ԱՄՆ-ի կողմից «Մարիներա» լցանավի զավթումը կարող է հանգեցնել ռազմաքաղաքական լարվածության. ՌԴ
17:08 08.01.2026 (Թարմացված է: 14:14 09.01.2026)

© Sputnik / Pavel Ghevodnyan
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն վտանգավոր նախադեպ է ստեղծում, և այլ երկրներ նույնպես կարող են սկսել գործել նմանատիպ մեթոդներով:
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի կողմից ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» նավթային լցանավի ապօրինի զավթումը կարող է ռազմաքաղաքական լարվածության հանգեցնել Եվրոատլանտյան տարածաշրջանում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոսկվան լուրջ մտահոգություն է հայտնում երեկ ամերիկացի զինվորականների ձեռնարկած ուժային գործողության կապակցությամբ։
««Մարիներայի» հետ կապված միջադեպի հետևանքը կարող է լինել միայն Եվրոատլանտիկայում ռազմաքաղաքական լարվածության հետագա աճը, ինչպես նաև խաղաղ նավագնացության դեմ «ուժի կիրառման շեմի» տեսանելի նվազումը։ Ոգեշնչվելով Վաշինգտոնի մատուցած վտանգավոր ու անպատասխանատու օրինակով՝ որոշ այլ երկրներ և կառույցներ նույնպես կարող են իրենց իրավունք վերապահել գործել նման մեթոդներով։ Գիշատիչ մտադրություններ ունեն, նախևառաջ, հնուց ի վեր ծովահենությամբ զբաղվող Մեծ Բրիտանիայի իշխանությունները։ Լոնդոնում արդեն հպատակաբար զեկուցել են Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում ԱՄՆ-ի ուժային գործողությանն իրենց մասնակցության մասին»,-նշել են ԱԳՆ-ում։
ԱՄՆ իշխանությունները բազմիցս, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի միջոցով, հավաստի տեղեկատվություն են ստացել նավի ռուսական պատկանելության և դրա քաղաքացիական խաղաղ կարգավիճակի մասին։ Այդ հարցում նրանք չէին կարող կասկածներ ունենալ, ինչպես չկան և չեն եղել հիմքեր՝ խոսելու լցանավի իբր «առանց դրոշի» կամ «կեղծ դրոշի ներքո» նավարկելու մասին։
Միջազգային ծովային իրավունքը միանշանակ նախատեսում է բաց ծովում լողամիջոցների նկատմամբ դրոշի պետության բացառիկ իրավազորության գործողությունը։ Բաց ծովում նավի կանգնեցնել ու զննել հնարավոր է միայն հիմքերի սպառիչ ցանկի առկայության դեպքում, ինչպիսիք են ծովահենությունը կամ ստրկավաճառությունը, որոնք ակնհայտորեն կիրառելի չեն «Մարիներայի» պարագայում։ ԱԳՆ-ում հիշեցրել են՝ մնացած բոլոր դեպքերում նման գործողությունները թույլատրվում են բացառապես դրոշի պետության՝ տվյալ դեպքում Ռուսաստանի հետ համաձայնեցմամբ։
Մինչդեռ Ռուսաստանը ոչ միայն նման համաձայնություն չի տվել, այլև, ընդհակառակը, պաշտոնական բողոք է հայտնել ամերիկյան իշխանություններին՝ կապված նախորդ մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ առափնյա պահպանության նավի կողմից «Մարիներա» լցանավի հետապնդման հետ։ Անիմաստ են նաև ամերիկացիների հղումներն իրենց ազգային «պատժամիջոցային օրենսդրությանը»։ ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան այլ երկրների միակողմանի սահմանափակող միջոցները ոչ լեգիտիմ բնույթ ունեն և չեն կարող արդարացում ծառայել բաց ծովում իրավազորություն հաստատելու և, առավել ևս, նավեր զավթելու փորձերի համար։
«Ծայրահեղ ցինիկ են դիտվում ԱՄՆ առանձին պաշտոնյաների այն ակնարկները, թե «Մարիներայի» գրավումն իբր Վենեսուելայի բնական հարստությունների նկատմամբ Վաշինգտոնի անսահմանափակ վերահսկողություն հաստատելու ավելի լայն ռազմավարության մաս է կազմում։ Վճռականորեն մերժում ենք նման նեոգաղութատիրական նկրտումները», - հավելել են նախարարությունում։
Միջազգային ծովային նավագնացության ոլորտում ընդունված խաղի կանոնների նկատմամբ ԱՄՆ վարչակազմի արհամարհական վերաբերմունքի հետ մեկտեղ, նշում են ԱԳՆ-ում, ափսոսանք ու տագնապ է առաջացնում Վաշինգտոնի պատրաստակամությունը սուր միջազգային ճգնաժամային իրավիճակներ հրահրելու հարցում, այդ թվում՝ առանց այդ էլ վերջին տարիների տարաձայնություններով ծայրահեղ ծանրաբեռնված ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի զինվորականները մի քանի օր շարունակ հետապնդել են լցանավը Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում։ Հունվարի 7-ին նրանք վայրէջք են կատարել նավի վրա, ինչից հետո անձնակազմի հետ կապն ընդհատվել է։
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, թե լցանավը խախտել է ամերիկյան պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ նավի նկատմամբ կալանքի դատական օրդեր է տրվել, ինչի կապակցությամբ անձնակազմը ենթակա է դատական քննության։
Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարարությունում նշել են, որ բաց ծովում «Մարիներա» լցանավի վրա ամերիկացի զինծառայողների հայտնվելը հակասում է ՄԱԿ-ի 1982 թվականի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի դրույթներին։