Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Նիկոլ Փաշինյանը հոդված է գրել
09:48 04.03.2025 (Թարմացված է: 15:54 04.03.2025)
© SputnikՀայ-թուրքական սահման

© Sputnik
Բաժանորդագրվել
Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի. երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը:
Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում։
«Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են: Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ:
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար»,-գրել է Փաշինյանը:
Նա հիշեցնում է, որ դեռ 2022 թվականին ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է:
Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով, բայց ՀՀ կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում՝ դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներն արագ կառուցելով։
ՀՀ վարչապետը նշում է, որ հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Դրա համար մնում է միայն դե յուրե որոշում կայացնել:
«Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ»,-նշված է գրառման մեջ:
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի կամ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում:
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել են փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:
«Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: ...Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել»,-նշել է Փաշինյանը:
Նույն սկզբունքով ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել, սակայն անհասկանալի պատճառով այդ առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով:
«Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է: Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը»,-եզրափակել է ՀՀ վարչապետը: