Տեղական ֆոնդային շուկան ՏՏ ընկերությունների համար ամերիկյանից վատ չէ. փորձագետի դիտարկումը

«Sirius Capital» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Հայաստանում պետությունը սուբսիդավորում է ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկումները։ Դրա շնորհիվ ընկերությունները կարող են դրամային միջոցներ ներգրավել ամերիկյանից քիչ տարբերվող տոկոսադրույքով։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Հայաստանյան ՏՏ ընկերությունները սկսել են հետաքրքրվել տեղական ֆոնդային շուկայում պարտատոմսեր թողարկելու հնարավորություններով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Sirius Capital» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արարատ Մկրտչյանը։
Լրացուցիչ միջոցներն անհրաժեշտ են շրջանառու կապիտալի համալրման նպատակով, օրինակ, ՏՏ ընկերությունների համար, որոնք կատարում են երրորդ կողմի պատվերներ։ Լրացուցիչ միջոցները թույլ կտան նրանց նախագծի իրականացմանը ներգրավել նոր աշխատակիցների և պայքարել ավելի մեծ պատվերների համար։
Եթե համեմատենք ամերիկյան պարտատոմսերի շուկայի հետ, որին հասանելիություն ունեն շատ հայկական ՏՏ ընկերություններ, ապա Հայաստանում դրույքաչափերը կարող են ավելի բարձր լինել (այսինքն՝ ընկերությունները ստիպված են գումար վերցնել ավելի բարձր տոկոսով), բայց այդ տարբերությունը փոքր է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պետությունը սուբսիդավորում է ընկերությունների կողմից ավանդատուներին տրվող արժեկտրոնային վճարումների 3 %-ը։ Արդյունքում, Մկրտչյանի խոսքով, հայաստանյան տոկոսադրույքը դառնում է բավական մրցակցային։
Բացի այդ, հայաստանյան չափանիշներով, ԱՄՆ-ում բարձր է պարտատոմսերի շուկա մուտք գործելու շեմը։ Մասնագետը հավելում է՝ ֆինանսական ընկերությունները շահագրգռված չեն սպասարկել 10-20 մլն դոլարից պակաս թողարկումներ, իսկ Հայաստանում կարելի է թողարկել 2-3 մլն դոլարի պարտատոմսեր և, այդուհանդերձ, գնորդների համար լինել տեսանելի:
«Կարևոր է նշել, որ ազգային արժույթով ֆինանսական գործիքներին աջակցելու համար պետական սուբսիդիան գործում է միայն հայկական դրամով արժեթղթերի վրա», - հիշեցնում է Մկրտչյանը:
Իհարկե, կա նաև ընկերության սեփական կապիտալում ներդրումներ կատարող արտասահմանյան և տեղական վենչուրային հիմնադրամներից գումար ներգրավելու այլընտրանք: Մկրտչյանը նշում է, որ ներկայում Հայաստանի ՏՏ շուկայում միմյանց հետ մրցակցում են ներդրումային պարտատոմսերի թողարկումը կազմակերպող ընկերություններ և վենչուրային հիմնադրամներ։
Ինչ վերաբերում է կրիպտոակտիվների շուկային, ապա, ինչպես նշում է մեր զրուցակիցը, Հայաստանում մինչև վերջերս չեն օրինականացվել ICO-ները (ընկերության բաժնետոմսերի դուրսբերումը սակարան կրիպտոակտիվների կամ տոկենների տեսքով): Կարգավորող նորմերն այս ոլորտում ընդունվել են միայն հունվարին, և դեռևս չկան սեփական տոկեններ թողարկող ընկերություններ: Մկրտչյանի խոսքով` կրիպտոակտիվներ, անգամ սթեբլկոիններով (կրիպտոարժույթ, որը կապված է ամերիկյան դոլարի կամ այլ ոչ կրիպտոարժույթի) ունեցողները հանրապետությունում նույնպես համեմատաբար քիչ են։