Հայոց ցեղասպանությունը ժխտող Թուրքիան մնում է Հայաստանի համար գոյութենական սպառնալիք. ՀՅԴ
17:10 24.04.2025 (Թարմացված է: 17:22 24.04.2025)
© Sputnik / Asatur YesayantsՀՅԴ–ի դրոշը

© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Քանի դեռ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այն մնում է Հայաստանի համար գոյութենական սպառնալիք։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել։
Ընդգծվում է, որ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մերժման փաստը, ինչն այդ հանցագործության ուղղակի շարունակականության դրսևորում է։ Ավելին` Թուրքիայի Հանրապետության կողմից Ադրբեջանին տրամադրվող անվերապապահ ռազմաքաղաքական զորակցությունը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման ցեղասպանական քաղաքականության գործադրման՝ Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավմամբ։ Հայ դատի հայտարարության մեջ նշվում է, որ այդ գործողությունները լիովին համապատասխանում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. Կոնվենցիայի պահանջներին, որոնցով սահմանվում է «ցեղասպանություն» հանցագործությունը։
«Թուրքիան մնում է Հայաստանի Հանրապետության համար գոյութենական սպառնալիք՝ հետապնելով Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կաշկանդումն ու անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը, իսկ միջպետական փաստացի սահմանի արգելափակումը նպատակ ունի Հայաստանը ենթարկելու տնտեսական ու քաղաքական լրացուցիչ ճնշումների։ Թուրքական պետական շրջանակներում բացակայում է Հայաստանի Հանրապետության հետ բովանդակային և առանց նախապայմանների բանակցությունների մեջ ներգրավվելու քաղաքական կամքը»,–նշված է հայտարարության մեջ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան գործողություններում։
Ըստ ՀՅԴ–ի` ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը Հայաստանի Հանրապետության համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է ապագա ցեղասպանությունները կանխարգելելու համատեքստում։
«Անհրաժեշտ է, որ միջազգային հարաբերությունների առանցքային դերակատարները՝ ինչպես վերպետական կազմակերպություններ, այնպես էլ առանձին պետություններ, շարունակաբար հետևեն Թուրքիայի ռազմաքաղաքական վարքին՝ գնահատելով հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում այդ պետության ուղղակի կամ անուղղակի ներգրավման հնարավորությունը, ու ձեռնարկեն համապատասխան քայլեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագրով, ապա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով նվազագույնը երկու անգամ լայն համախոհությամբ հստակեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում իր ուղենիշները։
Ավելին` 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը լիարժեքորեն ընդունել է ՀՀ Անկախության մասին հռչակագրի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հետապնդելու մասին դրույթի անբեկանելիությունը ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում։
Մինչդեռ առաջադրելով նոր նախապայմաններ՝ Թուրքիայի Հանրապետությունը բացառում է Հայաստանի Հանրապետության հետ բնականոն հարաբերությունների հաստատման հավանականությունը՝ հիմնված փոխվստահության, փոխադարձության և հավասարության վրա։
Բացի այդ, Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, Հայաստանի նկատմամբ գործադրում է ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման քաղաքականություն, ինչի պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող միակողմանի զիջումները զուրկ են լեգիտիմությունից։
ՀՅԴ հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ շատ կարևոր և արժեքավոր է հայկական սփյուռքի, դրա քաղաքական և համայնքային դերակատարների նպատակաուղղված ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա նորօրյա դրսևորումների հանրահռչակման գործում։
«Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։ Արցախի հայաթափումն ամբողջապես տեղավորվում է իր բնօրրանից հայ ժողովրդին տեղահանելու, ոչնչացնելու և գոյության համար անհամատեղելի այլ պայմաններ ստեղծելու` թուրքական քաղաքականության համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։