ավելի խորքային կրթվել, հետո նոր կրթել հասարակությանը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նոր նախաձեռնությանը` ընտանեկան բռնության դեմ պայքարին։
Սեպտեմբերի 3-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՔՊ–ի մի շարք կին պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների նախագծին, որը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց Աննա Հակոբյանի սկսած «լայնամասշտաբ արշավի» համատեքստում։
«Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ընտրել այն թեման, որը իրեն հոգեհարազատ է կամ որտեղ ունի մասնագիտական գիտելիքներ կամ մոտեցումներ։ Բայց ընտանեկան բռնությունը չափազանց նուրբ թեմա է, որը պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ` ընթերցանության տեսանկյունից, այլև փորձ` աշխատելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ»,– ասում է Զարուհի Հովհաննիսյանը։
Նա, ով ժամանակին նաև լրագրողական դասընթացներ է վարել ընտանեկան բռնության զոհերի հետ հարցազրույց վարելու հմտությունների շուրջ, Աննա Հակոբյանի հարցազրույցներում որոշ բացթողումներ է նկատել։
«Օրինակ` ընտանեկան բռնության ենթարկված անձի հետ հարցազրույց վարելիս պետք է հնարավորինս զերծ մնալ նրան անձնական բնույթի հարցեր տալուց, անձնական կյանքի դրվագները պատմել դրդելուց։ Չի կարելի նաև այսպիսի հարցեր տալ. ինչո՞ւ այսպես արեցիք, ինչո՞ւ այնպես արեցիք։ Այդ հարցերն իրենց մեջ ունեն մեղադրական բնույթ։ Կարևոր է նաև մարմնի լեզուն` ինչպես ենք մենք այդ հարցը տալիս։ Այնպես որ, արժե սկզբից ավելի խորքային կրթվել, հետո նոր կրթել հասարակությանը»,– ասում է մեր զրուցակիցը։
Զարուհի Հովհաննիսյանը չի հերքում, որ օրենսդրական որոշակի փոփոխություններ վերջին տարիներին արվել են, և որոշ դրական փոփոխություններ դրանց արդյունքում նկատելի են։ Բայց և նշում է, որ օրենսդրական փոփոխություններից ավելի քան 1 տարի անց չկա ամբողջական դիտարկում, թե դրանց արդյունքում ինչ առաջընթաց կամ հետընթաց է գրանցվել, ինչ բացեր են վեր հանվել։
«Եվ ամենակարևոր հարցին անդրադարձ չկա`«ընտանեկան բռնություն» և «կենցաղային բռնություն» հասկացությունների տարանջատմանը։ Դրանք ոչ միայն վերնագրում են միավորված, այլ որպես առանձին հանցատեսակներ տարանջատված չեն։ Ընտանեկան բռնության առանցքում կանգնած է ուժը, իշխանությունը և մշտական վերահսկողությունը անձի նկատմամբ։ Այն իր մեջ ներառում է ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական, թվային բռնություն, հետամտում, մեկուսացում և նույնիսկ հարկադրական վերահսկողություն։ Այս ամբողջը «ընտանեկան բռնություն» երևույթի բաղադրիչներ են, որոնց հիմքում ընկած է նաև գենդերային բռնությունը, այսինքն՝ դա կանանց նկատմամբ բռնության անբաժան մասն է»,– ասում է Հովհաննիսյանը։
Իսկ «կենցաղային բռնությունը», նշում է իրավապաշտպան, ի տարբերություն ընտանեկանի, կարող է տեղի ունենալ կենցաղային որևէ խնդրի կամ դրվագի շուրջ, ընտանիքի տարբեր անդամների միջև, այդ թվում՝ 2 եղբայրների, քրոջ և եղբոր, ծնողների և չափահաս երեխաների, և դա կարող է կրել նաև որոշակի տնտեսական բնույթ`ժառանգության բաժանման, տարածք կիսելու և այլ կենցաղային խնդիրներ։ Այդ հարաբերությունները և՛ նույն օրենքում միավորելը, և՛ նույն գործիքակազմով դրանց վերաբերվելը ճիշտ չէ
Օրենսդրական բացի պատճառով, ըստ նրա, չկա նաև տարանջատված վիճակագրություն։ Ընտանեկան բռնության սուբյեկտներ են դիտարկվում թե՛ ծնողները, թե՛ ամուսինները, թե՛ երեխաները, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում են նույն հարկի տակ։
Մեր զրուցակիցը նշում է, որ 2024թ–ից հետո բռնության դեպքերի մասին ազդարարումը ոստիկանություն հասարակության կողմից 75 տոկոսով աճել է։ Բայց քանի որ չկա տարանջատում, հնարավոր չէ նաև պարզել, թե դրանցիցի որոնք են վերաբերել կոնկրետ ընտանեկան բռնությանը։
Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 2-ին ֆեյսբուքում տեսանյութ հրապարակեց «Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է» վերտառությամբ, որտեղ խոսեց ընտանեկան բռնության ենթարկված մի կնոջ մասին։ Այդ տեսանյութից հետո Հակոբյանը արշավ սկսեց ընդդեմ ընտանեկան բռնության՝ այդ շրջանակում հարցազրույցներ անելով տուժած տարբեր կանանց հետ։
Նա նաև որոշ վիճակագրական տվյալներ էր ներկայացրել։ Դրանց համաձայն` 2025 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ է դիմել 1444 կին, որոնցից 79-ը` ապաստարանի համար։ 2025թ–ի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերով հարուցվել է 1768 քրեական վարույթ։ Դատարան ուղարկված վարույթներով՝ 388 մեղադրյաներից 261-ը ամուսիններ են եղել, 34-ը զուգընկերներ, մնացածը՝ ընտանիքի այլ անդամներ։