Պետք չէ պատրանքներ ունենալ․ Էլիբեգովան՝ Ալիևի և եվրակառույցների տարաձայնությունների մասին
21:11 04.05.2026 (Թարմացված է: 21:24 04.05.2026)

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետը կարծում է՝ չնայած հնչող քննադատություններին` դրանք 0 ազդեցություն են ունենում, քանի որ եվրոպացի առաջնորդները շարունակում են սեղմել Ալիևի ձեռքն ու տնտեսական կապեր ունենալ Ադրբեջանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Որքան էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարի, թե խզում է կապերը եվրոպական կառույցների հետ, Բաքվի ու լայն իմաստով Եվրոպայի հարաբերությունների վերաբերյալ պատրանքներ ունենալ պետք չէ. Ադրբեջանը շարունակում է գործուն, երկկողմանի հարաբերություններ ունենալ եվրոպական առանձին պետությունների հետ՝ չնայած ադրբեջանական ավտորիտար ռեժիմին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ մեկնաբանելով Ալիևի այսօրվա կոշտ ելույթը։
Ադրբեջանի ղեկավարը տեսակապով միացավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին անվանեց «պատերազմական հանցագործներ», արդարացրեց Արցախի հանդեպ սանձազերծած ագրեսիան՝ հայտարարելով, թե 2023թ․ իրենք վերջ դրեցին «Ղարաբաղում անջատողականությանը» և «պաշտպանեցին իրենց տարածքային ամբողջականությունը»։ Միաժամանակ Ալիևը մեղադրեց Եվրոպական խորհրդարանին ու ԵԽԽՎ-ին երկակի ստանդարտների մեջ, որոնք իբրև թե խաղաղությանն աջակցելու փոխարեն «սաբոտաժ» են անում՝ Ադրբեջանը «թիրախավորող բանաձևեր ընդունելով»։
«Անկախ նրանից, որ Ադրբեջանում դիկտատուրա ու ավտորիտարիզմ է, անկախ հնչող քննադատություններից` Ալիևը շատ էֆեկտիվ շարունակում է տնտեսական մակարդակում աշխատել առանձին երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի և այլ պետությունների։ Հիշեցնենք, որ նույն Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (Եվրահանձնաժողովի նախագահ. խմբ) հետպատերազմական շրջանում Բաքու կատարած այցի ժամանակ շռայլորեն գովասանքի խոսքեր էր Ալիևին ասում այն կապակցությամբ, որ Ադրբեջանն իբր կարող է դառնալ Եվրոպայի համար ռուսական գազի այլընտրանք։ Երբ 2 կողմերն էլ բախվեցին իրականությանը, և Ալիևը հասկացավ, որ Եվրոպայից ֆինանսավորում չի ստանալու նավթագազային սեկտորը զարգացնելու համար, Եվրոպան էլ հասկացավ, որ Ադրբեջանը չունի գազային այնպիսի պաշարներ, որոնցով կարող է Ռուսաստանին այլընտրանք դառնալ, սիրախաղը մի քիչ մարեց»,- ասաց Էլիբեգովան։
Նրա խոսքով՝ չնայած որ եվրոպական կառույցները պարբերաբար բարձրաձայնում են և՛ արցախահայության, և՛ գերիների հարցը, բայց իրականությունն այն է, որ տվյալ կառույցներն Ադրբեջանի ղեկավարության վրա ազդեցության որևէ լծակ չունեն։ Տարիներ շարունակ քննադատություններ են հնչում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, բայց, միևնույնն է, եվրոպացի առաջնորդները տարբեր հարթակներում ջերմորեն սեղմում են Ալիևի ձեռքը, նրա հետ տնտեսական հարաբերություններ կառուցում։
«Հետևաբար, այո՛, իրենց դեմարշը ինչ–որ ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ, բայց մեծ հաշվով Ադրբեջանի և եվրոպական պետությունների միջև տնտեսական հարաբերությունների վրա սա 0 ազդեցություն կունենա»,- կարծում է ադրբեջանագետը։
Ալիևի ելույթից հետո Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արտահերթ ելույթ խնդրեց և հակադարձեց նրան` ասելով, որ կառույցի բանաձևերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ու դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց իրենք չեն պատրաստվում երբևէ փոխել աշխատակարգ և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել են։ Էլիբեգովայի կարծիքով՝ այս հակադարձումն էլ իրականում որևէ բան չի նշանակելու. Բաքվի հետ տնտեսական հարաբերությունները շարունակվում են՝ չնայած բազմիցս բարձրաձայնված պատերազմական հանցագործությունների, ու այստեղ են հենց եվրոպական երկակի ստանդարտները։
«Այսինքն՝ այս բանաձևերը մնում են թղթի վրա, որևէ պրակտիկ կիրառելիություն չեն ունենում, ինչն էլ բերում է նրան, որ Ալիևը կարողանում է տեսակապով միանալ և բավականին կոշտ խոսել, բարձրաձայնել իր կարծիքը Երևանում հավաքված եվրոպական լիդերների առջև նրանց վարած քաղաքականության մասին»,- նշեց Էլիբեգովան։
Ադրբեջանագետը զարմացած չէ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքի բացակայությունից։ Ի տարբերություն Մեցոլայի՝ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց Ալիևի ելույթին, որում նա արդարացնում էր Բաքվի գործողություններն Արցախի նկատմամբ։ Էլիբեգովան հիշեցրեց՝ ՀՀ իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել նաև վերջերս Ստեփանակերտի մայր տաճարի հիմնովին ավերմանը, ավելին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ դա համարում է Ադրբեջանի ներքին գործը։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ադրբեջանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բոլոր ուղղություններով կասեցնել համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։
Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ էր անում ապահովել արցախահայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում էր պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ էր անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։