Երեխա է, չի հասկանա, կամ ինչո՞ւ են փոքրերը մարզասրահներում զգեստափոխվում մեծերի հետ
13:59 08.06.2025 (Թարմացված է: 21:21 08.06.2025)
© Unsplash / Mario HellerԵրեխան լողավազանում

© Unsplash / Mario Heller
Բաժանորդագրվել
Երևանի սպորտային համալիրներում և լողավազաններում հաճախ 6 և ավելի տարիքի երեխաները հայտնվում են իրենց ծնողի հետ նույն հանդերձարանում։ Փորձել ենք հասկանալ խնդիրը տարբեր տեսանկյուններից։
Երևանյան մի շարք մարզահամալիրների հանդերձարաններում երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության պայմանները պատշաճ կերպով ապահովված չեն։ Որոշ մարզասրահներում առհասարակ չկան մանկական հանդերձարաններ, ու երեխաները ստիպված զգեստափոխվում են տղամարդկանց կամ կանանց հանդերձարաններում։
Երևանի մեծ մարզասրահներից մեկում նոր որոշում են կայացրել՝ տղա երեխաներն 9 տարին լրանալուն պես մանկական հանդերձարանից պետք է տեղափոխվեն մեծերի հանդերձարան։ Ի դեպ, այդ մասին ծնողներին նախօրոք չեն զգուշացրել։
Անչափահասների հանդերձարանները՝ խնդիր
Անչափահասների առանձին հանդերձարան չունենալը և դրանից բխող մնացյալ հանգամանքները բազմաթիվ ծնողների մոտ մտահոգության և դժգոհության ալիք է բարձրացրել։ Հոգեբանները պնդում են՝ երեխաներին «մեծերի» հանդերձարան «ուղարկելով»՝ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ։
Մենք զանգել ենք Երևանի որոշ խոշոր մարզասրահներ և փորձել ճշտել` ունեն արդյոք մանկական հանդերձարաններ, թե ոչ։ Vlad fitness, Orange fitness, Lady zone, Grand sport մարզասրահներում մանկական հանդերձարաններ առհասարկ չկան` անչափահասները ստիպված են զգեստափոխվել մեծահասակների հետ։ Reebok սպորտային ակումբում նույնպես չկան մանկական հանդերձարաններ, բայց ծառայություն են մատուցում, երբ հատուկ աշխատողն է զգեստափոխում փոքրիկին, եթե ծնողն ու երեխան տարբեր սեռի են։
© Getty Images / Serhii SobolevskyiՄայրը երեխային հետ

Մայրը երեխային հետ
© Getty Images / Serhii Sobolevskyi
Gold’s gym մարզասրահների ցանցում միայն մեկ մասնաճյուղում (Կենտրոն) կա մանկական հանդերձարան, իսկ մյուս երկուսում՝ ոչ (Ավան և Արաբկիր)։ «Cloud 7» fitness and spa ակումբում մանկական հանդերձարան կա, բայց դրանք առանձնացված չեն ըստ սեռի։ Նշեցին՝ շատ ծնողներ իրենց հետ մեծերի հանդերձարան են տանում՝ զգեստափոխման համար։ Միակ մարզասրահը, որտեղ կան մանկական հանդերձարաններ ու դրանք առանձնացված են տղաների և աղջիկների համար՝ Hills սպորտային համալիրն է, սակայն այստեղ տարիքային սահմանափակում կա՝ 3,5-6 տարեկանների համար են դրանք։
Որոշ ծնողներ նույնիսկ փաստաբանների են դիմել` խնդրին իրավական լուծում տալու
Մանկական հանդերձարան չլինելու խնդրից բողոքել են մի շարք սպորտային ակումբների և մարզասրահների ծնող-հաճախորդներ, որոնք իրենց երեխաների զգեստափոխման հարցը չգիտեն ինչպես լուծել։
Նմանատիպ խնդրի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում բարձրաձայնեց Gold’s gym մարզասրահի Կոմիտաս մասնաճյուղի հաճախորդ, 7-ամյա աղջկա մայր Նարինե Սարգսյանը (անունը փոխված է – խմբ.)։
