Հայաստան ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
18:59 31.08.2025 (Թարմացված է: 19:08 31.08.2025)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հանդիպումը Չինաստանում
© Photo : press office of MFA of RA
Բաժանորդագրվել
Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 31 – Sputnik. Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ կոմյունիկեն ստորագրել են Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հանդիպումը Չինաստանում
© Photo : press office of MFA of RA
Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։
«Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։
Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը Մոհամմադ Իշաք Դարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հանդիպումը Չինաստանում
© Photo : press office of MFA of RA
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։
Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։
Հիշեցնենք`օգոստոսի 29–ին, Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Իսհակ Դարը հեռախոսազրույց էին ունեցել` քննարկելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորությունը:
Նշենք, որ մինչ այս Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չէին։ Պաշտոնական Իսլամաբադն մինչ այս պահը չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և հետևողականորեն աջակցում էր Ադրբեջանին: