Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է
18:04 30.12.2025 (Թարմացված է: 18:31 30.12.2025)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Մովսես Շարբաթյանի նկատմամբ դատավորն այլ խափանման միջոց է կիրառել։
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կարեն Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կողմից»,- գրել է Հովհաննիսյանը։
Փաստաբանը նշել է, որ հունիսի 25-ից ապօրինի կալանավորված Մովսես Շարբաթյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվել է և փոխարինվել տնային կալանքով ու գրավով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։
Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի և ևս 16 անձի անուն։ Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում խուզարկություններ են իրականացվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ 16 անձի ձերբակալության, ապա նաև կալանքի մասին՝ Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդիա Մանթաշյան։