Կրեմլում մեկնաբանել են պետական հեղաշրջման փորձի մասին Փաշինյանի հայտարարությունը
14:21 25.06.2025 (Թարմացված է: 14:26 25.06.2025)

© Sputnik / Алексей Майшев
/ Բաժանորդագրվել
Ռուսաստանը շահագրգռված է կայուն և բարեկամ Հայաստանով, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրում պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին հայտարարությունը Երևանի ներքին գործն է: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«...Դա, իհարկե, Հայաստանի ներքին գործն է, մենք, բնականաբար, շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում պահպանվի օրինականությունը, հանգստությունը, որպեսզի Հայաստանը լինի բարեկեցիկ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ»,- հայտարարել է Պեսկովը:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվել նաև ՀՅԴ մի շարք անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի ուշ իրավապահները բերման ենթարկեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին։
Մեկնաբանելով քննչական կոմիտեի հաղորդագրությունները՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինները «խափանել են երկրում իշխանությունը զավթելու «քրեաօլիգարխիակղերական» ծրագիրը։