Սամվել Կարապետյանը դատի է տվել ՔՊ–ական պատգամավորներ Արսեն Թորոսյանին և Հայկ Կոնջորյանին
09:24 04.07.2025 (Թարմացված է: 09:31 04.07.2025)

Սամվել Կարապետյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik
Բաժանորդագրվել
Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Կալանքի տակ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, տեղեկանում ենք Datalex–ից։
Սամվել Կարապետյանը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։
Հայցը վերաբերում է մասնավորապես Արսեն Թորոսյանի 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասած հետևյալ մտքին. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակ ա։ Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։
Այս արտահայտությունները գործարարը վիրավորական է համարում, հետևաբար փոխհատուցումից բացի, Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։
Զրպարտության մասով գործարարը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում հնչեցրած տվյալները, թե իբր ФСБ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն-խմբ.) կողմից է Սամվել Կարապետյանին հրահանգվել է news.am-ի հարցազրույցում հնչեցնել հայտնի արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրել, ՀՀ ղեկավարությանը վնասել (թույնել)։
Սամվել Կարապետյանը վիրավորական է համարում ՔՊ–ական Հայկ Կոնջորյանի հետևյալ արտահայտությունները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք», «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք... վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։
Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած հետևյալ մտքերը. «Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։
Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։