Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցել է ՀՀ պետական մարմիններին
22:23 30.06.2025 (Թարմացված է: 22:24 30.06.2025)
© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ծանուցման մեջ բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ–ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին այսօր հատարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խումբը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։
Պաշտոնական այս ծանուցումն ուղարկվել է Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի անդամների կողմից ՀՀ պետական մարմիններին, այն հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995 թ. հունվարի 18–ին ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա։
Նշվում է, որ այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։
«Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ–ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։ Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
Ծանուցման մեջ բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ–ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։
Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թ. հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ ներկայումս Հայաստանն արդեն իսկ բախվում է մի քանի միջազգային արբիտրաժային հայցերի՝ Կիպրոսի, ԱՄՆ-ի, Կանադայի և Լիբանանի ներդրողների կողմից: Այս պահանջները Հայաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա ներդրողներին վտարելու և նրանց օրինական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու անօրինական գործողությունների արդյունք են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26–ին հայտարարեց, որ ԱԺ–ում է արդեն ՀԷՑ–ի պետականացման օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ենթադրում է նաև ընկերության բաժնետոմսերի ազատ վաճառք։ Նույն օրը ԱԺ–ի կայքում հրապարակվեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը ներառված է հուլիսի 1–ի արտահերթ նստաշրջանի օրակարգում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։