Ո՞վ կարող է ստանձնել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը, և ի՞նչ կլինի, եթե ընտրությունը չկայանա

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Պատգամավորի կարծիքով՝ կարևոր է, որ ԱԺ նախագահն ունենա ոչ միայն արցախյան հանրության, այլև հայաստանյան ազգային ուժերի աջակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Եթե Արցախի ԱԺ ընտրությունները չկայանան և խորհրդարանը՝ որպես քաղաքական ինստիտուտ, վերանա, կստացվի, որ իսկապես փակվեց Արցախյան հարցի էջը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հուլիսի 2-ին Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ քննարկումներից և խորհրդակցություններից հետո որոշել է հրաժարվել Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից (ստանձնել էր 2025թ․ մայիսին. խմբ․), բայց այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից և ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։ Մի քանի օր անց մամուլը գրեց, որ առաջիկա օրերին քննարկումներ են լինելու Արցախի ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ, սակայն մտահոգություններ կան հնարավոր ճնշումների, հետապնդումների առնչությամբ, ու շատերը պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել ձևավորված վախի մթնոլորտի պատճառով։
«Եթե, Աստված մի արասցե, տեղի չունենան ընտրություններ, և, ըստ էության, վերանա նաև Ազգային ժողովը, ապա որևէ տարբերություն չի լինելու Հայաստանի ներկայիս իշխանությունների և այն արցախցիների միջև, որոնք մեղավոր կլինեն ԱԺ-ի լուծարման համար։ Արդեն 3 տարի է՝ մենք ականատես ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախի ինստիտուտների փակման ծրագիր է տարվում։ Դա արվում է տարբեր մեթոդներով, այդ թվում՝ բռնաճնշումներով։ Եթե ԱԺ պատգամավորների մեծ մասը ենթարկվի այդ ճնշումներին (ԱԺ նախագահ ընտրելու համար առնվազն 17 պատգամավորի ձայն է անհրաժեշտ. խմբ․), կստացվի, որ իշխանությունների ծրագիրը կատարվեց, ու հենց արցախցիները փակեցին Արցախի հարցը»,- նշեց արցախցի պատգամավորը։
Ըստ նրա՝ այս տարիները ցույց են տվել, որ միջազգային հարթակներում արցախցիների ձայնը եթե լսվում էլ է, ապա այն դեպքում, երբ ներկայացվում է Արցախի ԱԺ-ի կողմից։ Քաղաքական այս ինստիտուտը կարևորագույն դերակատարում է ունենալու նաև հետագայում էլ, երբ համապատասխան նպաստավոր միջավայր կլինի արցախցիների անվտանգ վերադարձի հարցն օրակարգ բերելու համար։ Եթե պահի լրջությունը չգիտակցվեց և խիզախություն չգտնվեց, անդառնալի կորուստ է լինելու։
Հակոբյանը նշեց՝ այս պահին դժվար է հասկանալ, թե արդյոք մեծամասնության մոտ կա ցանկություն պահպանելու այս ինստիտուտն ու ընտրություն անցկացնելու, թե ոչ։
«Արցախի Ազգային ժողովի պահպանումը շատ կարևոր է այսօր որպես միակ լեգիտիմ մարմին, որը կարող է օգնել, որ չփակվի Արցախի էջը»,- շեշտեց Հակոբյանը։
Նա հավելեց՝ շատ կարևոր է, որ ԱԺ նախագահը նաև համապատասխան քաղաքական աջակցություն ու հենարան ունենա, եթե դա չեղավ, ապա կարճ ժամանակ անց կստացվի այն նույն վիճակը, որն Արցախի արդեն նախկին ԱԺ նախագահի դեպքում եղավ։ Հակոբյանը կարծում է՝ այս պարագայում պատասխանատվության մեծ բաժինն իր վրա պետք է վերցնի ամենամեծ խմբակցությունը («Ազատ հայրենիք», որն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցությունն է. խմբ․)՝ կա՛մ թեկնածու առաջադրելով, կա՛մ քաղաքական հենարան դառնալով այլ թեկնածուի համար, որին կառաջադրի ավելի փոքր խմբակցությունը։ Այս հարցում նաև հայաստանյան քաղաքական ուժերի աջակցությունն է կարևոր։
Պատգամավորը չգիտի, թե Արցախի ԱԺ նախագահի ընտրություն երբ կլինի։ Ասում է՝ միասնական որևէ քննարկում չկա. փոքր շրջանակով՝ արցախցի ակտիվ պատգամավորների խմբով (որոնց թիվը չի գերազանցում 10-ը. խմբ․) հանդիպումներ են անցկացնում, այդ թվում՝ հայաստանյան շրջանակների հետ, սակայն վերջնական հանգրվանի ու հարցի լուծման դեռ չեն հասել։
«Ես անձամբ այս անգամ նաև ավելի ուշադիր եմ լինելու, որ ներկայացված թեկնածուն ունենա իր ծրագիրը, որը կետ առ կետ իրականացնելու համար նա պատասխանատվություն կստանձնի։ Եթե չունի ծրագիր, էլի հոգ չէ, որովհետև տեղահանումից հետո նախագահի հրամանով մենք ունենք հաստատված ռազմավարություն` և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ։ Այդ ծրագիրը կարող է հիմք ընդունվել, սակայն այստեղ առանցքայինն այն պատասխանատվությունն է, որը նա պետք է ստանձնի»,- նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Աշոտ Դանիելյանի հրաժարականին, ըստ Հակոբյանի, սկզբում կար ոգևորություն, որ հաջողվեց միավորվել, ԱԺ նախագահ ընտրել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ Դանիելյանը չունեցավ քաղաքական անհրաժեշտ աջակցությունը նույնիսկ իր խմբակցության («Ազատ հայրենիք-ՔՄԴ». խմբ․) ներսում։ Եվ բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջ էին քաշվում, անտարբերության կամ նույնիսկ բացահայտ ու թաքնված խոչընդոտների էին հանդիպում։
Նա վստահ է՝ այն մարդը, որը կունենա անհրաժեշտ քաղաքական հենարան Արցախի ԱԺ-ի, հանրության և հայաստանյան ազգային ուժերի կողմից, պետք է հստակ գիտակցի, որ իր ուսերին ծանր, չվարձատրվող պատասխանատվություն է վերցնում, որի համար նաև կարող է հետապնդվել ու հալածվել, բայց դա պատասխանատվություն է Արցախի էջը չփակելու ու արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի միջազգային իրավունքը պահպանելու համար։