Գյուղացին «պոլնի» խնդիր ունի. Արմավիր համայնքի բնակիչները ճանապարհ են փակել
13:31 17.08.2026 (Թարմացված է: 14:11 17.08.2026)
© news.am
Բաժանորդագրվել
Գյուղացիները չեն համաձայնել սպասել և հանդիպել մարզպետի հետ, որոշել են ճանապարհ փակել, քանի որ վստահեցնում են` իրենց խնդրին որևէ լուծում չի տրվում։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։
«Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Մեր ապրանքը մարդ չի, որ գիտակցություն ունենա ու հասկանա, որ հիմա խնդիր կա ու պետք չի, որ այսօր ընկնի, այլ վաղը թող ընկնի։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։ Գյուղացին էսօր «պոլնի» խնդրի տակ ա»,– ասաց գյուղացիներից մեկը։
Գյուղացիների հետ հանդիպման եկած Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը նշեց, որ իր մոտ տպավորութուն է, թե մթերքի հարցը որոշ անձինք փորձում են քաղաքական թեմա դարձնել, ինչին հավաքվածները դեմ արտահայտվեցին։
«Մենք ձեզ ասել ենք` էկեք, նստենք, խոսենք, քննարկենք խնդիրը։ Դուք չեք համաձայնել, հիմա էկել՝ փակել եք ճանապարհը։ Ասում եք` գործ ունենք ձեր հետ, հետո գալիս եք ճանապարհ եք փակում։ Ժամը 10-ին զանգում եք, ասել ենք, որ 12։30 մարզպետը կգա կհանդիպի, էդ 1 ժամը չեք համբերում, ինչու չեք համբերում ու գալիս եք ստեղ»,– ասաց Սարգսյանը։
Գյուղացիներից մեկը շեշտեց, որ իրենք երեկ էլ են եղել մարզպետարանում, մինչ այս պահն իրենց հարցին լուծում չի տրվել, որևէ առաջարկ չի արվել, իրենք էլ այս քայլին են դիմել։
Համայնքապետը պնդեց, թե պայմանավորվել են, որ ապրանքի մի մասը կգնեն չիր սարքողները, մյուս մասն էլ կարտահանեն, մի մասն էլ կմթերվի։ Մի գյուղացի ընդգծեց` «ֆուրերը» կանգնած են գյուղում ու կիլոգրամը 100 դրամով են արտահանողները ցանկանում ապրանքը գնել, բայց այդ գնով ինչպես կարող են իրենց ապրանքը վաճառել։
Համայնքապետը պնդեց, թե պայմանավորվել են, որ ապրանքի մի մասը կգնեն չիր սարքողները, մյուս մասն էլ կարտահանեն, մի մասն էլ կմթերվի։ Մի գյուղացի ընդգծեց` «ֆուրերը» կանգնած են գյուղում ու կիլոգրամը 100 դրամով են արտահանողները ցանկանում ապրանքը գնել, բայց այդ գնով ինչպես կարող են իրենց ապրանքը վաճառել։
«Մենք որ դա 100 դրամով տանք իրենց, նշանակում է, որ մեր ապրանքը ջուրը թափեցինք։ Տանողները կանգնած են, բայց գնի խնդիր կա։ Ձեռք չի տալիս դա մեզ։ Պետությունը տանողին 250–ով ա տալիս, իսկ մեզնից 100 դրամով են առնում։ Լսել եմ` էկոնոմիկայի նախարարն ա ասել։ Արտահանողն էլ է սպեկուլյացիայով է զբաղված»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ իր ապրանքը թափվում է, ու խնդիրը չի լուծվում, իսկ իրենց ստույգ պատասխան է պետք, որ իմանա վաղվա իր գլխի գալիքը։
Համայնքապետը կոչ արեց երեկոյան ժամը 18։00-ին հավաքվել Խանջյան գյուղում ու քննարկել խնդիրը։
Գյուղացիները համաձայնեցին երեկոյան հանդիպել գյուղի կենտրոնում ու լսել, թե ինչ որոշում է կայացվել, չնայած, որ ամեն դեպքում չեն հավատում, թե խնդրին լուծում կտրվի։
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից շուրջ 5,4 մլրդ դրամ է հատկացրել գյուղմթերքի, սննդամթերքի, խմիչքի և մի շարք այլ ապրանքների արտահանման աջակցության երկու ծրագրերի ֆինանսավորման համար։ Ըստ նախագծի` գումարն ուղղվելու է հունիսին և հուլիսին արտահանողների մոտ առաջացած փոխհատուցման ենթակա ծախսերի վճարմանը։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրերի նպատակը արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն ու արտահանողների ծախսերի փոխհատուցումն է։ Հատկացումները նախատեսված են 2026 թվականի երրորդ եռամսյակի համար։
«Ռոսսելխոզնադզորը» մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։