Ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ–ն Հայաստանում. մասնագետը վերլուծում է Թրամփի քայլերը

© AP Photo / Julia Demaree Nikhinson
Բաժանորդագրվել
Փորձագետը մեկնաբանել է միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու հայ-ամերիկյան համաձայնության, տարածաշրջանի էներգետիկ համակարգերի միացման, TRIPP նախագծի նպատակներն ու հետևանքները։ Անդրադարձել է նաև Սյունիքում ուրանի հնարավոր արդյունահանման մասին լուրերին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Ցանկությունների մասին հայտարարությունը մի բան է, իրական տեխնիկատնտեսական գործընթացի ապահովումը` մեկ այլ բան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` մեկնաբանելով Երևանում ստորագրված փաստաթուղթը։
Փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարություն ստորագրեցին, որից հետո Վենսը հայտարարեց, թե ԱՄՆ–ն ու Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, և երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա ճանապարհ կհարթի ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ըստ Վենսի` դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով` սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաների մուտք։
ՀՀ էներգետիկ համակարգը փորձադաշտ չէ
Դավթյանի խոսքով` ԱՄՆ–ն մեկ տարի չէ, որ խոսում է Հայաստանում մոդուլային ռեակտորի կառուցման մասին։ Բայց երբ հարցը դիտարկում ենք տեխնիկատնտեսական տրամաբանության մեջ, պարզ է դառնում, որ նույն ԱՄՆ–ում առ այսօր չի գործում փոքր հզորությամբ մոդուլային գեթ 1 ռեակտոր. առաջին մոդուլային ռեակտորը ԱՄՆ–ում շահագործման կհանձնվի միայն 2031 թ․-ին։
Փորձագետը վիճահարույց է համարում ՀՀ–ում փոքր հզորությամբ մոդուլային ռեակտորի օգտին հնչող հայտարարությունները։ Նրա կարծիքով` դա խիստ վտանգավոր է ՀՀ էներգետիկ անվտանգության համար։ Պատճառները մի քանիսն են. դրանք աշխարհում լայնորեն չեն կիրառվում, անհրաժեշտ սերտիֆիկացում չեն անցել, գտնվում են էքսպերիմենտալ փուլում, մինչդեռ ՀՀ էներգետիկ համակարգը, նրա բնորոշմամբ, փորձադաշտ չէ։
Դավթյանի համոզմամբ` ՀՀ–ին անհրաժեշտ է մեծ կամ առնվազն միջին հզորությամբ ավանդական ատոմային կայան` տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր կարգավիճակը պահպանելու համար, հատկապես որ ՀՀ–ից էլեկտրաէներգիա ներկրող հարևան երկու երկրում` Վրաստանում և Իրանում, շարունակաբար աճում է պահանջարկը։
«Մոդուլային ռեակտորի փորձարարական կառուցումը ՀՀ–ում ընդունելի է բացառապես այն պարագայում, եթե դրան զուգահեռ ընթանան ավանդական, մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման աշխատանքները»,– ասաց փորձագետը`արձանագրելով, որ բոլոր այն երկրները, որոնք մոդուլային ռեակտորի կառուցման որոշում են կայացրել նորարարական զարգացումներից հետ չմնալու համար, հիմնականում ունեն նաև ավանդական մեծ հզորությամբ ատոմակայաններ, և մոդուլային ռեակտորները դիտարկում են առավելապես որպես ռեզերվային միջոցներ։
Նա հիշեցրեց, որ ընդամենը օրեր առաջ «Ռոստատոմը» Հայաստանին առաջարկեց միաժամանակ 3 տեսակի նախագիծ՝ և՛ մոդուլային ռեակտոր, և՛ միջին հզորությունների ատոմակայան, և՛ մեծ հզորությունների ավանդական ատոմակայան։ Բայց Հայաստանում, ըստ նրա, ՌԴ–ի հետ փոխգործակցության խորացման քաղաքական կամք ներկա պահին չկա։
Ադրբեջանը ՀՀ–ից էլեկտրաէներգիա չի ներկրի, բայց Հայաստանը կվերածվի ներկրող երկրի
Դավթյանը քաղաքական հռետորաբանություն է որակում տարածաշրջանային էներգետիկ համակարգերի միացման մասին հայտարարությունները` վերլուծելով այդ նախագծի իրական տեխնիկական հնարավորությունները։
«Միացած էլեկտրաէներգետիկ համակարգերը ենթադրում են փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքեր։ Պարզ ասած` Ադրբեջանը պետք է պատրաստ լինի Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել։ Բայց հաշվի առնելով Ադրբեջանի միլիտարիստական կեցվածքը` բացառում եմ, որ Ադրբեջանը կարող է էլեկտրաէներգիա ներկրել ՀՀ–ից»,– նշեց փորձագետը։
Դավթյանն իրատեսական չի համարում նաև թեզը, թե էներգետիկ համակարգերի միացումը 3-րդ շուկաներ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է Հայաստանի համար։ Նրա խոսքով` լոգիստիկ առումով դա նպատակահարմար չէ, քանի որ կարող է բացասաբար ազդել արտահանվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի, հետևաբար` նաև մրցունակության վրա։
Մինչդեռ արտահանման իրական ուղղություններն ու շուկաները, նրա բնորոշմամբ, ՀՀ իշխանությունները հետևողականորեն անտեսում են։ Խոսքը Իրանի և Վրաստանի մասին է։
«Իրանի հետ մենք ունենք իրականացվող 3-րդ օդային գծի կառուցման նախագիծ, որն այդպես էլ ավարտին չենք հասցնում, գուցե այն պատճառով, որ իրանական ուղղությունն այլևս պաշտոնական Երևանի համար աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի առումով առաջնահերթ չէ։ Բայց եթե Հայաստանը գնա այս ուղղությամբ, ապա դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է եռապատկվել՝ հասնելով 1200 ՄգՎտ–ի։ Վրացական ուղղությամբ ևս ունենք բարձրավոլտ գծի կառուցման նախագիծ, որը տեղում դոփում է։ Դրա շինարարությունը 2019-ից պետք է մեկնարկած լիներ։ Բայց կառավարությունը դեռ հերթական տենդերն է փորձում հայտարարել»,– նշեց Դավթյանը։
Նրա համոզմամբ` միայն այս փաստերը բավական են հասկանալու համար, որ Ադրբեջանի էներգետիկ համակարգերին միանալը Հայաստանին արտահանման որևէ լրացուցիչ հնարավորություն չի տալու։ Փոխարենը ստեղծելու է լրացուցիչ ռիսկեր։ Բանն այն է, որ Ադրբեջանը դինամիկ զարգացնում է իր էներգետիկ հնարավորությունները` էներգետիկ ռազմավարության հիմքում նպատակ դնելով դառնալու ոչ միայն գազ և նավթ, այլև էլեկտրաէներգիա արտահանող երկիր։
Հայաստանը, Դավթյանի գնահատմամբ, հակառակը` աստիճանաբար վերացնում է արտահանման հնարավորությունները` հրաժարվելով ատոմային էներգետիկայի մեծ հզորություններից և էներգետիկ զարգացման հիմքում դնելով արևային, վերականգնվող էներգետիկան, որի չափազանց ցածր ՕԳԳ–ն (օգտակար գործողության գործակից) թույլ չի տալիս դիրքավորվել որպես արտահանող երկիր։
Այս ամենին գումարելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ էներգետիկ շուկան, այդ թվում` արտաքին առևտուրն ազատականացված է, Դավթյանը չի բացառում, որ էներգետիկ համակարգերի միացման պարագայում Հայաստանը ինչ-որ պահի կվերածվի Ադրբեջանից էլեկտրաէներգիա ներկրող երկրի` դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։
Ինչու ԵՄ որևէ պաշտոնյա մինչ այժմ չի ողջունել «Թրամփի ուղի» նախագիծը
Ինչ վերաբերում է տարածաշրջանային այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման ծրագրերին, մասնավորապես` TRIPP-ին, Վահե Դավթյանի համոզմամբ, դա կարող է արդյունավետ լինել միայն մի դեպքում` եթե զուգահեռաբար վերագործարկվեն Գյումրի–Կարս և Իջևան–Ղազախ երկաթուղիները։ Հակառակ դեպքում Հայաստանը ոչ թե լոգիստիկ խաչմերուկ կդառնա, այլ միայն Ադրբեջան-Նախիջևան լոգիստիկ կապ ապահովող տարածք։
«Ալիևյան ռեժիմին անհրաժեշտ է ուղիղ և անխափան տրանսպորտային կապ Նախիջևանի հետ` այնտեղ անխափան ռազմականացում իրականացնելու համար»,– ընդգծեց Դավթյանը` հավելելով, որ սա տեղավորվում է նաև Թուրքիայի շահերի մեջ, որը ևս Նախիջևանը դիտարկում է բացառապես իբրև պոտենցիալ ռազմական բազա։
Մյուս կողմից, Դավթյանի խոսքով, ԱՄՆ–ն TRIPP-ի միջոցով դիրքավորվում է Եվրոպա–Կովկաս–Ասիա միջազգային միջանցքում՝ խափանելով կայուն լոգիստիկ կապը Ասիայի և Եվրոպայի միջև։ Իսկ Դոնալդ Թրամփի համար սա ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև տնտեսական լուրջ հնարավորություն է։
«Հաշվի առնելով այն, որ 2027 թ․-ին ամբողջությամբ դադարեցվելու է ՌԴ–ից բնական գազի ներկրումը եվրոպական շուկա, և եվրոպացիներին անհրաժեշտ են նոր աղբյուրներ, ԱՄՆ–ն, որը հռչակել է իր էներգետիկ գերակայության ոսկե դարաշրջանը, փորձելու է ամեն կերպ էներգետիկ և գազային էքսպանսիա իրականացնել Եվրոպայում։ ԱՄՆ–ն արդեն այնտեղ բավականին բարձր գնով վաճառում է իր հեղուկացված գազը, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում եվրոպական էներգետիկ և տնտեսական համակարգի համար։ Սա է պատճառը, որ Եվրոպան փնտրում է գազի ավելի էժան աղբյուր, որը ներկա պահին Կենտրոնական Ասիան է` անդրկասպյան գազամուղի նախագծով։ Եվ երբ Թրամփն ու ԱՄՆ–ն տեղավորվում են այս շատ կարևոր հանգույցում, դրանով փաստացի հնարավորություն են ստանում վերահսկելու Ասիայից Եվրոպա գազատրանսպորտային դիվերսիֆիկացիոն ուղիները»,– պարզաբանեց Դավթյանը
Ըստ նրա` Թրամփի այս ծրագրին աջակցելը հակասում է նույնիսկ ՀՀ–ԵՄ հարաբերություններին, որի մասին պարբերաբար հայտարարում են ՀՀ իշխանությունները։
Նրա խոսքով` պատահական չէ նաև այն, որ ԵՄ որևէ պաշտոնյա կամ անդամ որևէ երկրի ղեկավար առ այսօր չեն ողջունել TRIPP-ը։
Մյուս կողմից TRIPP-ը նպաստելու է նաև Իրանի շուրջ օղակի ձևավորմանը, ինչը, Դավթյանի բնորոշմամբ, ևս հղի է լուրջ և վտանգավոր զարգացումներով։ Ուստի մասնակցելով այդ զարգացումներին` Հայաստանը սեփական սուվերեն տարածքը տրամադրում է հակաիրանական պլացդարմի ձևավորմանը։
TRIPP-ից բացի էլ ի՞նչն է գրավում Թրամփին Սյունիքում
Վահե Դավթյանի կարծիքով` բացի վերոհիշյալ հանգամանքներից, Թրամփին Սյունիքում գրավում են նաև ուրանի պաշարների մասին տեղեկությունները։
«Երկրաբանական հետախուզական աշխատանքները ցույց են տվել, որ Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում` Սյունիքում, առկա են բազմաթիվ օգտակար հանածոներ։ Ընդերքաբանության ոլորտի մասնագետ, ակադեմիկոս Պետրոս Սալոյանի` 2010 թվականին հրապարակված գրքում նշվում է, որ Սյունիքում, Վանաձորի, Դիլիջանի հատվածներում առկա են ուրանի որոշակի պաշարներ։ Եվ ես չեմ բացառում, որ ԱՄՆ–ն ունի նաև այս նպատակադրումը»,– ասաց փորձագետը` հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների էներգետիկ համակարգի շուրջ 23 %-ը ապահովում է միջուկային էներգետիկան, միաժամանակ ԱՄՆ–ը շարունակում է հարստացած ուրան ներկրել, և թիվ 1 մատակարարը ՌԴ–ն է։
ԱՄՆ–ից բացի, Դավթյանի դիտարկմամբ, Սյունիքի ուրանի պաշարներով անթաքույց հետաքրքրված է նաև Ֆրանսիան, հատկապես` աֆրիկյան երկրներում ուրանի հանքերի նկատմամբ իր երբեմնի վերահսկողությունը կորցնելուց հետո։
2000-ականների սկզբին, երբ Սյունիքի մարզի գյուղերից մեկում փորձում էին հորատում անել ուրանի առկայությունը պարզելու համար, տեղի բնակիչները թույլ չտվեցին, նույնիսկ այրեցին հորատող մեքենան։ Տարիների հեռավորությունից Դավթյանը կարծում է, որ դա ոչ թե տեղի բնակիչների ինքնաբուխ ակցիա էր, այլ արևմտյան դրամաշնորհներով սնվող ՀԿ–ների կողմից հրահրված գործողություն, քանի որ երկրաբանական հետախուզական աշխատանքները կատարվում էին ռուսական ընկերության կողմից` հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների տրամաբանության մեջ։
Մինչդեռ ԱՄՆ–ի կողմից Սյունիքում ուրանի արդյունահանմանն ուղղված որևէ գործողություն, Դավթյանի համոզմամբ, այսօր հազիվ թե այդպիսի հակազդեցության արժանանա. նախ` արևմտյան դրամաշնորհների ժամանակն է անցել, երկրորդ` նախկին «բնապահպաններն» արդեն տարբեր պաշտոններ են զբաղեցնում այսօրվա իշխանական համակարգում։