Բնակարանի գրավիչ նկար, շուկայականից ցածր գին. ՆԳՆ–ն զգուշացնում է նոր խարդախության մասին
11:53 05.08.2026 (Թարմացված է: 11:58 05.08.2026)

ԱԲ-ով գեներացված պատկեր․ հայտարարություն սոցցանցում
© Sputnik / AI generated image
Բաժանորդագրվել
Գերատեսչությունը հորդորում է զգոն լինել և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգել առաջարկի իսկությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում ակտիվացել են սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։ Գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը»,– զգուշացնում է գերատեսչությունը
ՆԳՆ–ն հորդորում է կանխավճար չփոխանցել, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։
Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։
«Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։ Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։ Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։ Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ, հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը»,– նշում է ՆԳՆ–ն։
Գերատեսչությունը հորդորում է զգոն լինել և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգել առաջարկի իսկությունը։