Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատվել է. Լևոն Քոչարյանը` հոր առողջական վիճակի մասին

© Sputnik
Բաժանորդագրվել
Լևոն Քոչարյանը նշեց, որ այս պահին հորից ընդհանրապես տեղեկություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական խնդիրը կապված է սրտի հետ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է Հակակոռուպցիոն կոմիտեում, նրան տեղափոխել են բուժհաստատություն։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ տեղեկացրեց, որ նա վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել։
«Հորիցս այս պահին ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Վերջերս սրտի հետ կապված խնդիր կար։ Մոտ 2 շաբաթ առաջ վիրահատություն է տարել»,– ասաց Լևոն Քոչարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին` ստենտավորվե՞լ է։ Պատգամավորը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսել են խուզարկություններ իրականացնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Ռոբերտ Քոչարյանից ու նրա որդուց` Սեդրակ Քոչարյանից բացի, ևս 4 անձ է ձերբակալվել։ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին բուժկենտրոնում է։