Շուրջ 4 մլրդ դրամ փոխհատուցում սեպտեմբերի համար. Գևորգ Պապոյանը խոսեց արտահանման մասին
11:34 03.09.2026 (Թարմացված է: 11:46 03.09.2026)

© Photo : press office of the Government of RA
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Փոխհատուցման տրամադրման չափը գնահատվել է շուրջ 3 մլրդ 972 մլն դրամ։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ.
1.
խնձորի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,2.
տանձի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,3.
սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,4.
խաղողի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,5.
թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,6.
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,7.
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,8.
շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 դրամ,9.
շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,.10.
ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 75 դրամ,11.
Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ,12.
չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ,13.
իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ,14.
թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ:«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»,– կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ավելացրեց, որ օրինակ` շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ և այլն։
Նախարարը նշեց, որ արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս. եթե 2025 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 39 մլն հատ ծաղիկ, ապա այս տարի նույն ժամանակահատվածի տվյալներով` 30 մլն 100 հազար հատ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան դիտողություն արեց, որ հետագայում կառավարության նիստերին կոնյակ բառը օգտագործվի միայն ֆրանսիական խմիչքի պարագայում։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։