ՀՀ–ում գործարկվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը. ովքե՞ր կմերժվեն
13:49 17.03.2025 (Թարմացված է: 16:05 17.03.2025)
© Sputnik / Armine AleksanyanԿապան

Կապան
© Sputnik / Armine Aleksanyan
Բաժանորդագրվել
Նոր համակարգի միջոցով հնարավոր է քաղաքացիների վերաբերյալ տվյալները ստուգել ոչ թե թղթերով, այլ առցանց։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում այսօրվանից գործարկվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, Կապանում արդեն գրանցվել է առաջին դիմումատուն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Տարվա ընթացքում պիլոտային ծրագիրը կիրականացվի, անհրաժեշտության դեպքում շտկումներ կլինեն, ամբողջ հանրապետությունում այն կտարածվի 2026 թվականից։ Հետաձգումների անհրաժեշտության դեպքում մենք կիրազեկենք։ Այսուհետև ընտանիքներին ամբողջությամբ նոր բանաձևով ենք գնահատելու։ Միասնական սոցիալական ծառայության կենտրոններից արդեն տեղեկացել ենք, որ Կապանում դիմումատու ունենք, դիմումը թվային տարբերակով է լրացվել»,– նշեց Ժամակոչյանը։
Մյուս մարզերում դեռ ամեն ինչ արվում է թղթային տարբերակով։ Անապահով ընտանիքներն իրենց վերաբերյալ բոլոր տվյալները թղթերով են բերում, իսկ սոցիալական աշխատողն օգնում է փաստաթղթերի հավաքագրման հարցում։
Կոտայքում և Սյունիքում այսուհետ ամեն ինչ արվելու է թվային տարբերակով. կարիք չկա, որ քաղաքացին գնա Միասնական սոցիալական ծառայություն (ՄՍԾ), դա կպահանջվի միայն վերջում. ընտանիքի չափահաս անդամները պետք է ստորագրեն հատուկ թերթիկների վրա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է խիստ նույնականացումը։
Ընդհանուր առմամբ շուրջ 60 000 ընտանիք է ներառված գործող համակարգում, իսկ միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում սպասվում է, որ նրանց թիվը կհասնի մոտ 8000–ի։ Ժամակոչյանի խոսքով` սպասվում են նաև նորեկ դիմումատուներ, քանի որ հնարավոր է` նրանք նախկինում ինչ–ինչ պատճառներով չեն ներառվել համակարգում կամ առհասարակ դիմած չեն եղել։ Ըստ փոխնախարարի` գործող համակարգում ներառված ընտանիքների 45%-ն անապահով չէ։
Փոխնախարարը տեղակացրեց, որ ընտանիքների կարգավիճակը ստուգվում է ավելի քան 20 շտեմարանով, իսկ բոլոր այն դեպքերում, երբ անձանց տվյալները թվայնացված չեն, ապա դրանք առցանց համակարգին կարող են կցվել լուսապատճենի ձևով։
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` նա նշեց, որ գնահատման նոր բանաձևով հնարավորություն է ստեղծվել անուղղակի ֆինանսական միջոցները տեսել, բայց ավանդները` ոչ։ Հիմնականում ստուգվում են վարկային պարտավորությունները, դիտարկվում են ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային վճարների հանգամանքը։ Այժմ տվյալ համակարգում ամենակարևոր կետն անշարժ գույքի գույքահարկի ներմուծումն է։
«Մենք գույքահարկի շեմն ենք դիտարկում, ու եթե միջին շեմը գերազանցում է, ուրեմն ընտանիքը բարեկեցիկ է, իսկ միջինից ցածր լինելու դեպքում` բարեկեցություն չունենք։ Եթե նախկինում Երևան քաղաքի կենտրոնում թանկարժեք գույքով մարդը կարող էր դառնալ նպաստառու, այժմ դա անհնար է։ Կարծում ենք, որ սա բավականին արդար շեմ է»,– ասաց Ժամակոչյանը։
Հաջորդ փուլով, երբ ներկայացված տվյալները համապատասխանում են շտեմարաններում առկա տվյալներին, ՄՍԾ աշխատակիցները տուն են այցելում` հայտնաբերելու այն, ինչը նույնիսկ շտեմարաններով գուցե հնարավոր է եղել թաքցնել։ Նախկինում այդ տնայցերի ժամանակ հարցաթերթիկ էր լրացվում ու հարց կար` «կարգավիճակը լա՞վ է, թե՞ վատ», այժմ հարցաշարը շատ ավելի մանրամասն է կազմվել, գնահատվում է «առկա է» կամ «առկա չէ» տարբերակով։ Այժմ նաև լուսանկարներ կցելու հնարավորություն է ստեղծվել, որպեսզի հավելյալ ուսումնասիրության դեպքում նաև դրանք լինեն։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը հայտնեց, որ այս համակարգի միջոցով 29 շտեմարան են միավորել։ Նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր քաղաքացիների մասին տեղեկությունը փաստացի ստուգել, այդ գործընթացը 1 ամիս էր տևում։ Այժմ տվյալների ստուգման երկփուլ հնարավորություն կա, և այս ընթացքում ուղիղ շտեմարաններից է այդ ամենն իրականացվում։
«Քաղաքացին արդեն միանգամից հասկանում է` կանցնի հաջորդ փուլ, թե ոչ, կամ աջակցություն կստանա, թե ոչ։ Սոցիալական աշխատողներն այս նոր ներդրվող համակարգի միջոցով տեսնելու են քաղաքացու դիմումի ընթացքը, կարողանալու են քաղաքացուն աջակցել, եթե որևէ բան սխալ է կցվել կամ ոչ համապատասխան»,– ասաց Պարզյանը։
Համակարգը նաև պարբերաբար ծանուցումներ է ուղարկելու դիմում ներկայացրած քաղաքացիներին յուրաքանչյուր հետագա քայլի վերաբերյալ։ Բայց եթե հարցեր առաջանան, կարող են զանգել նաև 114 թեժ գծին։
Բոլոր այն անձինք, որոնք չեն ունենա ինտերնետ հասանելիություն, համակարգիչ կամ սմարթֆոն`դիմումներն առցանց լրացնելու համար, ապա կարող են մոտենալ ՄՍԾ տարածքային կենտրոններ և այդ գործողություններն այնտեղ կատարել։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանն էլ ընդգծեց, որ տեխնիկական բաղադրիչից բացի լուծվելու է ներառման և բացառման խնդիրը։
«Վստահ ենք` նոր համակարգը և՛ հասցեականության, և՛ թիրախայնության խնդիրը կլուծի։ Տարիներ շարունակ ՄՍԾ աշխատակիցները մշտապես բարձրաձայնել են մի խնդիր, որ իրականում ընտանիքն անապահով չէ, բայց հին համակարգով գնահատման արդյունքում դարձել է նպաստառու։ Որևէ գործիք չի եղել, որպեսզի այդ խնդիրը լուծվի, հուսանք, որ նոր համակարգով ամեն ինչ կփոխվի։ Տարածքային կենտրոնների աշխատակիցներն էլ կկարողանան զբաղվել իրենց բուն գործառույթով` դեպքի վարում անապահով ընտանիքի կամ անձի հետ»,– նշեց Չիլինգարյանը` հավելելով, որ նախկինում ՄՍԾ աշխատակիցները անապահովության գնահատման համակարգում կարողանում էին միայն անձին ներառելու գործընթացը կազմակերպել բազմաթիվ փաստաթղթեր հավաքելով։
Գերատեսչությունը վստահ է` ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի, որպեսզի հաղթահարվի ծայրահեղ աղքատությունը, առավել հասցեական դառնան սոցիալական աջակցության ծրագրերը և խրախուսվի անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ հիմնվելով սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա։