https://arm.sputniknews.ru/20250429/anhajt-mijatnery-grvohy-armaviri-eraskhahun-gjughum-dashtern-u-ajginery-vtangvats-en-88347873.html
Անհայտ միջատների գրոհը․ Արմավիրի Երասխահուն գյուղում դաշտերն ու այգիները վտանգված են
Անհայտ միջատների գրոհը․ Արմավիրի Երասխահուն գյուղում դաշտերն ու այգիները վտանգված են
Sputnik Արմենիա
Արագիլներով հայտնի դարձած գյուղը՝ Երասխահունը, հիմա էլ անհայտ միջատներով է հայտնի դառնում, որոնք ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ... 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T22:52+0400
2025-04-29T22:52+0400
2025-04-30T08:37+0400
արմավիրի մարզ
գյուղ
գյուղացի
դաշտ
բերք
միջատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88348178_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8f310f6586da5c6ba4148dc701f029c5.jpg
Արդեն մի քանի շաբաթ է՝ անհայտ տեսակի միջատները գրոհել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դաշտերն ու այգիները։ Գյուղի վարչական ղեկավար Նարեկ Փանոսյանն ասում է՝ շաբաթներ առաջ սկսեցին թրթուրներ նկատել ճանապարհներին։ Կարծում են, որ հենց այդ թրթուրներն են վերածվել միջատների։ Այս շաբաթների ընթացքում նրանց թիվը ոչ միայն բազմապատկվել է, այլև պարզ դարձել, որ անվնաս չեն։ Արագիլներով հայտնի գյուղը հիմա էլ միջատներով է հայտնի դառնում։ Այս փոքրիկ, շագանակագույն միջատներն ամբողջությամբ ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ բույսեր՝ մոլախոտերից մինչև մշակաբույսեր։Երասխահունում ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում՝ պղպեղ, սմբուկ, լոլիկ, սեխ, ձմերուկ և այլն։ Արդեն սածիլները հողի մեջ տեղադրելու ժամանակն է, ուստի գյուղացիները տագնապած են՝ ինչ է լինելու։«Պետք է հիմա մի բան մտածել։ Թե չէ սածիլները դնելուց հետո որ կերան, էլ բան չենք կարողանա անել։ Մարդկանց բերքը կկորի։ Նայում ես բույսին, տերևները լրիվ կերած են, մենակ ցողունն է մնացել»,- ասում է համայնքի վարչական ղեկավարը։Մարզպետարանում տեղյակ են, մասնագետները եկել, նաև միջատներից տարայով տարել են, որ ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ են ու ինչպես պայքարել դրանց դեմ։Գյուղում գրեթե բոլորը վարկեր ու պարտքեր ունեն, որոնք վճարելու հույսը հողից սպասվող արդյունքն է, որն էլ վտանգված է փոքրիկ վնասատուների պատճառով։«Միլիոնների վարկ ունեմ, բալա․․․ Գիշերը սրանք հանգստանում են, արևը հենց խփում է, ակտիվանում են։ Լրիվ մեր տներն են լցվել»,- ասում է Միրզո պապը։Նրա խոսքով՝ այս միջատները նաև թռչում են, ջրում էլ չեն խեղդվում։ Ավելին, ջրանցքների մեջ են մեծաքանակ հավաքվում, երբ գյուղացիները ջրում են դաշտերը, ջրի հոսքի հետ դաշտերն են լցվում։«Ոնց որ վեդրոյով բերես, լցնես դրանցից»,- ասում է 67-ամյա Հերիքնազ Շավիշյանը։ Ավելացնում է՝ իր կյանքում նման բան չի տեսել։ Չի պատկերացնում, թե ինչ է անելու։ Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի դաշտում է աշխատում՝ հուսալով, որ մոտակա օրերին միջատների դեմ պայքարի միջոց կգտնվի։«8 նաֆար ենք տանը, էս կարտոշկեն որ չլինի, ի՞նչ եմ անելու։ Կիլոն 300 դրամ ա, ես ո՞նց եմ առնելու։ Առանց էն էլ պարտքերի մեջ ենք, թոշակս ստանում, պարտք եմ տալիս»,- ասում է կինը։Թունաքիմիկատներով պայքարել փորձում են, բայց հարցը մեկ-երկու հոգով չի լուծվի, համալիր միջոցառումներ են պետք, որ բոլոր այգիներն ու դաշտերը միաժամանակ սրսկվեն, այլապես մեկի դաշտից միջատները մյուսի դաշտ կտեղափոխվեն։ Բացի այդ, թունաքիմիկատների օգտագործումն էլ է թանկ։«Ցելոֆանին փող եմ տալիս, սերմին փող եմ տալիս, տրակտորիստին փող եմ տալիս․․․ Էլ տակն ի՞նչ է մնում»,- ասում է տիկին Հերիքնազը։Մյուս կողմից էլ դեռ հստակ չգիտեն՝ որ թունաքիմիկատն է առավել արդյունավետ այս անհայտ միջատի դեմ։ Գյուղացիներից մեկը, իր խոսքով ասած, բնաջնջող թունաքիմիկատ է օգտագործել, որը, սակայն, ոչ միայն միջատներին, այլև բույսերն էլ է բնաջնջում։«Էս բնաջնջողը լցնում եմ բույսի վրա, միջատն ուտում ա տերևը, սատկում, բայց էդ բույսն էլ ա բնաջնջվում լրիվ»,- ասում է գյուղացին։Մարդիկ հույս ունեն, որ իրենց գյուղին վրա հասած պատուհասի դեմն առնելու հարցում «վերևներն» օգնության կհասնեն։ Այլապես գյուղն ու գյուղացին աղետալի վիճակում են հայտնվելու։Պարզվում է՝ Երասխահունի դաշտերն ու այգիները ողողած միջատը հլածուկի տերևակերն է (рапса)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Մերի Մազմանյանը նշեց՝ այս տեսակը հիմնականում վնասում է խաչածաղկավորներին, կարող է նաև վնաս տալ որոշ մշակաբույսերի, օրինակ՝ բողկին, կաղամբազգիներին և այլն։ Ասում է՝ Հայաստանում հանդիպող տեսակ է, բայց նման մասշտաբներով մինչ այժմ Հայաստանում չէր դիտարկվել, ուստի սա նոր երևույթ է։«Քանի որ ձմեռը շատ տաք է եղել և խոնավ, ավելի շուտ են արթնացել և մասայական դուրս են եկել, նման կուտակումներ ենք տեսնում»,- նշեց Մազմանյանը։Մասնագետի խոսքով՝ մարդկանց համար հիմնականում վտանգ չեն ներկայացնում։ Կարծում է՝ տերևակերների դեմ օգտագործվող թունաքիմիկատները կարող են նաև այս դեպքում արդյունավետ լինել։Հիմա հլածուկի տերևակերների ակտիվ շրջանն է, որը, ըստ մասնագետի, պոպուլյացիոն այս պայթյունը կշարունակվի մինչև ամառ՝ նրանց հանգստի շրջան։ Իսկ հիմա միջատների զուգավորման շրջանն է, հետո կձվադրեն, և նոր թրթուրներ կհայտնվեն։
արմավիրի մարզ
դաշտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1c/88348178_240:0:1680:1080_1920x0_80_0_0_bedef439a088251c797a47a6ed689e8b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
արմավիրի մարզ, գյուղ, գյուղացի, դաշտ, բերք, միջատ
արմավիրի մարզ, գյուղ, գյուղացի, դաշտ, բերք, միջատ
Անհայտ միջատների գրոհը․ Արմավիրի Երասխահուն գյուղում դաշտերն ու այգիները վտանգված են
22:52 29.04.2025 (Թարմացված է: 08:37 30.04.2025) Արագիլներով հայտնի դարձած գյուղը՝ Երասխահունը, հիմա էլ անհայտ միջատներով է հայտնի դառնում, որոնք ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ բույսերը։
Արդեն մի քանի շաբաթ է՝ անհայտ տեսակի միջատները գրոհել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի դաշտերն ու այգիները։ Գյուղի վարչական ղեկավար Նարեկ Փանոսյանն ասում է՝ շաբաթներ առաջ սկսեցին թրթուրներ նկատել ճանապարհներին։ Կարծում են, որ հենց այդ թրթուրներն են վերածվել միջատների։ Այս շաբաթների ընթացքում նրանց թիվը ոչ միայն բազմապատկվել է, այլև պարզ դարձել, որ անվնաս չեն։ Արագիլներով հայտնի գյուղը հիմա էլ միջատներով է հայտնի դառնում։ Այս փոքրիկ, շագանակագույն միջատներն ամբողջությամբ ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ բույսեր՝ մոլախոտերից մինչև մշակաբույսեր։
Երասխահունում ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում՝ պղպեղ, սմբուկ, լոլիկ, սեխ, ձմերուկ և այլն։ Արդեն սածիլները հողի մեջ տեղադրելու ժամանակն է, ուստի գյուղացիները տագնապած են՝ ինչ է լինելու։
