Արմեն Աշոտյանը կոչ է անում ապակենտրոն շարժում ձևավորել գերիներին ազատ արձակելու համար
20:18 25.01.2025 (Թարմացված է: 20:25 25.01.2025)
© SputnikԱրմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան
© Sputnik
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը մտքում ունի նաև այդ շարժման խորհրդանիշը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հորդորում է ապակենտրոն շարժում ձևավորել Բաքվում գտնվող հայ գերիներին ազատ արձակելու համար։ Նա տնային կալանքի կրման վայրից պատասխանել է հետևյալ հարցին` ի՞նչ անել Բաքվում Ալիևի կողմից դատաստանի ենթարկվող Արցախի ղեկավարությանը և մյուս հայ գերիներին փրկելու համար։
«Իշխանափոխություն։ Իսկ մինչ այդ և դրան զուգահեռ մշտապես հիշել, հիշեցնել և պահանջել։ Ցանկացած առիթով։ Երկրի ներսում և դրսում։ Տեղական իշխանիկներից և դրսի չինովնիկներից։ Հետապնդեք այդ հարցով նիկոլական պատգամավորներին, նախարարներին, արտասահմանյան պատվիրակություններին և հավատարմագրված դեսպաններին։ Հարցազրույցներով, ելույթներով, նամակներով, ցույցերով, պիկետներով, ակցիաներով, ֆլեշմոբերով։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պիտի դառնա համազգային պահանջ, դրա շուրջ պիտի ապակենտրոն շարժում ձևավորել, այդ թվում՝ սփյուռքում»,– նշել է նա։
Աշոտյանը նշել է, որ մտքում ունի նաև այդ շարժման խորհրդանիշը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու շեփորավոր հրեշտակը։
«Նիկոլը ոչ միայն մատը մատին չի տվել և չի տալու այդ հարցով, այլև ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները»,– եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: