Ենթադրյալ թմրանյութից թունավորված 12–ամյա երեխան արդեն տանն է. Օրգով գյուղի դպրոցի տնօրեն
14:44 11.06.2026 (Թարմացված է: 14:46 11.06.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցի հետ զրույցում երեխայի հարազատները նշել են, որ այս պահին ի վիճակի չեն պատասխանելու հարցերի, ակնկալում են, որ իրավապահները արդյունավետ քննություն կիրականացնեն և կպարզեն դեպքի բոլոր հանգամանքերը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը, որը ենթադրյալ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ է ստացել, արդեն լավ է և հիվանդանոցից դուրս է գրվել։ Դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը News.am–ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել մայիսի 29–ին 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թունավորման դեպքից։
Տնօրենի խոսքով` մայիսի 29–ին տեղի է ունեցել էքսկուրսիա, 21 աշակերտները եղել են 7 ուսուցիչների ուղեկցությամբ, գնացել են Կարին գյուղում APT բարեգործական ընկերության տնկարան։
«Էքսկուրսիան նորմալ է անցել։ Ժամը մոտավորապես 17.15-ին էսքկուրսիայից երեխաները վերադարձել են։ Ծնողի ուղեկցությամբ երեխան գնացել է տուն։ Էքսկուրսիային մասնակցել են 5-8–րդ դասարանի աշակերտները։ 21.50–ին ծնողը զանգահարել է դասղեկին և ասել, որ երեխան լավ չի զգում, և հաջորդ օրը, կարծեմ, տեղափոխել են հիվանդանոց։ Երեկվա դրությամբ երեխան գտնվում է տանը, վիճակը լավ է»,–ասել է տնօրենը։
Անդրադառնալով երեխային թմրանյութ տալու մասին լուրերին, դպրոցի տնօրենն ասել է, որ իրենք այդ մասին որևէ տեղեկություն չունեն։ Դեպքից հետո տնօրենը դպրոց է հրավիրել էքսկուրսիայի մասնակից բոլոր ուսուցիչներին և քննարկել իրավիճակը։
«Քանի որ ընկերությունը բարեգործական է, բոլոր երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել են։ Հյուրասիրել են լավաշ, պանիր, վարունգ։ Եթե դրանից լիներ, դա չէր կարող անդրադառնալ միայն մեկ երեխայի վրա։ Ես կխուսափեմ որևէ վարկած պնդել։ Բայց կարող եմ ասել, որ բոլոր երեխաները հսկողության տակ են եղել»,–ասել է Չաթոյանը։
Լրագրողի հարցին՝ գուցե էքսկուրսիայի ժամանակ այլ մարդիկ են մոտեցել երեխաներին, տնօրենն արձագանքել է, որ իրենք ամիսներ առաջ են այդ էքսկուրսիան պլանավորել, և ընկերության կարգն է, որ մի դպրոցի աշակերտներին ճանապարհեն, նոր մյուս դպրոցի երեխաներին ընդունեն։
«Այլ երեխաների հետ շփումը կարելի է ասել, բացառվում է։ Տրանսպորտը տարել է, որը եղել է էլի բարեգործական հիմնադրամինը, էքսկուրսիան ավարտվելուց հետո տրանսպորտը հետ է բերել։ 7 ուսուցիչներից երեքը, որոնք այլ գյուղերից են, նրանք ճանապարհին, իրենց գյուղի մոտ իջել են ավտոբուսից, բայց մյուս ուսուցիչները եղել են երեխաների հետ»,–ասել է նա։
Չաթոյանի խոսքով` թունավորված երեխան շատ լավ ընտանիք ունի, հայրը աշխատում է, մայրը տնային տնտեսուհի է։ Ունի փոքր եղբայր, որը սովորում է նույն դպրոցում, փոխադրվել է 4–րդ դասարան, տանը կա նաև մանկահասակ երեխա։
Տնօրենը նաև տեղեկացրել է, որ ուսուցիչներին հրավիրել են հարցաքննության, բայց իրեն՝ ոչ։
Լրատվամիջոցի հետ զրույցում երեխայի հարազատները նշել են, որ այս պահին ի վիճակի չեն պատասխանելու հարցերի, ակնկալում են, որ իրավապահները արդյունավետ քննություն կիրականացնեն և կպարզեն դեպքի բոլոր հանգամանքերը:
Լրատվամիջոցի հետ զրույցում երեխայի հարազատները նշել են, որ այս պահին ի վիճակի չեն պատասխանելու հարցերի, ակնկալում են, որ իրավապահները արդյունավետ քննություն կիրականացնեն և կպարզեն դեպքի բոլոր հանգամանքերը:
Հիշեցնենք` օրեր առաջ «Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։
Նա նշել էր, որ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։