Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին
11:25 29.08.2025 (Թարմացված է: 12:08 29.08.2025)
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանի խոսքով` կամավորական շարժման ստեղծումը չի նշանակում, որ կուսակցություն չի հիմնադրվելու։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին։ Նարեկ Կարապետյանը, որը շարժման համակարգողն է, մանրամասնեց, թե ինչու է այն կամավորական։ Նշեց, որ դա հարմար ձևաչափ է, որը թույլ կտա առանց մեր հասարակությանը բաժանելու մեծ ու բարի գործեր անել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 13-ին Սամվել Կարապետյանը մեկուսարանից ասել էր, որ առաջիկայում կներկայացվի «Մեր ձևով» շարժումը։
«Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Շարժումը գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,– ասաց նա։
Նարեկ Կարապետյանը հստակեցրեց, սա չի նշանակում, որ հետագայում կուսակցություն չի հիմնադրվելու։
«Շարժումը մեր աշխատանքի միայն առաջին փուլն է։ ՀՀ-ում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում և դրանց մասնակցելու` օրենքով սահմանված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստվում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերն ու նախագծերը կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Վստահ ենք, որ կկարողանանք դա անել 2026 թվականին կայանալիք ընտրական գործընթացների արդյունքում»,– շեշտեց Կարապետյանը։
«Մեր ձևով» շարժման համակարգողը նկատեց, որ ՀՀ հասարակական և քաղաքական կյանքում հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում։ Նրա խոսքով՝ առկա հասարակական և քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում։
«Որքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի անհաջող ընթացք են ունենում մեր գործերը։ Այստեղ կարևոր դեր ունի իշխանության գործելաոճը. մարդիկ, ցավոք, չտրանսֆորմացվեցին ընդդիմադիր դեղին մամուլի խմբագրից պետական միասնական գործչի, ինչը մեր հասարակությունը կողջուներ։ Ընդդիմության ատելությունն էլ, որն առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սթափ և ոչ էմոցիոնալ»,– շարունակեց նա։
Կարապետյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիներին «հպարտ քաղաքացիներ» էին անվանում, իսկ այսօր նույն քաղաքացիներին ցանկանում են համոզել, որ զիջեն և համակերպվեն։
«Ուզում են համոզել, որ մեր ազգը «ձև» չունի, որ մեր երկրի զարգացումը ոչ թե ճիշտ և հետևողական աշխատանքի մեջ է, այլ հարևաններին հանձնվելու, ազգային խորհրդանիշները կորցնելու և չտարբերվելու»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը
Նրա խոսքով` այս պահին շարժումը կաշխատի հինգ ուղղություններով։
1.
Առաջինը տնտեսականն է, որը կհամակարգի տնտեսագետ Աշոտ Ֆարսյանը։ 2.
Երկրորդ ուղղությունը՝ ժողովրդագրությունն ու երիտասարդ ընտանիքների համար ծրագրերի մշակումը, կգլխավորի միջազգայնագետ Արեգա Հովսեփյանը։ 3.
Երրորդ ուղղությունը՝ արտաքին քաղաքականությունը, կհամակարգի միջազգայնագետ Արթուր Դանիելյանը։ 4.
Չորրորդ ուղղությունը կհամակարգի Գոհար Գումաշյանը. նա կզբաղվի տաղանդավոր երեխաների և երիտասարդների համար կրթական ծրագրերով։ 5.
Հինգերորդ ուղղությունը Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանման խումբն է, որ կհամակարգի Ալեքսան Ալեքսանյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Հուլիսի 4–ին գործարարը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։