Ի՞նչ են պայմանավորվել արցախցիները Շահրամանյանի հետ. ակտիվիստը մանրամասներ է հայտնել
14:26 21.04.2025 (Թարմացված է: 15:01 21.04.2025)
Բաժանորդագրվել
Արցախցի ակտիվիստները վստահեցնում են` այժմ իրենք ավելի վճռական են տրամադրված։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը փակ հանդիպում է ունեցել մի խումբ արցախցիների հետ, որոնք օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում ներկայացուցչության դիմաց` պահանջելով վերադարձնել այն, ինչ թալանվել է ժողովրդից։
Նշենք, որ ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչության առջև ակցիա իրականացնող արցախցիները պահանջում էին նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ Նրանք վստահեցնում էին, որ այդ գումարները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է փոխանցել Արցախին։ Շահրամանյանից նաև պահանջում էին գնալ դատախազություն և իմանալ, թե ինչ փուլում է այդ մասով 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործը։ Արցախի նախագահը դուրս էր եկել ու նշել` ինքն այդ գործի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննվել է։
«Քննարկում ենք ունեցել նախագահի և պետնախարարի հետ (Սամվել Շահրամանյան, Արամ Սարգսյան – խմբ.)։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մոտակա օրերին դիմեն ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտե, ԱԱԾ։ Որ կառույցը կընդունի առաջարկը, այնտեղ էլ կգնանք նախագահի հետ։ Մենք այստեղ ներկայացրել ենք բոլոր խնդիրները, որոնք հուզում են հասարակ քաղաքացիներին ու նույնը ներկայացնելու ենք նաև մեզ ընդունող կառույցին։ Ուզում ենք, որ բոլոր կառույցների հետ հանդիպում լինի ու նախագահն էլ մեզ հետ լինի»,– նշեց արցախցի ակտիվիստ Նահապետ Սարգսյանը։
Ըստ նրա` Շահրամանյանը 2 օրվա ընթացքում նամակներով է դիմելու կառույցներին։ Ընդգծեց` որևէ պարագայում իրենք հետքայլ չեն անելու ու այժմ ավելի վճռական են տրամադրված։ Գերատեսչությունների հետ հանդիպումներից հետո պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու ու ինչ պահանջներ են ներկայացվելու։
Նահապետ Սարգսյանը նշեց նաև, որ Շահրամանյանի հետ խոսել են մինչև մայիսի 21-ն իրենց անելիքների մասին, դրանից հետո արդեն հենց Արցախի ներկայացուցչության դիմաց են հայտնելու իրենց դիրքորոշումը։
«Ուղղակի մենք այս պահին տեսնում ենք, որ իր (նկատի ունի Արցախի նախագահին –խմբ.) գործունեությունը կասեցված է, բայց թե ում կողմից, դա չեմ կարող ասել։ Եթե արտահայտվեմ, հետո պետք է պատասխան տամ, բայց այդ պատասխանը չունեմ։ Կարող է կասեցնել Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահը, չի բացառվում, որ կասեցնի նաև ՀՀ վարչապետը, որովհետև ինքն էլ ասում ա` պետության մեջ պետություն չի լինելու, բայց ես իր այդ ասածը չեմ վերլուծել»,– ասաց ակտիվիստը։
Սարգսյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ ըստ ԶԼՄ–ների` ապրիլի 18-ին բողոքի ակցիա արած անձինք Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կողմնակիցներն են։
Վստահեցրեց` իրենք որևէ քաղաքական ուժի հետ կապ չունեն ու պատրաստ են վիրավորանքներ հասցնել բոլոր նրանց, ովքեր այդ թեզն առաջ կտանեն։