«Մեզ մոտ մանկական հանդերձարան չկա, աղջկաս ստիպված ինձ հետ բերում եմ մեծերի հանդերձարան, որպեսզի զգեստափոխվի։ Արագ օգնում եմ, ու միջանցքում ինձ է սպասում։ Ընդհանուր այս մարզասրահից շատ գոհ եմ, չնայած այլ խոշոր ակումբերում էլ եմ հետաքրքրվել՝ պատկերը նույնն է։ Դա նորմալ չէ, մի երկու անգամ մեզ մոտ ասել եմ այդ մասին, բայց դեռ լուծում չի տրվել։ Նկատել եմ՝ ծնողներ կան, որոնց համար միևնույնն է՝ իրենց երեխան տարիքով մեծ, որոշ դեպքերում նաև մերկ տղամարդկանց կամ կանանց հետ կզգեստափոխվի, թե ոչ»,- ասաց Նարինեն։
Հանդերձարան

Հանդերձարան
Քաղաքացի Կարեն Մկրտչյանի (անունը փոխված է – խմբ․) 5–ամյա դուստրն էլ որոշ ժամանակ առաջ հաճախել է Reebok սպորտային ակումբ, որտեղ հատուկ ծառայություն կա՝ երեխաներին աշխատակիցներն ըստ սեռի օգնել են զգեստափոխվել։ Կարենի համար անթույլատրելի է՝ ինչու պետք է աղջիկներն ու տղաները նույն հանդերձարանում զգեստափոխվեն։ Նույնիսկ որոշ երեխաների մոտ այդ հանգամանքի պատճառով ճնշվածություն է նկատել, այդ թվում և իր դստեր։
«Դիմեցի փաստաբանի, որն ուսումնասիրեց սպորտային ակումբի հետ կնքված մեր պայմանագիրը, ու պարզվեց, որ նմանատիպ կետ կա` հանդերձարանը պետք է առանձնացված լինի։ Ես դիմեցի տնօրենությանը, որպեսզի հարցին լուծում տրվի։ Որոշ ժամանակ անց պատ կառուցեցին, ու աղջիկների և տղաների համար առանձին զգեստափոխվելու պայմաններ ստեղծեցին»,– նշեց 5-ամյա աղջնակի հայրը։
Որոշ մարզասրահներում նույնիսկ նախադեպեր են եղել, երբ տղա երեխաներին մայրիկները մտցրել են կանանց հանդերձարան ու սպասեցրել, մինչև իրենք զգեստափոխվեն։
«Երեխա է, շատ բան չի հասկանում»
Հոգեբան Անահիտ Խաչատրյանի կարծիքով՝ երեխաներին մերկ մարդկանց միջավայրում թողնել կարելի է մինչև 3 տարեկան։ 3-4 տարեկանից մինչև 16 տարեկան մեծահասակների հետ նույն հանդերձարանից օգտվելը կարող են ազդել նրա ինքնագնահատականի և հոգեբանական բարեկեցության վրա։ Շատ փոքր տարիքում երեխաների մոտ ձևավորվում է սեփական սեռի նույնականացումը. նրանք փորձում են հասկանալ, թե ինչով են աղջիկները տարբերվում տղաներից, սեռական օրգանների հանդեպ հետաքրքրվածությունն ավելի ցայտուն է դառնում։ Հետևաբար, աշխարհում ոչ մի մասնագետ խորհուրդ չի տալիս, որ երեխան մեծերի հետ նույն տարածքում զգեստափոխվի։
«Դեպքեր են լինում, երբ մայրն իր 5, 7 կամ 9 տարեկան տղային տանում է կանանց հանդերձարան, լողացնում, զգեստափոխում է երեխային։ Ստացվում է նաև, որ տղան միաժամանակ ականատես է լինում տարբեր տեսքի և տարիքի կանանց զգեստափոխվելուն, ու դա հոգեբանական լուրջ խնդիր կարող է առաջացնել։ Նույնն էլ աղջիկ երեխաների դեպքում կլինի, եթե նրան հայրը տանի տղամարդկանց հանդերձարան։ Հայկական իրականությունում մենք բախվում ենք նաև մի իրականության, երբ նման դեպքերում ասում են՝ «դե երեխա է, չի հասկանում», «դե երեխա է, նրան ոչ ոք չի վնասի» և այլն։ Սա շատ սխալ մոտեցում է, ու աշխարհի որոշ երկրներում դա նաև սեռական բռնություն կարող է համարվել»,- ասում է Խաչատրյանը։
Ընդգծում է՝ 5 տարեկանից սկսած արդեն երեխաների մոտ սկսում է ձևավորվել ամոթխածության զգացումը ու, երբ նրան առանց իր կամքը հարցնելու կամ ստիպված բերում են մեծահասակների հանդերձարան, երեխաների մոտ կարող է վախ առաջանալ նաև սեփական մարմնի նկատմամբ:
Հոգեբանը մեկ այլ խնդիր էլ մատնանշեց՝ կան մարզասրահներ, որտեղ երեխաների համար նախատեսված հանդերձարաններ կան, բայց աղջիկների և տղաների համար դրանք առանձնացված չեն։ Այստեղ էլ՝ 3 տարեկանից սկսած՝ գենդերային առանձնահատկություններով պայմանավորված, պետք է հանդերձարաններն առանձնացվեն, ինչպես մեծահասակների դեպքում է։
