Ասում են` իմ գործը չէ, ու լռում. իրավապաշտպանը` թղթի վրա մնացած քաղաքականության մասին
© Sputnik
Բաժանորդագրվել
Ի՞նչ պետք է անի պետությունը երեխաներին պաշտպանելու համար, անգամ եթե պետք է պաշտպանել սեփական ծնողներից, ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի ՔԿՀ-ներում վերջին տարիների մահերի ամենաբարձր թիվը գրանցվեց։ Այս և այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։
Տարիներ առաջ Պեմզաշենում տեղին ունեցած դաժան սպանությունից հետո հարևաններից մի քանիսն ասել էին, թե լսել են կնոջ ճչոցները, կարծել՝ երեխաների վրա է բղավում, նորմալ էին համարել, չէին միջամտել, չէին ահազանգել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան, «Արդարության նոր ուղի» ՀԿ–ի համահիմնադիր Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ մեր երկրում բամբասանքի ծաղկուն մշակույթի կողքին, երբ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, շարունակում է ակտուալ լինել «մեր գործը չէ, իր ընտանիքն է, իր երեխաներն են, ոնց կուզի, կդաստիարակի» մոտեցումը։ Ուստի նույնիսկ այն դեպքերում, երբ ծանոթ, բարեկամ, հարևան գիտի կամ անգամ կասկածում է ընտանեկան բռնության մասին, չի շտապում արագ արձագանքել կամ փորձել կանխել, որովհետև իր գործը չէ։
Այս տրամաբանության մեջ միգուցե հնարավոր կլիներ նաև կանխել վերջերս Արաբկիրում տեղի ունեցած դաժան սպանությանը, երբ 1 տարեկան փոքրիկը մահացավ խորթ մոր կողմից դաժան ծեծի հետևանքով։ Հովհաննիսյանը նշում է՝ երեխաների հանդեպ բռնությունը մեծ խնդիր է, հատկապես երբ դա արվում է ընտանիքի անդամների կողմից, հաճախ այն մնում է անվերահսկելի, որոշ դեպքերում պետությունն այդ մասին իմանում է, երբ լինում են արդեն մարմնական ծանր վնասվածքներ։
Ի դեպ, Sputnik Արմենիային Միասնական սոցիալական ծառայությունից հայտնել էին, որ դժվար իրավիճակում հայտնված կամ ռիսկային անձանց և ընտանիքների վերաբերյալ տեղեկատվական բազան ձևավորվում է պետական գերատեսչություններից, հասարակական կառույցներից կամ ֆիզիկական անձանցից ստացված դիմումների ու ահազանգերի հիման վրա։ Այդ տեղեկությունների հիման վրա սոցիալական աշխատողներն իրականացնում են ընտանիքների սոցիալական գնահատում և միջամտություն։ Կոնկրետ այդ ընտանիքը հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, իսկ նախքան դեպքը տեղի ունենալը ընտանիքի վերաբերյալ որևէ ահազանգ, տեղեկություն չի ստացվել որևէ գերատեսչությունից կամ անձանցից, հետևաբար ընտանիքը չի գտնվել Միասնական սոցիալական ծառայության տեսադաշտում։
Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ պետության գործառույթն այս ասպարեզում բավականին լայն է, սակայն այն ամբողջովին չի իրացվում։ Անցյալ տարի օրենսդրական դաշտը բարեփոխվել է, սակայն դեռևս չի ստացել այն մարմնավորումը, որը կարող է կանխել նման դեպքերը։
«Խոսքն առաջին հերթին հոգաբարձության, խնամակալության մարմինների մասին է, որոնք գործում են համայնքներում, որոշում են կայացնում երեխայի՝ ընտանիքում մնալու վերաբերյալ և ունեն նաև երեխաներին այդ ընտանիքից հանելու և պետության հոգածության ներքո տեղափոխելու բարձր լիազորություն։ Սոցիալական աշխատողի ինստիտուտը դեռևս փոքր է և թույլ, սակայն համայնքներին կից գործող խնամակալության մարմինները, որպես կանոն, գիտեն, թե ընտանիքում ինչ է կատարվում։ Երեխան հենց ծնվում է, գտնվում է պետության հովանավորության ներքո։ Եթե ընտանիքում հնարավոր չէ երեխայի խնամքը պատշաճ իրականացնել, ապա պետությունը դա պետք է վերցնի իր վրա, տեղափոխվի, օրինակ, խնամակալ ընտանիք, որտեղ ընտանեկան ջերմություն կստանա»,- նշում է Հովհաննիսյանը։
Նա հուսով է, որ համակարգը շուտով կսկսի իսկապես գործել, թղթի վրա գրվածից բացի գործողություն կտեսնենք, իսկ դրա համար նաև կարևոր է համապատասխան վերապատրաստված մասնագետներ ունենալ տարբեր օղակներում, այդ թվում՝ դպրոցներում։
Հովհաննիսյանը կարծում է՝ վերջին տարիներին անչափահասների մասնակցությամբ աճող հանցագործությունների դեպքերի կանխման համար ևս կարևոր է դպրոցներում, օրինակ, հոգեբանի ինստիտուտի զարգացումը և գաղտնիության պահպանումը, որպեսզի երեխան վստահ լինի՝ իր հայտնածը զրույցների, բամբասանքների թեմա չի դառնալու ուսուցչանոցներում։ Նրա տեղեկություններով՝ տարեկան 5-7 անչափահաս է քրեական պատասխանատվության ենթարկվում թմրաշրջանառության համար, կա նաև անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման աճ, ու խոսքը դեռ միայն բացահայտված դեպքերի մասին է։ Մեկ այլ լուրջ խնդիր է նաև դպրոցում բուլինգը․ հիշեցնում է՝ վերջերս մեկ այլ ցավալի իրողության բախվեցինք, երբ տևական ժամանակ բուլինգի ենթարկված երեխան ինքն էր բռնարար դարձել իրեն բուլինգի ենթարկողի նկատմամբ։
Պետք է նաև դպրոց-ընտանիք շղթան ամուր լինի, հնարավոր է՝ դպրոցում ագրեսիվ վարք դրսևորող երեխան ընտանիքից է այդ վարքը բերում, որտեղ կա՛մ ինքն է բռնության ենթարկվում, կա՛մ բռնության ականատես է դառնում։
Ընտանիքում, դպրոցում չկանխված դեպքերն ի վերջո ավելի մեծ ծավալ են ստանում, ու հետևանքը քրեակատարողական հիմնարկն է դառնում։
Այս ոլորտում էլ իրավապաշտպանը լրջագույն խնդիրներ է մատնանշում։ Երկար ժամանակ է` Զարուհի Հովհաննիսյանը ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ է։ Արձանագրված խնդիրները ոչ միայն տեղային են, այլև համակարգային, որոնցից շատերն այդպես էլ լուծում չեն ստանում։
Շեշտում է՝ անցած տարի ՔԿՀ-ներում մահերի և ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել 2015-2016թթ․-ից հետո։
«Այստեղ խնդիրը պետք է բաժանել երկու մասի՝ պատշաճ բուժօգնություն և պատշաճ վերահսկողություն` ինչպես է ստացվում, որ մարդիկ իրենց խցերում ինքնասպան են լինում, ինքնավնասումներ են անում։ Անցած տարի ունեցել ենք 8 ինքնասպանություն, որը վերին 10 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Պետք է հասկանանք՝ ինչու են մարդիկ գնում այդ ծայրահեղ քայլին։ Մարդը նման բանի է դիմում, երբ վիճակը շատ վատ է, երբ իրեն շատ վատ է զգում, երբ ելքեր չի գտնում՝ սկսած պահման պայմաններից»,- նշում է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դիտարկմանը, թե ինքնավնասումների, ինքնասպանությունների մեծ մասը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ են անում, Հովհաննիսյանը կոչ է անում զերծ մնալ մարդկանց թիրախավորումից, երբ մարդու հոգեկան առողջության վիճակի վերաբերյալ պատշաճ գնահատում չի արվել։ Միաժամանակ շեշտում է, շատերի հոգեկան առողջության վիճակն է վատանում բանտերում, մարդիկ պահվում են ոչ պատշաճ պայմաններում, բավարար զբաղվածության չունեն, մինչդեռ ձանձրույթն ու որևէ բան չանելը վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ, առավել ևս երբ մարդը փակ պայմաններում է։ Նման պայմաններում ճնշվածությունը, որոշակի վախերը կարող են սրվել, բայց դա չի նշանակում այդ մարդկանց վերագրել հոգեկան առողջության խնդիր։
Լուրջ խնդիր է շարունակում մնալ ՔԿՀ-ներում բուժսպասարկումը, դեղորայքի հասանելիությունը։
«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում դեղորայքի հասանելիության վերաբերյալ, անցյալ տարի մի կին բարձրաձայնեց, որ չարորակ գոյացություն ունի, ունի դեղորայքի կարիք, որը բավականին ուշացումով տրամադրվեց նրան։ Հաճախ ստանում ենք ահազանգեր, որ այն դեղորայքը, որ իրենք ստանում էին ազատության մեջ, ասում են՝ չկա, առաջարկում են փոխարինող դեղորայք, որն անձը հրաժարվում է ընդունել»,- ասում է Հովհաննիսյանը։
Այս և այլ խնդիրներն են նաև հաճախակի հացադուլների պատճառ դառնում, որովհետև մարդիկ չգիտեն` ինչպես պայքարեն, ու նրանք այդ ծայրահեղ քայլով են փորձում դա անել՝ հաճախ ավելի վատթարացնելով առողջական վիճակը։
Խնդիրների մի առանձին խումբ էլ օտարերկրյա քաղաքացիներին է առնչվում․ առաջին խնդիրը լեզվական խոչընդոտն է, որն այսօր օգնում են հաղթահարել ժամանակակից թվային գործիքները, թարգմանական տարբեր ծրագրերը։
«Այնուամենայնիվ, մարդիկ, որոնք իրենց ընտանիքներից հեռու են, ամբողջովին մնացել են մեր պետության հույսին, հասարակություն իրենց թիկունքում չկա, կրկնակի խոցելի են։ Ունեցել ենք տրանսգենդեր անձ, օրենքով նա պետք է պահվեր օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված շենքում, որտեղ հիմնականում մահմեդական երկրներից էին, որոնց համար անընդունելի է նման անձի գոյությունը, ուստի տրանսգենդեր անձը պահվում էր երկարատև իզոլացված պայմաններում։ Տարբեր բախումներ էին լինում, երբ տեսակցության էր գալիս զուգընկերը, ընտանիքներն էին վրդովվում, այդ խոցելի վայրերում մարդիկ կարող են կրկնակի, եռակի խոցելի լինել»,- ասում է իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ առհասարակ քրեական ենթամշակույթում նույնասեռական անձինք ամենացածր դիրքն են զբաղեցնում, ՔԿՀ-ներում էլ ամենանվաստացուցիչ աշխատանքն են կատարում, հաճախ՝ չվճարվող, անգամ նրանց սնունդն է առանձնացված, նրանք պահվում են ամենավատ պայմաններով խցերում։ Իրավապաշտպանը նշում է՝ որքան էլ պետությունը փորձում է պայքարել քրեական ենթամշակույթի և նման երևույթների դեմ, բայց արդյունավետությունը դեռ բարձր չէ։ ՔԿՀ-ներն իրենց կանոններն ունեն, ու քաղաքացին կարող է չլինել նույնասեռական, սակայն նույնացվել նրա հետ, եթե, օրինակ, հրաժարվի որոշակի ծառայություններ մատուցել քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներին, օրինակ` թմրանյութեր փոխանցել և այլն։
«Մենք այս մասին բանավոր մակարդակում գիտենք, բայց, իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը տեսել է, որովհետև հետո ընկնելու է ավելի ծանր իրավիճակի մեջ»,- ասում է իրավապաշտպանը։
Հովհաննիսյանը ևս մի հանգամանք է հիշեցնում՝ կառավարությունը 2018-ից հետո հայտարարել է, թե պատժողական քաղաքականությունից գնում ենք դեպի վերականգնողական քաղաքականություն, այսինքն` անձի հետ ՔԿՀ մուտքից հետո սկսվում են աշխատանքներ կատարվել, որ նա վերականգնվի, վերասոցիալականացվի, հետագայում կարողանա վերադառնալ հասարակություն, սակայն սա դեռ միայն հայտարարված քաղաքականություն է, որը հիմնականում թղթի վրա էլ մնացել է։