Ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի. Փաշինյան
13:44 23.04.2026 (Թարմացված է: 13:49 23.04.2026)

© Photo : press office of the Prime minister of RA
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի խոսքով` երբ Աննա Հակոբյանը հայտարարեց կառավարական առանձնատնից հեռանալու որոշման մասին, ինքը հարգանքով է վերաբերվել այդ որոշմանը, բայց չի ասել, որ հաշտ է դրա հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանքեր է գործադրում Աննա Հակոբյանին վերադարձնելու համար։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ Աննա Հակոբյանը հայտարարում է, որ հեռանում է կառավարական առանձնատնից, բայց վերջին օրերին շրջում է Փաշինյանի հետ, արդյոք այդ ամենը թատրոն չէ՞ր հասարակության համար։
«Ինչ վերաբերվում է մեր ընտանիքի հետ կապված իրադրությանը, ապա իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը, եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, և ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Աննա Հակոբյանը փետրվարի 27–ին հայտարարեց, որ լքել է կառավարական առանձնատունը և տեղափոխվել վարձակալած բնակարան։ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով։
Ապրիլի 19-ին Աննա Հակոբյանը Գյումրիում ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին. այս փաստը տարաբնույթ քննարկումների առիթ դարձավ հատկապես սոցցանցերում։