Անչափահասներին նպատակահարմար է տեղափոխել մեծահասակների հանդերձարան 16 տարեկանից։ Այստեղ էլ այնուամենայնիվ առանձնահատկություններ կան՝ լոգախցիկներն անպայման պետք է փակ լինեն ու նորմալ կահավորված։
Հոգեբանական տեսանկյունից դեռհասությունը համարվում է մարդու զարգացման կարևոր փուլ։ Դեռահասության փուլում հորմոնալ փոփոխությունների արդյունքում տեղի ունեցող մարմնի տեսքի ձևափոխումները երեխայի մոտ կարող են անվստահություն և ամաչկոտություն առաջացնել։
Աշխարհում կան այնպիսի երկրներ, որտեղ նորմալ են նայում, երբ երեխան անկախ տարիքից՝ կարող է զգեստափոխվել մեծահասակների հետ։ Եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում հակառակ պատկերն է, ու երեխաների և մեծահասակների միմյանց հետ միևնույն տեղում զգեստափոխվելը կարող է նաև սեռական բռնություն դիտարկվել։
Գերատեսչությունները չեն կողմնորոշվում՝ ում տիրույթում է հարցը
Պարզելու համար՝ ով է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, Sputnik Արմենիան հարցումներ է ուղարկել մի շարք գերատեսչությունների, որոնք, կա՛մ միմյանց վրա են բարդում հարցի լուծումը, կա՛մ նշում՝ հարցն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (ԱԱՏՄ) ընդգծում են՝ մանկապատակեկան մարզադպրոցներին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Կանոնների պահպանման վերահսկողությունը վերապահված է ԱԱՏՄ–ին։
ՀՀ առողջապահության նախարարության պնդմամբ՝ բարձրացված հարցերը չեն կանոնակարգվում հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերով և իրենց իրավասությունների շրջանակից դուրս են։ Վստահեցնում են, որ նշված հարցերը կարգավորվում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերով։
© Photo : Freepik / Wavebreak Media LTDՀանդերձարան

Հանդերձարան
© Photo : Freepik / Wavebreak Media LTD
Քաղաքաշինության կոմիտեն էլ իր հերթին ընդգծել է, որ բարձրացված հարցը ոչ այնքան քաղաքաշինական, որքան առողջապահական, կրթադաստիարակչական խնդիր է։ Միևնույն ժամանակ ընդգծել են՝ շահագրգիռ կառույցներից նման պահանջ սահմանելու անհրաժեշտությունը հիմնավորող նախաձեռնություն լինելու դեպքում ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է սահմանված ընթացակարգերով առանձին դրույթներ ամրագրել քաղաքաշինական նորմերում։
Այնուամենայնիվ՝ քաղաքաշինության կոմիտեից ընդգծել են, որ ՀՀ տարածքում ներկայում գործող մարզական օբյեկտների վերաբերյալ նախագծման սահմանող քաղաքաշինական նորմեր կան։ Առանձին նորմեր են սահմանված լողավազանների կառուցվածքի, դրանց շահագործման համար, ինչպես նաև բաց տիպի մարզական շենքերի, մարզական նշանակության օբյեկտների, համալիրների համար։ Դրանք պարտադիր են թե՛ պետական, թե՛ մասնավոր մարզական օբյեկտների կառուցման համար։
Համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի՝ մարզադահլիճներին կից պետք է լինի առնվազն մեկ զույգ հանդերձարան (տղաների և աղջիկների), ցնցուղարաններ և զուգարաններ՝ մարզական խաղերի համար նախատեսված դահլիճներին և լողավազաններին կից։ Լողավազանների շենքերը պետք է նախագծվեն աշակերտների տարբեր տարիքային խմբերի օգտագործման ռեժիմներով։ Հանդերձարանները պետք է լինեն առանձնացված և բաժանվեն 3 գոտու՝ տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի համար։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առհասարակ մարզասրահներում հանդերձարանների վերաբերյալ մեր հարցերին չի պատասխանել։ Փոխարենը հայտնել է՝ 2025 թվականի հունվարի 22-ից ընդունված «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» մասին օրենքի փոփոխությամբ նախատեսվում է ֆիթնես–կենտրոնների կամ մարզասրահների մարզիչների հավաստագրում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում էլ են նշում՝ հարցն իրենց լիազորությունների շրջանակից դուրս է։ Միաժամանակ հայտնում են, որ «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե հարցը հասնի դատարաններ կամ վարչական ու օրենսդրական այլ մարմիններ, ապա առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երեխայի լավագույն շահին։
Աշխարհի փորձը
ԱՄՆ-ում բացի մեծահասակների և մանկական հանդերձարաններից, կան նաև ընտանեկան տարբերակներ, բայց դրանք հազվադեպ են հանդիպում, հիմնականում՝ լողավազաններում։ ԱՄՆ-ում որոշ մարզասրահներում և մարզական համալիրներում թույլատրվում է, որ մինչև 6 տարեկան երեխաները (աղջիկներ և տղաներ) նույն տեղում զգեստափոխվեն, բայց արդեն 7-8 տարեկանից սկսած նրանց համար առանձնացված են հանդերձարանները, ու ծնողներն էլ չեն կարող մուտք գործել այնտեղ։
Եվրոպայում, ըստ երկրների, իրավիճակը տարբեր է․ Գերմանիայում, Նիդեռլանդներում և Սկադինավյան երկրներում մինչև 6-8 տարեկան երեխաներին թույլատրվում է զգեստափոխվել ծնողների հետ նույն հանդերձարանում, բայց դպրոցներում աղջիկների և տղաների համար առանձնացված հանդերձարաններ են կահավորվում, բայց այնտեղ էլ ներկա են լինում ուսուցիչներ կամ մարզիչներ, որպեսզի հսկեն։ Ֆինլանդիայում մինչև 10 տարեկան երեխաներն անկախ սեռից կարող են միմյանց հետ զգեստափոխվել, այնտեղ դա նորմալ է համարվում։
Ֆրանսիայում, Իսպանիայում ու Իտալիայում այս հարցին ավելի նուրբ են վերաբերվում.մեծահասակների և մանկական հանդերձարաններն առանձին են, երբեմն թույլատրվում է ծնողի առկայությունը։ Այս երկրներում հիմնականում ընտանեկան խցիկներ են կառուցում, որպեսզի առավել հարմարավետ լինի։
ԱՊՀ երկրներում էլ (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և այլն) իրավիճակը հետևյալն է․ դպրոցներում սեռով պայմանավորված հանդերձարաններն առանձին են։ Ինչ վերաբերում է մարզասրահներին, լողավազաններին, ապա այնտեղ ըստ չափորոշիչների՝ կան մանկական հանդերձարաններ կամ ընտանեկան խցիկներ։ ԱՊՀ որոշ երկրներում կան մարզական համալիրներ, որտեղ 7-8 տարեկանից բարձր երեխաներն արդեն պետք է միայնակ զգեստափոխվեն, առանց ծնողի ներկայության, բայց նմանատիպ պաշտոնական չափորոշիչ չկա, հիմնականում կազմակերպությունների ներքին դրույթներն են։
Օրինակ ՌԴ-ում սանիտարական նորմերի և կառուցապատման օրենքների համաձայն՝ հանդերձարանների մասով կան ընդհանուր պահանջներ․ անպայման դրանք պետք է առանձնացված լինեն ըստ սեռի, իսկ ներսում կրկին առանձնացված լոգախցիկներով և սանհանգույցներով պետք է ապահովված լինեն։
Այնուամենայնիվ, ԱՊՀ երկրներում դեռևս անցումային իրավիճակ է (խոսքը խորհրդային տարիների մասին է) ու դեռևս հին չափորորշիչները փորձում են համատեղել նոր պահանջների հետ։