«Ապրելու երկիրը» ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ
16:10 21.04.2026 (Թարմացված է: 16:23 21.04.2026)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հուշագրի համաձայն` քաղաքական երկու ուժերը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ առաջիկա ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Հուշագրի համաձայն` քաղաքական երկու ուժերը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։ Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր»,– իրենց այս որոշումը հիմնավորել են «Ապրելու երկիր» կուսակցությունից։
Համագործակցության հիմքում ընկած են հետևյալ դրույթները.
Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
««Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»,– ընդգծել են կուսակցությունից։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։