Լաբիրինթոսի մուտքը կա, ելքը չի երևում, կամ ինչպես է սպանվում ձկնաբուծության ոլորտը

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Օրերս ձկնաբույծները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության մոտ՝ բարձրաձայնելով այն ծանր վիճակի մասին, որում հայտնվել են ՌԴ սահմանափակումներից հետո։ Այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Sputnik Արմենիան այցելել է ձկնաբուծարաններից մեկը՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին։
Զրո եկամուտ ու հսկայական կորուստներ․ Margaryan Fish-ի հիմնադիր Սուրեն Մարգարյանն ասում է՝ տուն, հողատարածքներ, ավտոմեքենաներ, ոսկյա զարդեր, ամեն բան ներդրել է, որ կարողանա իր շուրջ 15 տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը պահել, միակ բանը, որ չի վաճառել, ամուսնական ոսկյա մատանիներն են։ Կնոջն էլ խոստացել է՝ վաճառված զարդերի փոխարեն մի քանի անգամ ավելին է գնելու, միայն թե ստեղծված իրավիճակը մի տեսակ անելանելի լաբիրինթոս է թվում։
«Տնտեսվարող ենք, արտադրող ենք, ոնց որ չարչի ենք դարձել։ Ընկեր չի մնացել, որ պարտքով գումար չուզենք։ Բացի այդ, վարկերն արդեն 3 ամիս է՝ չենք կարող սպասարկել, գնացել եմ, խնդրել եմ, որ դադար տան որոշ ժամանակով, մինչև հասկանանք, թե ինչ է լինում, դեռ քննարկվում է։ Այդպիսի տնտեսվարող չկա, որ վարկ չունենա, որովհետև այս ոլորտը հսկայական ծախսեր է պահանջում»,- նշում է Սուրենը։
Ձկնաբուծությամբ զբաղվում է 21 տարեկանից, հիմա տարեկան շուրջ 200 տոննա ձուկ է արտադրում։ Ասում է՝ մեծ դժվարությամբ 0-ից տնտեսություն է կառուցել, օրվա 24 ժամ աշխատել։ Արտադրանքի գրեթե 90 տոկոսը ՌԴ է արտահանել։ Արդեն մի քանի տարի է՝ ներքին շուկայում ձկների իրացում չի անում։ Բացատրում է՝ խոշոր արտադրողները կենտրոնացել են արտահանման վրա, ներքին սպառումը փոքր արտադրողներինն է, եթե բոլորը ներքին շուկայում ձուկ վաճառեն, ապա լճացում է լինելու, ոլորտը սպանվելու է։

Margaryan Fish-ի հիմնադիր Սուրեն Մարգարյանը
© Sputnik / Aram Nersesyan
Մայիսից՝ ՌԴ ձկնամթերքի արտահանման սահմանափակումից հետո նման ծանր վիճակում է հայտնվել ոչ միայն իր տնտեսությունը, այլև Հայաստանի ամբողջ ձկնաբուծության ոլորտը՝ 160-ից ավելի ձկնաբուծարաններով։ Սուրենը ամենատուժածներից է․ անգամ մինչև սահմանափակումներն արտահանում չի ունեցել, քանի որ տարեսկզբին դեռ մանրաձուկ էր, որն աճեցվում էր արտահանմանը նախապատրաստելու համար։

Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
© Sputnik / Aram Nersesyan
Սուրենն ասում է՝ եթե նախկինում ձկներին կերակրում էր օրական 3 անգամ ու միայն մեկ ջրավազանի ձկներին 30-40 կգ կեր էր տալիս, ապա վերջին 15 օրերին չնչին մի բան՝ օրական 1 անգամ, որ ձկները չսատկեն։ Եթե հաշվարկում ես այս ժամանակահատվածում ձուկ աճեցնելու ու պահելու համար կատարված ծախսերը՝ էլեկտրաէներգիա, աշխատողներ, կեր և այլն, ապա ձկան ինքնարժեքն այնքան է բարձրանում, որ մինչև բանը Եվրոպային հասնի, անգամ 20 եվրո ինքնարժեքը հնարավոր է՝ լուծում չլինի։
Մինչև սահմանափակումները Հայաստանում աճեցված ձուկն ընդհանրապես արտահանման խնդիր չի ունեցել, ամբողջ քանակը ՌԴ-ում է սպառվել ու շատ արագ։
«Մենք այս տարիների ընթացքում հասել ենք նրան, որ արտադրում ենք շատ բարձր որակի ձուկ։ Երբ մեր ձուկը ռուսական շուկա էր մտնում, առաջինը հայկական ձուկն էր սպառվում, հետո նոր ծովինը»,- նշում է Սուրենը։
Թարմ ձուկը հատուկ պայմաններում 10-12 օրում Ռուսաստան է հասել, նույն ժամանակահատվածում չի կարող Եվրոպա հասնել։ Սառեցումն էլ հարցի լուծում չէ, քանի որ այս դեպքում էլ գնիջեցում է լինելու։
Չի կասկածում, որ հայ ձկնաբույծների արտադրած ձուկը մրցունակ է լինելու իր որակով եվրոպական շուկայում, բայց և կասկածում է, թե Եվրոպան, օրինակ, ԵՄ անդամ երկրի արտադրանքը թողնելու է, հայկականն է վաճառելու կամ էլ դրանք հավասար պայմաններում են ներկայացված լինելու։

1/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

2/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

3/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

4/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

5/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

6/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը

7/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
1/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
2/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
3/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
4/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
5/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
6/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
7/7
© Sputnik / Aram Nersesyan
Սուրեն Մարգարյանի ձկնաբուծարանը
Եվրոպային դեմ չեն, բայց դա 1 օրում չի լինում։ Ոլորտը սպանելուց հետո էլ առհասարակ ինչ արտահանման մասին խոսք կարող է լինել։
«Մեր արտահանողները փորձել են Եվրոպա ձուկ արտահանել, չի ստացվել, բայց մենք դեմ չենք Եվրոպային․ Եվրոպա, ԱՄՆ․․․ ինչքան շատ երկիր արտահանվի, այնքան լավ թե՛ տնտեսությունների, թե՛ երկրի համար, բայց դա այսպես չի արվում։ 1,5-2 տարի ամենաքիչը պետք է նոր շուկա նախապատրաստելու համար»,- բացատրում է Սուրենը։
Կառավարությունից ֆինանսական աջակցություն են ակնկալում, որ կարողանան տնտեսությունը պահել, գոյատևել մինչև մի դուռ կբացվի, արտահանումները կսկսվեն։ Այլապես հայաստանյան գյուղատնտեսության ամենամեծ ու պահանջված ճյուղերից մեկը մեռնելու է։ Եղած բոլոր խնդիրներին նաև ջրերի շուրջ 40 տոկոս կրճատումն է ավելանում։ Սուրենը նշում է՝ եթե իր տնտեսության ջուրը 40 տոկոսով կրճատվի, դա վերջը կլինի՝ այս տարիների ընթացքում իր կառուցած տնտեսությունը կփլուզվի։
Ձկնաբույծներն իրենց անտեսված ու արհամարհված են զգում։ Օրեր առաջ կառավարության մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններից բացի իրենց ոչ ոք չմոտեցավ, իրենց հետ չխոսեց, իրենց չլսեց։ Միայն առաջարկում էին կառավարության ընդունարանի պետ Նազարյանի հետ հանդիպել, ինչից ձկնաբույծները հրաժարվեցին՝ չցանկանալով վերցնել իրենց մեկնված «բարձը»։ Ասում են՝ լաբիրինթոսի մուտքը կա, բայց ելքն այդպես էլ չի երևում։
