00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձևականությունների ժամանակն անցել է. Նազիֆը՝ Իրանի դիրքորոշման, պատերազմի և ՀՀ–ի դերի մասին

© Sputnik / Aram NersesyanԱլիռեզա Նազիֆ
Ալիռեզա Նազիֆ - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2026
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը չի ազդել հայ-իրանական հարաբերությունների դինամիկայի վրա։ Միևնույն ժամանակ երկրների միջև վաղուց հասունացել է ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Սակայն Թեհրանը զգուշությամբ է վերաբերվում Հայաստանում նախատեսվող «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը։
Լաուրա Սարգսյան, Sputnik.
Ինչպիսի՞ իրավիճակ է Իրանում, ինչպե՞ս է Թեհրանը վերաբերվում «Թրամփի ուղի» նախագծին. Sputnik Արմենիան այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Կովկասյան տարածաշրջանային հետազոտությունների ավագ փորձագետ, Իրան-Հայաստան բարեկամության միության խորհրդի անդամ և միության Հյուսիսարևմտյան (Թավրիզի) ներկայացուցչության ղեկավարը Ալիռեզա Նազիֆի հետ։
– Սոցիալ–տնտեսական առումով ինչպիսի՞ իրավիճակ է Իրանում։ Ռազմական գործողություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել տնտեսության և գործարար ակտիվության վրա։
– Իրանը երբեք որևէ պատերազմի նախաձեռնող չի եղել և որևէ երկրի հետ պատերազմելու ցանկություն չի ունեցել։ Ժամանակակից պատմության մեջ ևս՝ ո՛չ Սադամ Հուսեյնի դեմ ութամյա պատերազմում, ո՛չ այս տարվա ամռանը Իսրայելի հետ տեղի ունեցած 12-օրյա պատերազմում, ո՛չ էլ ներկայիս պատերազմում, որն ավելի քան 1 ամիս առաջ է սկսվել և հայտնի է որպես «Ռամադանյան պատերազմ», մենք հարձակվող կողմը չենք եղել։ Ողջ աշխարհն էր ականատես, որ մենք բանակցային սեղանի շուրջ էինք, երբ թշնամիները նենգաբար հարձակվեցին մեր երկրի վրա։ Սակայն այս անգամ անհրաժեշտ կանխատեսումներն արվել էին, և Իրանը լիովին պատրաստ էր պատերազմին։ Ցավոք, այս պատերազմի հենց առաջին օրը թշնամիները նենգաբար սպանեցին երկրի բարձրագույն պաշտոնյային՝ Հեղափոխության առաջնորդ այաթոլլա Խամենեիին և նրա ընտանիքի որոշ անդամների։
Իրենց հաշվարկներում նրանք կարծում էին, որ սպանելով երկրի առաջին դեմքին և որոշ քաղաքական ու ռազմական գործիչների, ինչպես նաև ռմբակոծելով ռազմական օբյեկտները՝ առաջին իսկ օրերին կկարողանան հաղթել այս ժողովրդին և տապալել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը։ Սակայն այսօր Իրանը հզոր կերպով դիմակայում է համաշխարհային միջուկային և ռազմական գերտերությանը։
Ասել, թե պատերազմը ոչ մի ազդեցություն չի ունեցել երկրի տնտեսության և առևտրի վրա, ճիշտ չի լինի: Իրանի ժողովուրդը լավ է սովորել` ինչպես համատեղել բնականոն կյանքն ու պայքարը։ Այսօր ևս Իրանում կյանքը բնականոն հունով է ընթանում. մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով, խանութներում առաջնահերթ ապրանքների պակաս չկա։ Մարդիկ ցերեկն աշխատում են, իսկ ուշ երեկոյան բոլոր քաղաքների գլխավոր հրապարակներում հավաքվում են՝ արտահայտելով իրենց բողոքը թշնամիների դեմ և աշխարհին ցույց տալով իրենց անսասանությունը։
– Ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ հաշվի առնելով Իրանի դեմ պատերազմը և ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ժամանակավոր դադարեցումը։
– Իրանի և Հայաստանի հարաբերությունները դարավոր են և պատմական: Մեր երկու ժողովուրդների երեքհազարամյա ընդհանուր պատմությունը և Հայաստանի անկախության հռչակումից ի վեր 35 տարիները փաստում են, որ այս երկու բարեկամ ու հարևան պետությունները երբևէ որևէ լարվածություն կամ խնդիր չեն ունեցել: Քաղաքական հարաբերությունները գտնվում են փայլուն մակարդակում, իսկ տնտեսական ու առևտրային կապերը հետևողականորեն զարգանում են, թեև դեռևս կա չիրացված մեծ ներուժ: Երկու երկրների պաշտոնյաները ջանքեր են գործադրում առևտրաշրջանառության ծավալը ներկայիս շուրջ 1 միլիարդ դոլարից հասցնել 3 միլիարդի: Այս անցանկալի և պարտադրված պատերազմը նույնիսկ չի կարողացել նվազեցնել մեր հարաբերությունների դինամիկան:
Երկու երկրների միջև 42–կիլոմետրանոց սահմանը Իրանի և իր հարևանների միջև ամենաակտիվ և բարգավաճ սահմաններից մեկն է. այստեղով օրական միջինը 200-300 բեռնատար է անցնում, իսկ երբեմն այդ թիվը հասնում է 500-ի: Մեղրիի սահմանը Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից եղել է «կյանքի ճանապարհ» հայ ժողովրդի համար: Այն ժամանակ, երբ Հայաստանի արևմտյան և արևելյան սահմանները փակ էին, իսկ հյուսիսային սահմանը բախվում էր որոշակի դժվարությունների, Իրանի հետ սահմանը միշտ բաց է եղել ազնվազարմ հայ ժողովրդի համար: Իրանի համար ևս այս սահմանը, բացի Հայաստանի հետ կապից, միակ ցամաքային դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), ինչպես նաև կարևորագույն ուղի դեպի ՌԴ և Վրաստանի նավահանգիստներով՝ դեպի Եվրոպա:
Երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը պետք է ստորագրվեր շատ ավելի վաղ: Մենք պետք է հաշվի առնենք նաև, որ այն երկրները, որոնք գտնվում են օվկիանոսներից այն կողմ և տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության ու բարօրության կեղծ պատրվակով գալիս են Կովկաս, հետապնդում են բացառապես սեփական շահերը. նրանց բնավ չի հուզում Մերձավոր Արևելքի կամ Կովկասի ճակատագիրը: Այս տարածաշրջանի անվտանգությունը կարող են և պետք է ապահովեն միայն Կովկասի երկրներն ու նրանց հարևանները:
– Կարո՞ղ է «Թրամփի երթուղու» իրականացումը բացասաբար ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։ Եվ ի՞նչ պետք է անեն կողմերը, որպեսզի պահպանեն հարաբերությունների նախատեսվող ռազմավարական բնույթը։
– «Զանգեզուրի միջանցքը» կամ դրա նոր անվանումը՝ «Թրամփի ուղին» (ինչպես էլ որ այն կոչեն), կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում։ Այն ոչ միայն չի սպասարկում Հայաստանի շահերը, այլև կարող է ստվեր գցել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա։ Թեև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հավաստիացրել են, որ այս երթուղու հարցում հաշվի են առել և հաշվի կառնեն Իրանի բոլոր մտահոգություններն ու նկատառումները, սակայն, անկեղծ ասած, Իրանն ունի ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի, ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից սահմանված անարդար պատժամիջոցների, նրանց ուխտադրժության, խաբեության և նենգության 47 տարվա դառը փորձ։
Մենք քաջ գիտակցում ենք, որ օվկիանոսից այն կողմ երբեք չեն մտահոգվել Մերձավոր Արևելքի, Կովկասի կամ Արևմտյան Ասիայի ժողովուրդների ճակատագրով։ Չպետք է մոռանալ, որ մեր նահատակ առաջնորդ այաթոլլա Խամենեին չափազանց զգայուն էր Հայաստանի հետ հարաբերությունների հարցում։ Նա ՀՀ վարչապետի և տարածաշրջանի այլ առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս շեշտել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այնպիսի քաղաքականություն կամ ծրագրեր, որոնք կհանգեցնեն Իրանի և Հայաստանի միջև պատմական սահմանի փակմանը, քանի որ այդ սահմանը հազարամյակների պատմություն ունեցող հաղորդակցության ուղի է»։
– Ինչպե՞ս է Մերձավոր Արևելքի իրավիճակի սրացումն ընդհանուր առմամբ ազդել Երևան–Թեհրան համագործակցության վրա քաղաքական, տնտեսական և լոգիստիկ ոլորտներում։
– Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես և հրապարակայնորեն հայտարարել էր, որ եթե Իրանի դեմ կրկին պատերազմ սանձազերծվի, այն կվերածվի տարածաշրջանային պատերազմի։ Իրանը զգուշացրել է իր բոլոր հարևաններին՝ զերծ մնալ սեփական հողն ու օդային տարածքը Իրանի ժողովրդի թշնամիներին տրամադրելուց և գիտակցել, որ եթե նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կամ ԱՄՆ-ի հետ կապված որևէ ենթակառուցվածք օգտագործվի Իրանի դեմ, Թեհրանը վճռականորեն այդ բազաներն ու կառույցները չի դիտարկի որպես տվյալ հարևան երկրի տարածք և կթիրախավորի դրանք որպես հակառակորդի օբյեկտներ։ Վերջին մեկ ամուսում մենք դա գործնականում ապացուցել ենք։
Իրանը պատասխանատու չէ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման համար։ Համաձայն միջազգային կոնվենցիաների և ՄԱԿ-ի կանոնադրության՝ Իրանն իրականացնում է իր օրինական պաշտպանությունը օտարերկրյա հարձակումներից։ Բոլորը դա քաջ գիտակցում են, թեև միջազգային կառույցները լռություն են պահպանում, իսկ շատ երկրներ, վախենալով ԱՄՆ-ի զայրույթից, խուսափում են հստակ դիրքորոշում հայտնելուց կամ, ինչպես ասում է իրանական հայտնի առածը, «Ո՛չ խորովածը վառվի, ո՛չ շամփուրը» (այսինքն՝ չափազանց զգուշավոր ու երկդիմի դիրք են բռնում)։ Սակայն ամեն ինչ ակնհայտ է։
Զգուշավոր գործելու և ձևականությունների ժամանակն անցել է․ այս վճռորոշ պահին պետությունները կա՛մ Իրանի ժողովրդի կողքին են, կա՛մ ոչ։
Տարածաշրջանային անկայունության պայմաններում տրանսպորտային միջանցքները ցույց տվեցին իրենց խոցելիությունը։ Եթե հակամարտությունը ձգձգվի, ինչպե՞ս է Իրանը նախատեսում լուծել այս հարցը, որպեսզի չկորցնի իր դիրքն ու կայունությունը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Իրանը ենթարկվում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական, տնտեսական ու քաղաքական հարձակումներին։ Մենք ունենք համաշխարհային իմպերիալիզմի դեմ 47 տարվա անդադար և անխոնջ պայքարի փորձ։
Մենք սովորեցինք ինքնուրույն լինել և հասանք աննախադեպ հաջողությունների բժշկության, միջուկային էներգիայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հրթիռաշինության, արդյունաբերության և տիեզերագնացության ոլորտներում։ Այսօր մենք այլևս Իրանի թշնամիների կարիքը չունենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կանգնած է հաստատակամ և գլուխը բարձր կհաղթահարի այս ճգնաժամային փուլն ու պատմական բարդ շրջադարձը։
Իրանահայերը՝ որպես իրանցի ժողովրդի անբաժանելի մաս, ինչպես միշտ, անսասան կանգնած են հայրենի հողի և պատվի պաշտպանության դիրքերում՝ իրենց զավակներին զոհաբերելով հանուն հեղափոխության և Իրանի։
Այս պարտադրված պատերազմի ընթացքում ևս մենք ականատես եղանք Թեհրանում և Սպահանում հայերի տների ավերմանը, եկեղեցիների ու հայկական պատմական հուշարձանների լուրջ վնասմանը և հերոս հայորդիների նահատակությանը։ Սա ընդգծում է տեղի ունեցող գործընթացների մասշտաբն ու բարդությունը:
Լրահոս
0