Երևանում ջրի խնդիր չկա, խնդիրը կառավարման մեջ է. փորձագետ
21:00 02.07.2026 (Թարմացված է: 16:03 03.07.2026)

© Sputnik / Алексей Мальгавко
/ Բաժանորդագրվել
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է Երևանի ջրամատակարարման նոր` ամառային ժամանակացույց, որի համաձայն հուլիսի 1-ից մայրաքաղաքի մի շարք հատվածներում ջրի 24-ժամյա գրաֆիկը փոխարինվում է 20-22, որոշ տեղերում` 17-19– ժամյա մատակարարումով։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը չի համապատասխանում կառավարության հետ ամիսներ առաջ պայմանավորված գրաֆիկին. Sputnik Արմենիային ասել է ջրային ոլորտի փորձագետ Կամո Աղաբաբյանը` հավելելով, որ կառավարության հետ սահմանված ջրանջատումները գիշերային ժամերին չպիտի գերազանցեին 3 ժամը։
«Անցած անգամ հրապարակումից հետո կառավարությունը միանգամից արձագանքեց ու չեղարկեց գրաֆիկը։ Ջրային կոմիտեն նոր գրաֆիկ սահմանեց, հետևաբար, ես կարծում եմ, այս անգամ էլ առանց կառավարությա հետ համաձայնության երևի թե նոր ժամանակացույց չէր սահմանվի։ Ես ուղղակի տեղյակ չեմ, թե վերևներում ինչ է կատարվում, չեմ կարող ասել, թե ինչ համաձայնության են եկել հետագայում։ Ես, համենայնդեպս, չեմ հանդիպել որևէ պաշտոնական մեկնաբանության»,– նշում է Աղաբաբյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակել է Երևանի ջրամատակարարման նոր` ամառային ժամանակացույց, որի համաձայն հուլիսի 1-ից սեպտեմբերի 15-ը մայրաքաղաքի մի շարք հատվածներում ջրի 24-ժամյա գրաֆիկը կփոխարինվի 20-22, որոշ տեղերում` 17-19– ժամյա մատակարարումով։ Իսկ, օրինակ, Խարբերդի բնակիչները ամռան ամենաշոգ սեզոնին ընդամենը 12 ժամ ջուր կունենան։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին հայտարարել էր դեռ փետրվարի 25-ին։ 4 ամիս առաջ հրապարակված ժամանակացույցի համաձայն` Երևանի որոշ հասցեներում մայիսից սահմանվելու էր ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմ, իսկ մարզերի մի շարք բնակավայրերում` 6–ժամյա։ Նման փոփոխությունների անհրաժեշտությունը ընկերությունը մեկնաբանում էր տասնյակհազարավոր նոր սպառողների ավելացմամբ։
«Վեոլիա Ջրի» հայտարարության հետևանքով մամուլում ու հանրության շրջանում բարձրացած աղմուկից ժամեր անց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության միջամտության արդյունքում որոշվել է ջրամատակարարման գրաֆիկը թողնել անփոփոխ։
Ջրամատակարարման սահմանափակումների անհրաժեշտության կարիք ոլորտի մասնագետն ընդհանրապես չի տեսնում։ Կամո Աղաբաբյանի համոզմամբ՝ խնդիրը բացառապես արդյունավետ կառավարման ոլորտում է։
«Երևանի խմելու ջրի աղբյուրներն ընդհանրապես խնդրահարույց վիճակում չեն և լիովին բավարար են Երևանի 1 100 000 բնակչի ջրամատակարարումը ապահովելու համար` անկախ նրանից, թե ջրային տարին ոնցն է։ «Վեոլիա Ջրի» տրամադրության տակ գտնվող ջրային աղբյուրների ծավալը մոտավորապես 10-12 խմ/վրկ է։ Իսկ պահանջարկն այսօր կազմում է ընդամենը 3-4 խմ/վրկ։ Այսինքն, մենք բավարար ջրի քանակ ունենք Երևանի համար։ Խնդիրը դրա մեջ չէ, խնդիրը կառավարման մեջ է։ Իմ կարծիքով, խնդիրը նրանում է, որ հատկապես մասնավոր սեկտորում, թեև դեպքեր կան, որ պետականում էլ, ջրագողության դեպքեր են տեղի ունենում։ Հատկապես ամառվա սեզոնին ջուրը շատ են գողանում, շատ ջուր են օգտագործում, անգամ շռայլորեն են օգտագործում, շատերը օգտագործում են առանց հաշվիչի, դրա համար էլ ջուրը չի բավականացնում։ Արդյունքում`մի մասը մշտական ջուր են ունենում, մնացածները`ոչ»,– նկատում է մասնագետը։
Մեր զրուցակիցը չի հերքում, որ կա նաև ենթակառուցվածքների մաշվածությա խնդիր, ինչի հետևանքով համակարգում նաև ջրի կորստի ծավալն է շատ։ Բայց դա, նրա գնահատմամբ, էական ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր ջրամատակարարման վրա։
Քանի որ անջատումները հիմնականում ամռան սեզոնին են արվում, հանրության մեջ կասկածներ կան, թե ջրի դեֆիցիտի պատճառը մայրաքաղաքի մեծ թվով լողավազաններն են, որոնք լցնելու համար, ըստ այդ տեսակետի, մատակարար ընկերությունն անջատում է շարքային բաժանորդների ջուրը։
Կամո Աղաբաբյանն այս վարկածը չի ընդունում` նշելով, որ մեծ լողավազան ունենալու ճոխությունն իրենց կարող են թույլ տալ միայն մասնավոր տների 10%–ի սեփականատերերը, իսկ դա այն ծավալը չէ, որ ազդի ջրամատակարարման ընդհանուր ծավալի վրա։ Իսկ ինչ վերաբերում է մեծ լողավազաններին, դրանցում, նրա խոսքով տեղադրված են ջրի շրջանառության և մաքրման փակ համակարգեր, հետևաբար ջուրը հաճախակի փոխելու կարիք չի լինում։
Նշենք, որ բարելավված ջրամատակարարում ապահովելու համար կառավարությունը 70 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի հետ։ Ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ևս 70 մլն եվրոյի չափով և ՀՀ կառավարության կողմից՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների տեսքով:
Ծրագիրը ամբողջությամբ նախատեսվում է իրականացնել 5 տարում։ Առաջին փուլի համար նախատեսվում է 185 մլն դոլար, իսկ երկրորդ փուլի բյուջեն ավելի մեծ կլինի` մոտավորապես 250 մլն դոլար: