Հաշվապահը նաև էքսկուրսավար է. Օրբելի եղբայրների տուն-թանգարանում դեմ են գործադրի որոշմանը
© Sputnik / Karine HarutyunyanՊատմության թանգարան

Պատմության թանգարան
© Sputnik / Karine Harutyunyan
Բաժանորդագրվել
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը մինչև 1993-ը եղել է Պատմության թանգարանի մասնաճյուղ, բայց թանգարանի զարգացմամբ պայմանավորված, վերակազմակերպվել է որպես առանձին կազմակերպություն։ 32 տարի անց հակառակ գործընթացն է տեղի ունենում, և դարձյալ նույն հիմնավորմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Օրբելի եղբայրների տուն-թանգարանում դեմ են Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղը դառնալու որոշմանը, Sputnik Արմենիային հայտնեցին թանգարանից` նշելով, որ մինչ կառավարության համապատասխան որոշման ընդունումը այդ մտադրության մասին իրենց ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին բանավոր։ Ի պատասխան թանգարանի ղեկավարությունը ներկայացրել էր իր դիրքորոշումն ու հակափաստարկները, որոնք, սակայն, հաշվի չեն առնվել։
Նշենք` հունիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ` Ծաղկաձորում գործող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը միացվեց Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղ։
«Իհարկե, մենք դեմ ենք եղել որոշմանը, բայց, քանի որ այդ ամենն իրականացվում է մշակույթի կառավարման օպտիմալացման ենթատեքստում, կարծում եմ` դա է հիմնավորումը, որ զարգացումն ավելի լավը կլինի, եթե կառավարվի Պատմության թանգարանից։ Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք` փաստացի ընդունված»,– ասաց մեր զրուցակիցը` չցանկանալով մամուլում բացահայտել իր անձը։
Թանգարանի աշխատակիցը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ Օրբելի եղբայրների տուն–թանգարանը Կոտայքի մարզի ամենալավ աշխատող թանգարաններից է և Ծաղկաձորի այցեքարտերից մեկը։
«Օրբելի եղբայրների թանգարանը տուն–թանգարան է և իր բնույթով գիտական թանգարան` շուրջ 3000 գիտական-մշակութային արժեքներով, ուստի և արժանի է կարգավիճակով առանձին թանգարան լինելու։ Մեր դիրքորոշում է, որ թանգարանը պետք է շարունակեր անկախ կառավարվել` ենթարկվելով ՀՀ ԿԳՄՍՆ–ին։ Մինչդեռ, կառավարության որոշումը, մեր կարծիքով, բացասաբար կազդի թանգարանի առաջընթացի վրա»,– նշեց մեր զրուցակիցը։
Հետաքրքրական մեկ փաստ ևս` կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թանգարանի 8 հաստիքները վերակազմակերպման արդյունքում պահպանվելու են. տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։
Վերջին հանգամանքը հատկապես զարմացրել է թանգարանի ղեկավարությանը։
«Ըստ մեր ունեցած հաստիքացուցակների փոփոխությունների` հաշվապահը պետք է դառնար գանձապահ, քանի որ թանգարանը գանձապահի հաստիք չուներ։ Բայց թե ինչու է դառնում էքսկուրսավար, չեմ կարող ասել։ Մեզ ընդհանրապես այդ փոփոխությունների հետ կապված ոչինչ չեն մանրամասնել։ Գուցե սխալմունք է եղել, կամ գուցե մեր հաստիքացուցակով մեկ էքսկուրսավար է նախատեսված, նախարարությունում որոշել են, որ պետք է երկուսը լինեն»,– ասացին թանգարանից։
Նշենք, որ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը մինչև 1993 թվականը եղել է Պատմության թանգարանի մասնաճյուղ, բայց թանգարանի զարգացման հեռանկարով պայմանավորված, վերակազմակերպվել է որպես առանձին պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 32 տարի անց հակառակ գործընթացն է տեղի ունենում, ու դարձյալ նույն հիմնավորմամբ։
Կառավարության այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Իսկ վերակազմակերպումը հնարավորություն կտա արդիականացնել թանգարանը, նոր ցուցադրություններ կազմակերպել, ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի կառավարության նիստում էլ որոշում էր ընդունվել Հայաստանի պատմության թանգարանին միացնել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը` դարձյալ որպես մասնաճյուղ։