Կարիերայի գագաթնակետին 36 տարեկանում. Times–ը պատմել է Հենրիխ Մխիթարյանի մասին
21:03 16.03.2025 (Թարմացված է: 21:11 16.03.2025)
© AP Photo / Antonio CalanniՀենրիխ Մխիթարյանը «Ինտերում»

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերում». Արխիվային լուսանկար
© AP Photo / Antonio Calanni
Բաժանորդագրվել
The Times-ը մեծ հոդված է նվիրել «չծերացող» Մխիթարյանին, որտեղ վերհիշել է նրա ֆուտբոլային դժվար ուղին և ներկայացրել հիմնական պատճառը, թե ինչու է նա շարունակում մնալ լավագույնների ցանկում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. 36 տարեկանում Հենրիխ Մխիթարյանը կարիերայի նոր բարձունքի է հասել՝ մնալով Եվրոպայի լավագույն թիմերից մեկի՝ Միլանի «Ինտերի» առանցքային խաղացողներից մեկը։ The Times-ը ծավալուն հոդված է հրապարակել մեծ ֆուտբոլում հայ ֆուտբոլիստի անցած ուղու մասին։
Երջանկությունը մազերի մեջ չէ...
«Ես այստեղ երկու ճաղատ տեղ ունեմ», - ծիծաղելով ասում է Մխիթարյանը Corriere Della Sera-ին տված հարցազրույցում` ցույց տալով իր նոսրացած մազերը և հավելելով` դա բնությունն է:
«Բայց նա ամենայն լրջությամբ է մոտենում իր խաղին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի չափանիշներով, նրանց լրատվամիջոցների լուսաբանումներով, որոնք երբեմն վերածվում էին աղմուկի, Հենրիխը չափազանց լուրջ տեսք ուներ»,– նշում են հոդվածի հեղինակները։
Նույնիսկ Դոնեցկի «Շախտյորում» նա խաղերից երեք օր առաջ անջատում էր հեռախոսը, որպեսզի լիովին կենտրոնանա մարզումների վրա։ Այնուհետև, երբ նա «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», գերմանական Bild թերթին տված հարցազրույցում խոստովանեց, որ գրքեր է կարդում Մանչեսթեր քաղաքի և Անգլիայի սոցիալական պատմության մասին, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրում:
«Հենրիխը խոսում է յոթ լեզվով և մի անգամ ասել է, որ եթե ֆուտբոլիստ չդառնար, կդառնար իրավաբան»,- գրում է հրատարակությունը։
Շատ ֆուտբոլասերներ, հատկապես Հայաստանում, Հենրիխի կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում որոշակի հիասթափությամբ են հիշում։ Չնայած դրան, նշում է Times-ը, նրա ելույթը հեռու է անհաջող լինելուց։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա նվաճել է Անգլիայի գավաթը և Եվրոպայի լիգան՝ փլեյ-օֆֆում 9 խաղում խփելով 5 գոլ, այդ թվում՝ երկրորդ և որոշիչ գոլը եզրափակիչում։ ««Արսենալում» նա նույնպես լավ խաղ է ցուցադրել, թեև ոչ միշտ»,- նշում է հրատարակությունը։ Այսպես թե այնպես, Պրեմիեր լիգայում երեք տարվա ընթացքում նա ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարել, քան, օրինակ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Անգլիայի հավաքականի խաղացող, ԱՊԼ-ի վերջին տարիների լավագույն կիսապաշտպաններից մեկը - խմբ.):
Երջանկությունը նույնիսկ գոլերի մեջ չէ
«Ինտերում» Մխիթարյանը դժվար սկսեց ընթացիկ մրցաշրջանը, սակայն վերջին ամիսներին անցկացնում է իր կարիերայի լավագույն շրջաններից մեկը։ Թիմը գլխավորում է Իտալիայի առաջնությունը, իսկ մարզիչ Սիմոնե Ինձագին նրան անընդհատ խաղադաշտ է հանում։ Ինտերի արտագնա խաղացողների թվում Հենրիխը զբաղեցնում է 4-րդ տեղը մրցաշրջանի սկզբից խաղադաշտում անցկացրած ժամանակի առումով։
«Մխիթարյանը շատ խելացի խաղացող է, նա անընդհատ աշխատում է թիմի համար։ «Ռոմայում» և «Արսենալում» նա մի փոքր այլ դեր էր խաղում, այստեղ նա հաճախ է խաղում մրցակցի դարպասից հեռու»,- ասել է Ինձագին հարցազրույցում։
Մխիթարյանն այս մրցաշրջանում իր ողջ կարիերայի ընթացքում ցուցադրել է փոխանցումների ճշգրտության լավագույն ցուցանիշները։ Նա ավելի շատ փոխանցումներ է կատարել դաշտի կենտրոնից դեպի հարձակման գոտի, քան թիմում որևէ մեկը։ Սա դեռ ամենը չէ. Հենրիխը բոլորից շատ է կարողանում գնդակ խլել մրցակցից:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ֆեյենորդի» դեմ պատասխան խաղում նա հիանալի խաղաց՝ դրիբլինգ անելով իրենից 15 տարով փոքր խաղացողներին, կատարելով գերազանց փոխանցումներ, 50 մետրանոց հարվածներ պաշտպանությունից մինչև հարձակում՝ հաղթելով ավելի շատ խաղադաշտում, քան որևէ մեկը:
Ո՞րն է նրա մոտիվացիան
35 տարեկանից հետո բարձրակարգ խաղացող մնալու համար ինքդ քեզ վրա աշխատելը ուժեղ մոտիվացիա է պահանջում: Ոմանք ազարտի են ընկնում կամ ավելի շատ գավաթներ նվաճելու ցանկությամբ տարվում: Ոմանք պարզապես սիրահարված են ֆուտբոլին և ցանկանում են որքան հնարավոր է երկար խաղալ։ Մխիթարյանի համար սա չէ գլխավորը։
«Ուզում եմ շարունակել խաղալ այնպես, ինչպես հորս բախտ չվիճակվեց»,- հարցազրույցում ասել է 36-ամյա Մխիթարյանը՝ խոսելով հոր՝ Համլետի մասին (80-ականների Երևանի «Արարատի» աստղ), ով 33 տարեկանում մահացել է գլխուղեղի ուռուցքից։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը աշխարհի ամենաթանկարժեք 36 և ավելի տարեկան ֆուտբոլիստների տասնյակում է (5 միլիոն եվրո՝ Լուկա Մոդրիչին հավասար): Այսօր ավելի շատ արժեն միայն Լիոնել Մեսսին, Ռոբերտ Լևանդովսկին, Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Թոմաս Մյուլերը: