Նորահայտ եկեղեցի` Կեչառիսի վանական համալիրի տարածքում․ հնագետների բացահայտումը

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Սեպտեմբերից մեկնարկած հնագիտական այս տարվա աշխատանքները շուտով կավարտվեն, նորահայտ եկեղեցին ժամանակավոր ծածկի տակ կառնվի, իսկ աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի։
Ծաղկաձորի հայտնի Կեչառիսի վանական համալիրի տարածքում նորահայտ եկեղեցի է հայտնաբերվել։ Այն, որ տարածքում շատ դարեր առաջ այլ կառույց, առավել ևս սրբատեղի է եղել, որևէ մեկի մտքով չէր էլ անցնում, մինչ այս պահը պատմական տեղեկություններ էլ գտնված չեն։

Կեչառիսի վանական համալիրի տարածքում պեղումներ են
© Sputnik / Aram Nersesyan
Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների մեկենասությամբ սկսված բարեկարգման աշխատանքների ժամանակ դատարկ թվացող խոտածածկ տարածքում բանվորները պատահաբար 2 տապանաքար բացեցին, և դա հնագիտական մի մեծ ու յուրահատուկ բացահայտման սկիզբը դարձավ։ Գործի անցավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը, մեկնարկեցին ստուգողական պեղումներ։ Կաթողիկե եկեղեցու շրջակայքում 100-ից ավելի տապանաքարեր բացվեցին, ապա նաև՝ հիասքանչ, տուֆակերտ եկեղեցին։ Նախնական գնահատմամբ՝ եկեղեցին 6-7-րդ դարերի է. ստացվում է, որ ինչ-որ առումով վանական համալիրը հենց այստեղից է սկիզբ առել։

Հնագիտական արշավախմբի ղեկավար Հարություն Բադալյանը
© Sputnik / Aram Nersesyan
Հնագիտական արշավախմբի ղեկավար Հարություն Բադալյանի խոսքով՝ կառույցը եզակի է․ վաղ միջնադարում քառախորան, կենտրոնագմբեթ հորինվածքով, խաչաձև եկեղեցիներ Հայաստանում մի քանիսն են եղել, սակայն դրանք չափերով փոքր են։
«Սա խիստ տարբերվում է մյուսներից․ չափերով ավելի մեծ է, հարավային և հյուսիսային կողմերում ունի ավանդատներ, ակնհայտորեն եզակի է։ Արդեն բացվել են 160-170 սմ բարձրությամբ պատերը, սալահատակը, ավանդատները, չորս խորանները, ինչպես նաև ավագ խորանը՝ բեմով։ Ունեցել է 3 կողմերից մուտք, որից երկուսը հետագայում փակվել են»,- նշում է Բադալյանը։
Երբ և ինչ պատճառներով է եկեղեցին ավերվել` հնագետները դեռ ենթադրում են։ Կարող է, օրինակ, երկրաշարժի հետևանք լինել կամ էլ ճարտարապետաշինարարական նորմերը կարող են պահպանված չլինել, բայց կարծում են՝ բավականին շուտ է ավերվել։ Բադալյանի խոսքով՝ 12-13-րդ դդ․ եկեղեցու շուրջն ու ներսում կատարվել են որոշակի աշխատանքներ, շինարարական միջամտություններ, այդ թվում՝ տնտեսական կառույցներ են կցվել։ Հիմա տեղում հնագետների հետ աշխատում է վիմագրագետը՝ վերծանելով տապանաքարերի, եկեղեցու քարերի վրա պահպանված արձանագրությունները։
Հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Տիգրան Ալեքսանյանը չի բացառում, որ միջնադարյան գերեզմանոցն ավելի ընդարձակ է եղել և տարածվել է նաև ներկայիս ճանապարհի տակ։ Կեչառիսի համալիրի մաս է կազմում նաև ճանապարհի մյուս կողմում՝ բլրի վրա գտնվող Սուրբ Հարություն եկեղեցին։ Այսինքն՝ այս ամբողջ տարածքն ընդհանուր համալիր է, որն, այսպես ասած, կտրատվել է ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով։

Հնագետ Տիգրան Ալեքսանյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Սա փոխում է մեր պատկերացումները Կեչառիսի վանքային համալիրի մասին։ Ըստ տեղեկությունների՝ վանքը հիմնադրվել է 11-րդ դարում, փաստորեն ավելի վաղ այդ վայրում գոյություն ունեցած սրբավայրի տեղում։ Նորահայտ եկեղեցին ամբողջ համալիրի տարածքում գոնե մինչ օրս փաստագրված ամենահին եկեղեցական կառույցն է»,- նշում է նա։
Նրա խոսքով՝ տարածքից հայտնաբերվել են նաև մեծ թվով խեցեղեն, մետաղի գտածոներ և այլն, որոնք արդեն տեղափոխվել են լաբորատորիա՝ ուսումնասիրելու և վերականգնելու համար։
«Այս ամենն անսպասելի էր, պատմիչների մոտ տեղեկություններ չկան, թեպետ պրպտումները շարունակվում են, նաև արխիվները պետք է ուսումնասիրվեն»,- նշում են հնագետները։
Ասում է՝ տեղացիներն էլ են ապշած․ գրեթե ամեն օր խումբ-խումբ գալիս են, հիանում և զարմանում, թե ինչպես կարող են մի ամբողջ կյանք ապրել մի վայրում ու պատկերացում չունենալ, թե ինչ գաղտնիքներ կան թաքնված սիզամարգերի տակ (մինչ տարածքի մաքրումն այն ամբողջությամբ սիզամարգերով էր ծածկված խմբ․)։
Սեպտեմբերից մեկնարկած հնագիտական աշխատանքները շուտով կավարտվեն, բայց խոսքն, իհարկե, այս տարվա աշխատանքների մասին է։ Նորահայտ եկեղեցին ժամանակավոր ծածկի տակ կառնվի տեղումներից և հնարավոր փլուզումներից պաշտպանելու համար։ Հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն՝ անկասկած նոր ու անակնկալ բացահայտումներով։

1/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի տարածքում պեղումներ են

2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնագետ Տիգրան Ալեքսանյանը

3/6
© Sputnik / Aram Nersesyan
Հայտնաբերված տապանաքարերից

4/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի տարածքում պեղումներ են

5/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի արդյունքները

6/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի արդյունքները
1/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի տարածքում պեղումներ են
2/6
© Sputnik / Aram Nersesyan
Հնագետ Տիգրան Ալեքսանյանը
3/6
© Sputnik / Aram Nersesyan
Հայտնաբերված տապանաքարերից
4/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի տարածքում պեղումներ են
5/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի արդյունքները
6/6
© Sputnik / Aram Nersesyan
Կեչառիսի վանական համալիրի արդյունքները
