Ի՞նչ փոխվեց․ Վահան սրբազանը հիմա էլ ճգնաժամ է տեսնում եկեղեցու կառավարման ներսում

© Photo : Social media of Vahan Hovhannesyan
Բաժանորդագրվել
Բարձրաստիճան հոգևորականի խոսքով՝ մեր ժողովուրդն արժանի է եկեղեցու, որն առաջնորդվում է նախնիների սրբազան ավանդույթներով, այլ ոչ քաղաքականացված հոգևորականության աշխարհիկ նկրտումներով:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մայր աթոռի եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ճգնաժամ է տեսնում եկեղեցու կառավարման ներսում։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ կառավարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջև հակասությունը գնալով խորանում է, ինչը հարվածել է նաև իր հոգևոր կոչմանը:
«Մեր ժողովրդից շատերն այժմ զգում են, որ Մայր աթոռի առաջնորդությունը հեռվացել է հավատացյալներից, փոխարենը քայլում է հարուստ և ազդեցիկ շրջանակների հետ: Չափազանց շատ որոշումներ են կայացվում փակ դռների հետևում, որոշ հոգևորականներ ընկղմվում են ժամանակավոր քաղաքականության մեջ, քան աղոթքի և Սուրբ գրքի ուսումնասիրության մեջ: Ավելին, կա աճող կոնսենսուս, որ եկեղեցական իշխանությունը ներքաշվել է քաղաքական պայքարի մեջ, որը վնասում է ինչպես եկեղեցու հավատացյալներին, այնպես էլ մեր ազգի խաղաղությանը»,- գրել է սրբազանը։
Վահան եպիսկոպոսը միաժամանակ կարևորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ղեկավարման տարիները՝ ընդգծելով, որ այս տարիներին Սուրբ Էջմիածինը վերականգնվեց և ամրացավ, մեր հոգևոր կենտրոնի արժանապատվությունը տեսանելիորեն բարձրացավ, և այս ծառայությունն արժանի է անկեղծ երախտագիտության: Զուգահեռաբար հոգևորականը ՀՀ կառավարության դերն է ընդգծել, որը, ըստ նրա, կրում է խաղաղության, հասարակական կարգի և մեր հայրենիքի անվտանգության ծանրակշիռ մանդատ, որը հարգել է պետք։ Ինչ վերաբերում է եկեղեցու նորոգությանը, ապա ըստ Վահան սրբազանի՝ այն պետք է լինի սեփական օրինական և կանոնական կյանքի ներսից:
«Պետությունը լավագույնս ծառայում է եկեղեցուն՝ հարգելով նրա դարավոր ավանդույթներն ու կանոնները, եկեղեցին լավագույնս ծառայում է պետությանը` հաստատուն մնալով իր հոգևոր առաքելության մեջ, հրաժարվելով ընկղմվել ժամանակավոր խռովության մեջ: Այս պատճառով այս ճգնաժամի հանգուցալուծումը չի կարելի փնտրել Հայաստանի ընտրված կառավարության անկման մեջ»,- գրել է հոգևորականը։
Նա կարևոր է համարել Ազգային եկեղեցական ժողովի ժամանակին գումարումը՝ հավատացյալների կողմից անվերապահ վստահելի ձևով։ Սրբազանը շեշտել է, որ հայ ժողովուրդն արժանի է մի եկեղեցու, որն առաջնորդվում է Ավետարանով և մեր նախնիների սրբազան ավանդույթներով, այլ ոչ թե քաղաքական հռետորաբանությամբ կամ քաղաքականացված հոգևորականության աշխարհիկ նկրտումներով:
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Մինչ այդ դատարանը երկրից բացակայելու արգելքը որպես խափանման միջոց էր ընտրել Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ու Սյունիքի թեմի առաջնորդ Մակար սրբազանի և Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղար տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ։
Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ բացակայելու արգելքը ավելի ուշ վերացվել էր փաստաբանի միջնորդությամբ, քանի որ նա ԱՄՆ մեկնելու համար բժշկի կողմից ցուցում և հատուկ հրավեր ուներ։