00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայի արյունը, Բաքվի գազը և ԵՄ-ի փողը. «սիրելի Ուրսուլայի» այցի արդյունքները

© Photo : official site of the Prime Minister of RAՈւրսուլա ֆոն դեր Լյայենն ու Նիկոլ Փաշինյանը
Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ դատելով Հարավային Կովկասի հարցերով Եվրահանձնաժողովի ղեկավարի հերթական շրջագայության արդյունքներից՝ քաղաքական պրագմատիզմը շատ ավելի կարևոր է, քան եվրոպական արժեքները։
Դե ինչ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցն Ադրբեջան և Հայաստան ավարտվեց։ Շատ փորձագետների գնահատականներով, դա ոչ այնքան դիվանագիտական շրջագայություն էր, որքան տեսչական ստուգում. Եվրամիությունը փաստացի ճշգրտում էր իր դիրքերի վիճակը Հարավային Կովկասում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև աճող դիմակայության ֆոնին հակառուսական պլացդարմ ձևավորելու համատեքստում:
Անշուշտ, Ադրբեջան և Հայաստան այցելություններն անցան բոլորովին այլ մթնոլորտում՝ հետապնդելով տարբեր նպատակներ։
Հատուկ ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եվրոպական մոտեցման բուն փիլիսոփայությունը։
Ադրբեջան այցն անցավ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության ամրապնդման լույսի ներքո: Գլխավոր թեման ադրբեջանական գազի հետագա մատակարարումն էր Եվրոպա և երաշխիքներ ստանալը, որ Բաքուն կպահպանի տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցության թուլացման գիծը:
Առավել ցայտուն էր անգամ ոչ թե բանակցությունների օրակարգը, այլ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունների տոնայնությունը։ Ալիևի հասցեին նրա ելույթներն այնքան «հաճոյախոսական» էին, որ զարմացրել էին նույնիսկ փորձառու քաղաքական դիտորդներին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ադրբեջանի նախագահին փաստացի ներկայացրեց որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետներից մեկը՝ աջակցություն հայտնելով իբր «տարածաշրջանային կայունության»ապահովման նրա ջանքերին:
Ստացվում է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի համար Արցախի էթնիկ զտումը, սեփական հողից ավելի քան հարյուր հազար հայերի վտարումը, խաղաղ բնակիչների սպանությունները, պատերազմական հանցագործությունների բազմաթիվ փաստերը, հայ ռազմագերիների գնդակահարությունները (ընդ որում՝ տեսագրելով), Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ապօրինի դատավարությունը և այլ հանցագործությունները խոչընդոտ չեն նման բարձր քաղաքական գնահատականների համար:
Իհարկե, ֆոն դեր Լյայենը քաջատեղյակ է Եվրախորհրդարանի բազմաթիվ բանաձևերին, եվրոպական քաղաքական գործիչների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններին, որոնք բազմիցս ուշադրություն են դարձրել ինչպես ադրբեջանական քաղաքական համակարգի ավտորիտար բնույթին, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ալիևյան ռեժիմի հրեշավոր հանցագործություններին։
Սակայն Եվրոպական միության քաղաքականությունը վաղուց ի վեր ապրում է երկակի ստանդարտներով։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ հենց դրանք են արդի եվրոպական արտաքին քաղաքականության հիմքերից մեկը։
Ֆոն դեր Լյայենը հասկացրեց, որ ընդունելի է համարում իրականության ուժային փոփոխության, էթնիկ զտումների, խաղաղ բնակիչների սպանությունների, Արցախի բնիկ հայ բնակչության արտաքսման և տասնյակ հազարավոր մարդկանց ողբերգության վրա կառուցված «խաղաղության օրակարգը»:
Փաստորեն, ադրբեջանական գազը և Բաքվի հակառուսական քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելի համար շատ ավելի կարևոր են, քան այն արժեքները, որոնց մասին Եվրոպան այդքան սիրում է խոսել՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և միջազգային իրավունք։
Իզուր չէ, որ սոցիալական ցանցերի ֆրանսիացի մի օգտատեր գրել է այս արտահայտությունը, որը շատ ճշգրիտ բնութագրում է տեղի ունեցածը. «Ադրբեջանական գազից հայ երեխաների արյան հոտ է գալիս»:
Բոլորովին այլ բնույթ ուներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Երևան։
Եթե Բաքվում Եվրահանձնաժողովի ղեկավարը հանդես էր գալիս էներգառեսուրսներով և աշխարհաքաղաքական համագործակցությամբ շահագրգռված խնդրարկուի դերում, ապա Երևանում նա ցուցադրեց խոստումներ և քաղաքական ավանսներ բաժանող գործչի կերպար։ Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը նրան անվանեց «սիրելի Ուրսուլա»։
Նրա ելույթի հիմնական թեզերը երկու ուղղության էին.
Առաջինը՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների փաստացի ճանաչում, ընտրություններ, որոնց հետ կապված բազմաթիվ մեղադրանքներ են հնչել ընտրական օրենսդրության խախտումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ընդդիմության նկատմամբ ճնշումների, զանգվածային ձերբակալությունների և խուզարկությունների վերաբերյալ։
Ընդ որում, եվրոպական կառույցները նախընտրեցին չնկատելու տալ ձայների հաշվարկի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության շուրջ ծագած բազմաթիվ խնդիրները:
Տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելի համար շատ ավելի կարևոր է ՀՀ իշխանության ղեկին ունենալ հարմար կառավարություն, քան հետևողականորեն պաշտպանել այն ժողովրդավարական չափանիշները, որոնք այլ պետություններից պահանջում է հարգել։
Ավելին, արևմտյան քաղաքական շրջանակների և եվրոպական մի շարք կառույցների կողմից հայաստանյան գործող իշխանությանը տեղեկատվական աջակցությունը փաստացի նրա դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքական արշավի մասն է:
Ելույթի տնտեսական մասում կրկին հնչեցին բազմաթիվ խոստումներ՝ միլիոնավոր եվրոներ հայ ֆերմերների համար, հայկական արտադրանքի հասանելիության ընդլայնում դեպի եվրոպական շուկա, համագործակցության նոր ծրագրեր և «Եվրոպան Հայաստանի կողքին է» հավաստիացումներ:
Եղան նաև ավանդական դարձած ակնարկներ, թե իբր Ռուսաստանը տնտեսական ճնշում է գործադրում Հայաստանի վրա։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2026
«Մոլդովական սցենարի» ռումինական ամփոփումը. Հայաստանը հաշվի կառնի՞ եվրոդասերը
Սակայն գեղեցիկ խոսքերի հետևում նորից չստացանք գլխավոր հարցի պատասխանը՝ հատկապես ինչպե՞ս է այսօր արտահայտվում Եվրոպական միության իրական աջակցությունը Հայաստանին:
Որտե՞ղ են լայնածավալ ներդրումները:
Որտե՞ղ են իրական տնտեսական ծրագրերը:
Որտե՞ղ են անվտանգության երաշխիքները:
Որտե՞ղ են Հայաստանի Հանրապետությանն օգնելու գործնական մեխանիզմները։
Այս բոլոր հարցերին «սիրելի Ուրսուլան» նախընտրեց չպատասխանել։
Արդյունքում, Եվրահանձնաժողովի ղեկավարի այցը կրկին ցույց տվեց պարզ օրինաչափությունը՝ Ադրբեջանի դեպքում Եվրոպան պատրաստ է մոռանալ մարդու իրավունքների մասին՝ հանուն գազի և աշխարհաքաղաքական շահերի։
Հայաստանի պարագայում Եվրոպան պատրաստ է գեղեցիկ բառեր, քաղաքական հաճոյախոսություններ և ֆինանսական խոստումներ շռայլել՝ միևնույն ժամանակ չառաջարկելով երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման իրական մեխանիզմներ։
Այսպիսին են «սիրելի Ուրսուլայի» հարավկովկասյան հերթական շրջագայության արդյունքները, որում, ինչպես և նախկինում, քաղաքական պրագմատիզմը զգալիորեն ավելի կարևոր էր, քան հռչակված եվրոպական արժեքները։
Լրահոս
0