«Պետք է հիմա մի բան մտածել։ Թե չէ սածիլները դնելուց հետո որ կերան, էլ բան չենք կարողանա անել։ Մարդկանց բերքը կկորի։ Նայում ես բույսին, տերևները լրիվ կերած են, մենակ ցողունն է մնացել»,- ասում է համայնքի վարչական ղեկավարը։
Մարզպետարանում տեղյակ են, մասնագետները եկել, նաև միջատներից տարայով տարել են, որ ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ են ու ինչպես պայքարել դրանց դեմ։
Գյուղում գրեթե բոլորը վարկեր ու պարտքեր ունեն, որոնք վճարելու հույսը հողից սպասվող արդյունքն է, որն էլ վտանգված է փոքրիկ վնասատուների պատճառով։
«Միլիոնների վարկ ունեմ, բալա․․․ Գիշերը սրանք հանգստանում են, արևը հենց խփում է, ակտիվանում են։ Լրիվ մեր տներն են լցվել»,- ասում է Միրզո պապը։
Նրա խոսքով՝ այս միջատները նաև թռչում են, ջրում էլ չեն խեղդվում։ Ավելին, ջրանցքների մեջ են մեծաքանակ հավաքվում, երբ գյուղացիները ջրում են դաշտերը, ջրի հոսքի հետ դաշտերն են լցվում։
«Ոնց որ վեդրոյով բերես, լցնես դրանցից»,- ասում է 67-ամյա Հերիքնազ Շավիշյանը։ Ավելացնում է՝ իր կյանքում նման բան չի տեսել։ Չի պատկերացնում, թե ինչ է անելու։ Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի դաշտում է աշխատում՝ հուսալով, որ մոտակա օրերին միջատների դեմ պայքարի միջոց կգտնվի։
«8 նաֆար ենք տանը, էս կարտոշկեն որ չլինի, ի՞նչ եմ անելու։ Կիլոն 300 դրամ ա, ես ո՞նց եմ առնելու։ Առանց էն էլ պարտքերի մեջ ենք, թոշակս ստանում, պարտք եմ տալիս»,- ասում է կինը։
Թունաքիմիկատներով պայքարել փորձում են, բայց հարցը մեկ-երկու հոգով չի լուծվի, համալիր միջոցառումներ են պետք, որ բոլոր այգիներն ու դաշտերը միաժամանակ սրսկվեն, այլապես մեկի դաշտից միջատները մյուսի դաշտ կտեղափոխվեն։ Բացի այդ, թունաքիմիկատների օգտագործումն էլ է թանկ։
«Ցելոֆանին փող եմ տալիս, սերմին փող եմ տալիս, տրակտորիստին փող եմ տալիս․․․ Էլ տակն ի՞նչ է մնում»,- ասում է տիկին Հերիքնազը։
Մյուս կողմից էլ դեռ հստակ չգիտեն՝ որ թունաքիմիկատն է առավել արդյունավետ այս անհայտ միջատի դեմ։ Գյուղացիներից մեկը, իր խոսքով ասած, բնաջնջող թունաքիմիկատ է օգտագործել, որը, սակայն, ոչ միայն միջատներին, այլև բույսերն էլ է բնաջնջում։
«Էս բնաջնջողը լցնում եմ բույսի վրա, միջատն ուտում ա տերևը, սատկում, բայց էդ բույսն էլ ա բնաջնջվում լրիվ»,- ասում է գյուղացին։
Մարդիկ հույս ունեն, որ իրենց գյուղին վրա հասած պատուհասի դեմն առնելու հարցում «վերևներն» օգնության կհասնեն։ Այլապես գյուղն ու գյուղացին աղետալի վիճակում են հայտնվելու։
Պարզվում է՝ Երասխահունի դաշտերն ու այգիները ողողած միջատը հլածուկի տերևակերն է (рапса)։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատող Մերի Մազմանյանը նշեց՝ այս տեսակը հիմնականում վնասում է խաչածաղկավորներին, կարող է նաև վնաս տալ որոշ մշակաբույսերի, օրինակ՝ բողկին, կաղամբազգիներին և այլն։ Ասում է՝ Հայաստանում հանդիպող տեսակ է, բայց նման մասշտաբներով մինչ այժմ Հայաստանում չէր դիտարկվել, ուստի սա նոր երևույթ է։
«Քանի որ ձմեռը շատ տաք է եղել և խոնավ, ավելի շուտ են արթնացել և մասայական դուրս են եկել, նման կուտակումներ ենք տեսնում»,- նշեց Մազմանյանը։
Մասնագետի խոսքով՝ մարդկանց համար հիմնականում վտանգ չեն ներկայացնում։ Կարծում է՝ տերևակերների դեմ օգտագործվող թունաքիմիկատները կարող են նաև այս դեպքում արդյունավետ լինել։
Հիմա հլածուկի տերևակերների ակտիվ շրջանն է, որը, ըստ մասնագետի, պոպուլյացիոն այս պայթյունը կշարունակվի մինչև ամառ՝ նրանց հանգստի շրջան։ Իսկ հիմա միջատների զուգավորման շրջանն է, հետո կձվադրեն, և նոր թրթուրներ կհայտնվեն։