Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Թուրքիայի հետ սահմանին. վարչապետ
19:01 26.12.2025 (Թարմացված է: 12:01 27.12.2025)
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանին խոսքով` 2026 թվականին TRIPP ուղի նախագծի իրագործման նոր փուլ է սկսվելու։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Զարգացումներ սպասվում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին։ Այսօր Պետական եկամուտների կոմիտե կատարած այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում կարևորել է ՊԵԿ–ի աշխատանքը, քանի որ, ըստ Փաշինյանի, գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորումը կազմակերպվեն։ Ըստ վարչապետի` մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար նոր հնարավորություններ են բացվում։

