Զոհերի թիվն աճում է. Իրանի նախագահը դպրոցին հասցված հարվածը անմարդկային է անվանել
19:51 28.02.2026 (Թարմացված է: 19:55 28.02.2026)

© Sputnik
Բաժանորդագրվել
Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել իսրայելական հարվածների զոհ դարձած երեխաների ընտանիքներին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը անմարդկային է անվանել Մինաբում աղջիկների դպրոցին հասցված հարվածը և համապատասխան կառույցներին հորդորել է բոլոր ուժերը կենտրոնացնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի հարձակման հետևանքով Իրանի Հորմոզգան նահանգում ավերվել է «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը, 51 զոհ կա, 60 վիրավոր։ Վերջին տվյալներով` զոհերի թիվը հասել է 85-ի։
«Խստորեն դատապարտելով այս անմարդկային քայլը՝ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Մինաբի ժողովրդին և ամբողջ Իրանի ժողովրդին՝ կիսելով ծանր վիշտը նրանց հետ», - ասված է Փեզեշքիանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը։