Երևանի կենտրոնի բնակիչների «վտարում» հանուն հարկերի. փորձագետը` Փաշինյանի «լուծման» մասին
© Sputnik / Aram NersesyanԵրևանի կենտրոն

Երևանի կենտրոն. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը խորհուրդ էր տվել Երևանի կենտրոնի տարեց բնակիչներին տեղափոխվել, եթե նրանք ի վիճակի չեն մեծ գույքահարկ վճարել։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տալիս, երբ արդարացնում է Երևանում բնակարանների գույքահարկի բազմակի թանկացումը և դա բացատրում նրանով, որ հարկային բեռի ավելացումը պայմանավորված է այդ անշարժ գույքի թանկացմամբ։ Վարչապետը խիստ խեղաթյուրված պատկերացում ունի անշարժ գույքի շուկայի օրենքների վերաբերյալ, բացի այդ նա իրավունք չունի մարդկանց տեղափոխվելու կոչերով հանդես գալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փորձագետ, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` գույքահարկի բարձրացումը կարգավորվում է համապատասխան օրենքով, և բացարձակապես կապ չունի անշարժ գույքի գների բարձրացման հետ։ Անշարժ գույքի շուկան կարգավորվում է շուկայական մեխանիզմներով։ Հովհաննիսյանի համար տարօրինակ է այն, որ Փաշինյանին շրջապատող պաշտոնյաներն ու տնտեսական բլոկի ներկայացուցիչները, խորհրդականները չեն արձագանքում այս անտրամաբանական հայտարարությանը։
Նշենք, որ Երևանի կենտրոնի բնակիչներին մինչև տարեվերջ չափազանց տհաճ անակնկալ է սպասվում, քանի որ կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի համար անշարժ գույքի տարեկան գույքահարկը կկազմի 200-250 հազար դրամ, երկու կամ երեք սենյականոց բնակարանի համար՝ 400 հազար դրամ և ավելի։ Համեմատության համար նշենք, որ մայրաքաղաքի ծայրամասում մեկ սենյականոց բնակարանի հարկը կկազմի մոտ 30-40 հազար դրամ։
Սա լուրջ դժգոհություն և մտահոգություն է առաջացրել երևանցիների շրջանում, խնդիրը հատկապես սուր է կենտրոնում գտնվող հազարավոր տարեց բնակարանատերերի համար, ովքեր պարզապես չեն կարող նման հարկ վճարել։ Փաշինյանը, սակայն, «լուծում» գտավ. օրերս ԱԺ ամբիոնից նա հայտարարեց, որ գույքահարկը վճարել չկարողանալու դեպքում տարեց մարդիկ` տատիկներն ու պապիկները, կարող են տեղափոխվել մարզեր և վարձով տալ իրենց բնակարանները։ Նաև, նրա տրամաբանությամբ, եթե գույքահարկը կազմել է մի քանի հարյուր հազար դրամ, դա նշանակում է, որ տան գինը բարձրացել է մինչև մի քանի հարյուր հազար դոլար։
Հովհաննիսյանը կարծում է, որ հարկերը բարձրացնելու կառավարության որոշման արդյունքում կան նաև անշարժ գույքի շուկայում կոլափսի առաջացման ռիսկեր։ Կենտրոնի շատ բնակիչներ կարող են սկսել վաճառել իրենց բնակարանները, ինչը կհանգեցնի գների անկման։ Միաժամանակ կենտրոնի բնակարանները վարձակալությամբ տալու ցանկություն ունեցողները մի քանի անգամ կբարձրացնեն վարձակալության գները, ինչը ևս ռիսկ է շուկայի համար։
Բայց հարցն ունի նաև բարոյահոգեբանական կողմ։ Վարչապետը ավագ սերնդի մարդկանց է խորհուրդ տալիս տեղափոխվել, նրանք տասնամյակներ շարունակ ապրել են Երևանի կենտրոնի իրենց բնակարաններում, նրանց լավագույն հիշողությունները կապված են այդ տների հետ, այնտեղ են ծնվել նրանց երեխաները։ Բնակարանը ոչ միայն նյութական արժեք է, այլև մշակույթ։ Բացի այդ, կենտրոնի բնակիչներից շատերը դասախոսներ են, ուսուցիչներ, արվեստագետներ, գիտնականներ և այլն։ Նրանք իրենցով իսկ արդեն յուրահատուկ կոլորիտ են հաղորդում Երևանին։ Եվ, փորձագետի կարծիքով, որևէ իշխանություն իրավունք չունի ոտնձգություն անել նրանց նկատմամբ։
Մեր զրուցակիցը կարծում է, որ երևանցիները դեռ իրենց գրպանի վրա չեն զգացել իշխանությունների հարկային քաղաքականության հետևանքները, սակայն մի քանի ամսից, երբ գա հարկերը վճարելու ժամանակը, դժգոհության ալիք կարող է բարձրանալ։
Նշենք, որ գույքահարկի թանկացումը Հայաստանում սկսվել է 2021 թվականին՝ համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Այդ փոփոխությունների համաձայն՝ կտրուկ տատանումներից խուսափելու համար սահմանվել էր ավելի բարձր դրույքաչափերի անցման վեցամյա ժամանակացույց՝ 2021 թվականի դեկտեմբերին կիրառվեց ամբողջ հարկի 25%-ը, 2022 թվականին՝ 30%, 2023 թվականին՝ 35%, 2024 թվականին՝ 50%, 2025 թվականին` 75%, իսկ 2026 թվականին գույքահարկը բռնագանձվելու է ամբողջությամբ` 100%–ի չափով։ Այլ կերպ ասած՝ առաջիկա երկու տարիներին գույքահարկը 2024 թվականի համեմատ կավելանա ևս 50%-ով՝ տարեկան 25%-ով։