Արցախի անկախությունն անցյալի փոշիներում թաղված չէ, այն պետք է օրակարգում մնա․ Արամ Ա
15:10 02.09.2026 (Թարմացված է: 16:44 02.09.2026)

© Photo : Facebook / His Holiness Aram I
Բաժանորդագրվել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի խոսքով` պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի անկախությունը թաղված չէ անցյալի փոշիներում, այն պետք է լինի օրակարգում, որքան էլ փորձ արվի իրապաշտպանության անվան տակ փակել այդ էջը։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ուղերձում։
Նրա խոսքով՝ անցյալը չպետք է պարզապես անցյալ մնա, այն պետք է լինի առիթ և հիշեցում՝ նորացված հավատքով և նպատակասլաց կամքով, վճռականությամբ քայլելու դեպի ապագա։ Այսպես է պետք մոտենալ նաև Արցախի Անկախության օրվան։
Արամ Ա–ն նշում է`ազգերի պատմության մեջ պայմաններն ու աշխարհաքաղաքական շահերի դասավորությունը փոփոխական են։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, չտրվել ժամանակի շահերին և պարտադրանքներին, հավատքին պետք է միախառնել հույսը, այն թրծել ամուր կամքով ու քայլել դեպի ապագա։
«Այսօր, երբ հետադարձ հայացքով նշում ենք Արցախի Հանրապետության Անկախության օրը, եկեք նախ հիշենք մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց արյունն են թափել հանուն Արցախի անկախության վերականգնման: Հիշենք նաև մեր առաջնորդներին, ովքեր աշխատել և ծառայել են Արցախի անկախության հետագա ամրապնդման համար, ու ովքեր այսօր տառապում են Բաքվի բանտերում»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Նա հավելել է՝ միայն հիշելը բավական չէ, պետք է կարողանալ հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի:
«Վայ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ շրջանակում՝ թաքնվելով իրապաշտության քողի տակ: Պատմության բեմում մնում են այն ազգերը, որոնք տեսնում են իրենց ներկան՝ ամրագրված անցյալով, ամրապնդված ապագայի տեսլականով և առաջ են գնում նորոգված հավատով ու հույսով»,- նշված է նրա խոսքում։
Արամ Ա-ն հավելել է, որ Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձն է հավատարիմ մնալ մեր պատմությանը և փոխանցված սրբազան պատգամներին։
Արամ Ա-ն հավելել է, որ Արցախի Հանրապետության Անկախության օրվա ուղերձն է հավատարիմ մնալ մեր պատմությանը և փոխանցված սրբազան պատգամներին։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
Ադրբեջանը 2023թ–ի սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։