Ստացվում է՝ փեյնթբոլ ամեն խաղացողի պետք է ձերբակալել․ Մելիքյանը մանրամասներ է ներկայացնում
12:48 10.07.2025 (Թարմացված է: 14:55 10.07.2025)

© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանները զեկուցագրում կեղծ տեղեկություններ են ներառել՝ այդպիսով հիմքեր նախապատրաստելով ՀՅԴ նկատմամբ ռեպրեսիաների համար։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այն տրամաբանությամբ, ինչով այսօր ձերբակալվել են դաշնակցական երիտասարդները, կարելի է փեյթնբոլ կամ սթրայքբոլ խաղերի բոլոր սիրահարներին ձերբակալել։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մելիքյանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչ անհեթեթ պատմությունից է սկսվել այս ամբողջ գործընթացը, մասնավորապես՝ առավոտից կատարված խուզարկություններն ու ձերբակալությունները։ Նրա պաշտանյալ Անդրանիկը, պարզվում է, խաղի սիրահար է, և դեռ երեքշաբթի գիշերը ոստիկանություն տարվել, որովհետև նրան մոտ հայտնաբերվել էին խաղի բաղկացուցիչ պայթուցիչ և այլն։
«Արդեն մի 20-25 տարի գոյություն ունեցող խաղ է, թիմային խաղ է, երկու թիմերի են բաժանվում, պնևմատիկ հրացաններով տարբեր առաջադրանքներ են կատարում, որոնցում օգտագործվում են նաև պիրոտեխնիկական բնույթի փոքրիկ սարքավորումներ, որոնք խաղալիք պայթուցիկներ են, որոնց միջից դուրս են գալիս ներկեր, ներկվում ես և պարտվում ես։ Էն մեր փոքր ժամանակ խաղացած կռիվ-կռիվն է, ուղղակի հիմա ներկվում են և խաղից դուրս գալիս։ Բավականին տարածված խաղ է, Հայաստանում էլ կան կազմակերպություններ, որոնք այդ խաղերը կազմակերպում են։ Մի տղա կա, որը ՀՅԴ անդամ չէ, սակայն երիտասարդական կազմակերպության անդամ է, խաղի սիրահար է։ Այնպես է ստացվում, որ ոստիկանության ձեռքում է հայտնվում մի տոպրակ, որտեղ այդ տղայի խաղային պարագաներն են՝ սթրայքբոլի խաղային պայթուցիչ և այլն։ Պարզ է, որ մարդիկ ձերբակալում են, տանում են բաժին, փորձում են պարզել՝ ինչ է»,- ասում է Մելիքյանն ու հավելում՝ կոնկրետ այս գործընթացի մեջ ինքը որևէ զարմանալի բան չի տեսել։
Ըստ նրա՝ պարզ է, ոստիկանները պայթուցիկի նմանվող մի բան են տեսել, տարել են բաժին՝ հասկանալու, թե դա ինչ է։ Մելիքյանի խոսքով՝ գիշերը ժամը 2-3-ին սկսել են հարցաքննությունը, որը մոտ 2 ժամ է տևել։ Հանգամանալից ներկայացվել է, որ դրանք խաղի բաղկացուցիչներ են, ինչպես են ձեռքբերվել և այլն։ Կատարվել են քննչական այլ գործողություններ, 72 ժամվա ռեժիմ կիրառելու որոշում է կայացվել։
«Ձերբակալող ոստիկանները զեկուցագրում կեղծ տեղեկություններ էին ներառել, թե «ես այս ամեն ինչը սովորել են ՀՅԴ ռազմաուսումնական եսիմ ինչերի ժամանակ», էդ մարդն ասաց՝ ես նման բան չեմ ասել ցուցմունքի ժամանակ։ Սա նշանակում է, որ արդեն հիմքեր էին ստեղծում կուսակցության նկատմամբ այսպիսի լայնածավալ ռեպրեսիաներ անելու համար»,- շեշտեց Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ իր պաշտպանյալ, սթրայքբոլ սիրող տղային տանելու են կալանքի։ Շեշտում է՝ պարզ է, որ գործ ունեն ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի հետ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։ Այս պահին խոսք է գնում 4–5 ձերբակալվածի մասին, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը (Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին– խմբ․) և ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։