Իրանում զոհված հայը ՀՀ քաղաքացիություն չի ունեցել. ԱԳՆ

© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ Հովհաննես Սիմոնյանը եղել է իր աշխատասենյակում։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իրանում զոհված հայը` Նոր Ջուղայի բնակիչ Հովհաննես Սիմոնյանը, ՀՀ քաղաքացիություն չի ունեցել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ արտգործնախարարությունից։
Իրանում գործող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը երեկ հայտնել էր, որ մարտի 26-ին Իրանում առաջին հայն է զոհվել ամերիկա–իսրայելական հարվածներից. Սպահան քաղաքի ծանր ռմբակոծության ժամանակ Հովհաննես Սիմոնյանը եղել է իր աշխատասենյակում։
«Տեղյակ ենք միջադեպից: Տվյալ անձի պարագայում ճշտել ենք նաև քաղաքացիությունը. ՀՀ քաղաքացիություն չի ունեցել: Իհարկե, ցավակցություն ենք հայտնում բոլոր քաղաքացիական զոհերի կապակցությամբ»,– նշեցին ԱԳՆ–ից:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: