Ո՞վ կգա 7 տարի նույն դասարանում մնացած կառավարություն. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին

© Photo : press office of the Civil Contract Party
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարություն էր տարածել, որով աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրում էր ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում` խոստանալով առաջիկա մեկ տարվա ընթացքում առաջարկել արդեն կոնկրետ աշխատանք գործադիր իշխանությունում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Աշխարհի լավագույն բուհերից որակյալ մասնագետներին Հայաստանի կառավարությունում աշխատանքի տեղավորելու` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ծրագրի պոտենցյալ շահառուներին հիշեցրել է 2018-ի դառը փորձը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարություն էր տարածել, որով աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրում էր ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում` խոստանալով առաջիկա մեկ տարվա ընթացքում առաջարկել արդեն կոնկրետ աշխատանք գործադիր իշխանությունում։
«Իմ շատ ծանոթներ, ընկերներ արտասահմանում լավագույն բուհերում ոչ միայն սովորում են, այլ նաև աշխատում են, պրոֆեսորներ են և այլն։ Փաշինյանի հայտարարությունը նրանց հիշեցրել է 2018-19 թվականները, երբ նոր ստեղծված կառավարությունը կադրային բանկ էր հավաքում։ Շատերը նույնիսկ ուղարկել էին իրենց տվյալները, բայց մնացել էին անպատասխան։ Դա առաջին ալիքն էր, երբ սփյուռքը երես դարձրեց Հայաստանից։ Այսինքն՝ համագործակցությունը չստացվեց»,– հիշեցնում է Մխիթարյանը։
Նրա խոսքով` երկրորդ գործոնը, որը կարող է այսօր խոչընդոտ դառնալ արտասահմանյան երկրներ տեղափոխված մասնագետների` հայրենիք վերադառնալուն, ԱԺ ընտրությունների ընթացքում Հայաստան եկող հայերի նկատմամբ պետության անբարյացակամ վերաբերմունքն էր։
«Սփյուռքից մեր շատ հայրենակիցներ եկան և քվեարկեցին ընտրությունների ժամանակ և արժանացան արգահատանքի, որովհետև իշխանությունների կարծիքով` սփյուռքից եկածները չէին քվեարկում Փաշինյանի օգտին։ Շատերն այսկերպ արդեն երկրորդ հարվածը ստացան որպես սփյուռքի ներկայացուցիչներ»,–ասում է փորձագետը։
Սփյուռքի նկատմամբ իշխող քաղաքական էլիտայի իրական վերաբերմունքը, Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ, սփյուռքի նախարարությունը փակելն էր։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ նախարարությունը ժամանակին ուներ սփյուռքի պոտենցիալի օգտագործման հատուկ ծրագրեր, որոնք չեղարկվել են, մնացորդներն էլ առերևույթ գործում են, բայց անարդյունք։
Եթե անգամ կառավարությունը տեր կանգնի իր խոստմանն ու իրոք աշխատանք առաջարկի Հայաստան վերադարձած բարձրակարգ մասնագտներին, Մխիթարյանը թերահավատ է, թե այդ աշխատանքը աշխարհի լավագույն բուհերն ավարտած բարձրակարգ մասնագետների համար գրավիչ առաջարկ է։
«Այդ մարդիկ ավարտում են լավագույն բուհերը և պետք է ստանան շատ բարձր աշխատավարձեր։ Արդյոք կառավարությունը կկարողանա ապահովել այդպիսի աշխատավարձեր նրանց համար։ Իհարկե ոչ, որովհետև այդ լավագույն բուհերում սովորելը նշանակում է շատ ծախսեր անել, որոնք պետք է փոխհատուցվեն նրանց հետագա աշխատանքի վարձատրությամբ։ Լավագույն բուհերի շրջանավարտները լավագույն աշխատատեղերին են հավակնում և ստանում են եթե ոչ 100, գոնե տասնյակներ անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան կարող են ստանալ Հայաստանի կառավարությունում աշխատելով։ Եվ վերջին հանգամանքը՝ արդյոք խելացի մարդիկ, որոնք ավարտում են աշխարհի լավագույն բուհերը, պատրաստ են աշխատել մի կառավարությունում, որի ղեկավարը բարձրագույն կրթության դիպլոմ չունի, և, որի անդամները` վարչապետի գլխավորությամբ, իր խոսքերն եմ ասում. «7 տարի մնացել են նույն դասարանում»»,– նկատում է փորձագետը։
Բոլոր այս հանգամանքները վերլուծելով` Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունն ամենայն հավանականությամբ կոչ է` ուղղված իր 1-2 ծանոթի, որ այդ քողի տակ գան և կաշխատեն։ Բայց շահառուների ճնշող մեծամասնությունը, նրա համոզմամբ, ինչպես 7-8 տարի առաջ, այնպես էլ այսօր չի գա և չի աշխատի Փաշինյանի կառավարությունում։
Ատոմ Մխիթարյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչու որակյալ մասնագետների կարիք ունեցող գործադիր իշխանությունը կադրային բազայի համալրումը չի իրականացնում սեփական երկրի բուհերն ավարտող լավագույն ուսանողների հաշվին, այլ միանգամից դիմում է աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներին։
«Նախ պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ Հայաստանի բուհերն այնպիսի կադրեր տան, որոնք անմիջապես կանցնեն պետական կառավարման համակարգ և արդյունավետորեն կկարողանան աշխատել։ Ցավոք, մեր բուհերն այսօր այդ պայմաններին չեն բավարարում, որովհետև նախ ֆինանսավորումն է ցածր, և 2-րդ՝ բոլոր պետական բուհերը գտնվում են քաղաքական ազդեցության տակ, և շատերը գերադասում են արտասահմանյան բուհերում սովորել»,– նշում է փորձագետը։
Հատկանշական է նաև, որ Փաշինյանն այս հայտարարությունն արեց ընտրություններից բառացիորեն օրեր անց, մինչդեռ իր քաղաքական թիմի ո՛չ ընտրական ցուցակում, ո՛չ քարոզարշավում նման բարձր որակավորմամբ մասնագետներ ընդգրկված չէին։ Մխիթարյանի դիտարկմամբ` խնդիրը ոչ միայն բարձր մասնագիտական որակների, այլև արժանապատվության մեջ է։ Նրա համոզմամբ` մարդիկ, որոնք ունեն լավ կրթություն, ունեն նաև արժանապատվություն և չեն աշխատի Փաշինյանի ղեկավարության ներքո։