Ռուբեն Վարդանյանի դատավճռի հետքերով. ինչու է Բաքուն սլաքները ՌԴ–ի դեմ ուղղում

© Photo
Բաժանորդագրվել
Արա Ղազարյանի խոսքով` Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվի դատավճիռը կարող է բողոքարկվել, բայց որևէ ատյան դեմ չի գնա Ալիևին։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Բաքվի դատարանի կայացրած դատավճիռը ոչ թե իրավական, այլ հերթական քաղաքական գործընթացի հետևանք է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Նրա խոսքով`պատժաչափն էլ կանխատեսելի էր՝ հաշվի առնելով առաջադրված մեղադրանքների ծանրությունը։
Այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
«Այնպիսի մեղադրանքներ էին, որ պարզ էր` նման պատժաչափ պետք է լինի։ Այլ հարց է, որ իրական իրավական հիմքերը բացակայում են։ Ինչպես Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների, այդպես էլ Վարդանյանի դեպքում, սա քաղաքական հետապնդման հետևանք է, որի նպատակն է ոչ միայն դատապարտել կոնկրետ անձանց, այլև իրավաբանորեն հերքել Արցախի անկախությունը որպես պատմական ու իրավական իրողություն»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ դատավարության հիմնական նպատակն էր ցույց տալ, թե 30 տարի գոյություն ունեցած Արցախի անկախությունն իբր չի ունեցել իրավական հիմք, և դրա փոխարեն ձևակերպել այնպիսի նարատիվ, ըստ որի` Հայաստանը հարձակողական պատերազմ է վարել «Ադրբեջանի տարածքի» մի հատվածը նվաճելու նպատակով՝ օգտագործելով «անօրինական զինված խմբավորումներ»։ Ինչ վերաբերում է Վարդանյանի ընտանիքի հայտարարությանը, որ շարունակելու են պայքարը, Ղազարյանը նշեց, թե իրավական առաջին քայլը պետք է լինի դատական ակտի բողոքարկումը։
«Առաջին հերթին ամենամատչելի տարբերակը դատական ակտի բողոքարկումն է, որի հնարավորությունը պետք է անպայման տա Ադրբեջանը, ես վստահ եմ, որ բողոքարկում կլինի։ Բայց մենք գործ ունենք ավտորիտար պետության հետ, և վերաքննիչ ատյանն էլ հավանաբար կլինի կառավարվող դատավարություն։ Այն, ինչ ասաց Իլհամ Ալիևը, դա անմեղության կանխավարկածի խախտում էր բոլոր 15 դատապարտյալների նկատմամբ, այսինքն` դատավճիռ չի եղել, բայց մարդկանց անվանում են ֆաշիստ։ Որևէ դատավոր չի համարձակվի կայացնել ավելի մեղմ որոշում, քան այն, ինչ արդեն հրապարակային ձևով ակնարկել է երկրի նախագահը»,– նշեց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկում, բայց դատարանը սահմանեց 20 տարվա պատիժ, Ղազարյանի խոսքով, դա ընդամենը արդարության իմիտացիա է։
«Այնտեղ, որտեղ դատաքննության ընթացքում մեղադրյալի իրավունքները չեն ապահովվել, արդեն էական չէ` 20 տարի կլինի, թե ցմահ ազատազրկում։ Գործընթացը կառավարվում է ոչ թե օրենքի գերակայությամբ, այլ գործադիր իշխանությամբ, և երկրի նախագահն արդեն իսկ ցուցում էր տվել թե՛ պատժի տեսակին, թե՛ չափին, թե՛ բովանդակությանը»,– հավելեց Ղազարյանը։
Նա անդրադարձավ նաև դատավճռից անմիջապես հետո ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Էպշտեյնի գործի նմանությամբ «Վարդանյանի ֆայլեր» են բացահայտվել, որոնք կարող են առնչվել ռուսական քաղաքական և ֆինանսական վերնախավին։ Ղազարյանի կարծիքով՝ եթե նման փաստաթղթերը որևէ կապ ունեն մեղադրանքի հետ, ապա դրանք պետք է ուսումնասիրված և հրապարակված լինեին դատավարության ընթացքում։
«Ադրբեջանի ասելով՝ հրապարակային դատավարություն է տեղի ունեցել, բայց որևէ նման փաստաթղթեր չեն հրապարակվել։ Եթե նման նյութերը չեն ներառվել դատական ակտում և չեն դարձել հետազոտման առարկա, ապա դրանք չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն։ Ուրեմն այն ամենը, ինչ ասում են, իրավաբանորեն կոչվում է ասեկոսե, այսինքն՝ ապացուցողական նշանակություն չունեցող հայտարարություններ»,– ընդգծեց Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ նման նարատիվների սլաքներն ավելի շատ ուղղված են Ռուսաստանի դեմ՝ հաշվի առնելով, որ Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի է եղել և իր կարիերան կառուցել է այնտեղ, սակայն իրավական դատավարության շրջանակներից դուրս են և չեն կարող ազդել արդեն կայացված դատավճռի վրա։
«Իրավաբանորեն գործի վրա կարող է ազդել, եթե, օրինակ, վերաքննիչ դատարանը բեկանի գործն ու ուղարկի առաջ ատյան և հրահանգի այդ փաստերը քննել։ Բայց քանի որ դատավարությունը հրապարակային չի եղել, այսինքն՝ հանրային վերահսկողություն չի աշխատել, մենք իրականում չգիտենք` նման փաստեր կան, թե ոչ, կամ եթե կային էլ, դա ի՞նչ կապ ունի մեղադրանքի հետ։ Ուստի, իմ կարծիքով, դա ուղղակի լրագրողական կամ էլ կենտրոնից կառավարվող ինչ–որ նարատիվներ են, որոնք իրենք զարգացնում են»,– ընդգծեց Ղազարյանը։
Նա վստահ է, որ Ադրբեջանը չի նախաձեռնի միջազգային դատական գործընթացներ նույն մեղադրանքների հիմքով։ Ղազարյանի համոզմամբ՝ պատճառը պարզ է` միջազգային դատարաններում հնարավոր չէ վերահսկել գործընթացը այնպես, ինչպես երկրի ներսում։
«Միջազգային տրիբունալներում քաղաքական ազդեցությունը սահմանափակ է, և կողմերը հավասար պայմաններում են` անկախ այն հանգամանքից՝ ով է հաղթել ռազմի դաշտում, միջազգային դատարաններում չի գործում խավիարային քաղաքականությունը։ Պատերազմում պարտվածն ու հաղթողը դատական գործընթացում հավասար պայմաններում են գտնվում, իսկ քաղաքական բանակցություններում՝ ոչ»,– եզրափակեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։