Հայոց պետականության լուծարման դրվագներն են․ քաղաքագետը մեկնաբանել է Ալիևի հարցազրույցը
© Sputnik / Рамиль Ситдиков / Фотохост-агентство brics-russia2024.ruՓաշինյանն ու Ալիևը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին
Փաշինյանն ու Ալիևը ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին. Արխիվային լուսանկար
© Sputnik / Рамиль Ситдиков / Фотохост-агентство brics-russia2024.ru
Բաժանորդագրվել
Բենիամին Մաթևոսյանը վստահ է՝ Ալիևն այսօր իր ծրագրի առավելագույնն է իրականացնում, որովհետև գիտի՝ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկելու։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ցանկանում է, որ Հայաստանը մնա առանց հնարավոր դաշնակիցների, որպեսզի ավելի հեշտ լինի ՀՀ–ին կլանելը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ։
Օրինակ` Ալիևը խոսում է խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված կետերի մասին՝ շեշտելով, թե սահմաններին չպետք է այլ պետություններ կամ կազմակերպություններ լինեն։
«Հաշվի առնելով, որ ռուսական ԶԼՄ-ին է Ալիևը հարցազրույցը տալիս, տպավորություն է, թե եվրոպացի դիտորդների մասին է խոսում, բայց իրականությունն այն է, որ իր համար անընդունելի է նաև ռուսական կողմի պոտենցիալ ներկայությունը և հայ-ադրբեջանական սահմանին հայ-թուրքական սահմանի կոնֆիգուրացիայի վերականգնումը»,- նշեց Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ պարզապես Ադրբեջանը կարողանում է դիվանագիտական լեզվով շփվել ռուսական պետական վերնախավի հետ, տպավորություն ստեղծել, թե իր հիմնական թիրախն ամերիկացիները կամ էլ եվրոպացիներն են։ Քաղաքագետը վստահ է՝ Ալիևի համար ինչքան անընդունելի է ամերիկացների ներգրավումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, նույնքան էլ՝ ռուսական կողմինը։Այս առումով քաղաքագետը պատահական չի համարում այն, որ Տավուշում սահմանազատումը սկսելուց առաջ Փաշինյանը ՌԴ սահմանապահներին, այսպես ասած, ափալ-թափալ հեռացրեց Իրանի հետ սահմանային հատվածից։ Հիշեցրեց՝ Ադրբեջանը Թուրքիայի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որն էլ, ըստ էության, ՌԴ-ի թշնամին է։
Քաղաքագետի կարծիքով՝ Ալիևը շատ լավ բռնել է Հայաստանի իշխանությունների վախերը, հասկանում է՝ իր հակառակորդներն ովքեր են և փորձում է ստանալ ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարը։
Ալիևն իր հարցազրույցով ևս մի բան հստակեցվեց` Հայաստանի իշխանությունները փորձում են հասարակությանը համոզել, թե երկու կետ է մնացել, որ համաձայնեցնեն, և խաղաղության պայմանագիրը կկնքվի, մինչդեռ իրականությունն այլ է։
«Ալիևն ասում է՝ կա երկու կետ, որ Հայաստանը պետք է համաձայնություն տա, դրանից հետո կլինի խաղաղության պայմանագիրը, բայց մինչև դա Մինսկի խումբը պետք է ցրեք, պետք է Սահմանադրությունը փոխեք։ Առհասարակ, երբ ուսումնասիրում եք ադրբեջանական, թուրքական մամուլը, պարզ է դառնում, որ առնվազն 9 նախապայման ունի Ադրբեջանը մինչև Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը»,- նշեց քաղաքագետը։
Հիշեցրեց՝ երբ վերջին անգամ Ալիևը նախագահ էր վերընտրվում, քաղաքական նախագծով հանդես եկավ՝ Հայաստանը վերածել «Արևմտյան Ադրբեջանի»։ Ըստ նրա՝ Ալիևի այս հարցազրույցը դրա փուլերից մեկն էր, որով լեգիտիմացնում էր այն խոսույթը, որ իբր Հայաստան տեղափոխվելու իրավունք ունեն, այսպես կոչված, փախստականները, նաև որ Հայաստանի բանակը պետք է ապառազմականացվի, սահմանին երրորդ երկրների ուժեր չպետք է լինեն և այլն։
«Այս ամբողջ նկարագրածը հայոց պետականության լուծարման դրվագներն են»,- ասում է քաղաքագետը։
Վստահ է՝ Ալիևն այսօր իր ծրագրի առավելագույնն է իրականացնում, որովհետև գիտի՝ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկելու։
Իսկ թե ինչու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան, նաև Ադրբեջանը չեն ցանկանում ամերիկացիների ներկայությունը տարածաշրջանում, ըստ քաղաքագետի, շատ պարզ է՝ Թուրքիան հետաքրքրված է տարածաշրջանում էքսկլյուզիվ կարգավիճակի պահպանմամբ, իսկ դա հնարավոր է, եթե ամերիկացիներն ուղիղ ներկայություն չունենան մեր տարածաշրջանում՝ կլինի դա Հայաստանում, Ադրբեջանում, թե Վրաստանում։ Դրա համար են Ադրբեջանն ու Թուրքիան դեմ նաև եվրոպացի դիտորդներին։
«Ռուսական կողմի համար անընդունելի է, երբ իր ռազմավարական սահմաններից ներս փորձում են ներթափանցել ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, իրենք բազմիցս ասում են՝ տարածաշրջանի հարցերով պետք է զբաղվեն տարածաշրջանի երկրները։ Թուրքերն ու ադրբեջանցիները կառչել են այս ձևակերպումից ու փորձում են այն «վաճառել» ռուսական և իրանական կողմի վրա, թեպետ շատ լավ իրականացնում են այն ծրագրերը, որոնք բխում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի շահերից»,- նշեց Մաթևոսյանը։
Ըստ նրա՝ «Բոլթոնի պլանի» կարևորագույն մասը կազմում են Ադրբեջանն ու Թուրքիան, առանց նրանց ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան չեն կարողանալու պատերազմել Իրանի դեմ, Իրանի դեմ պատերազմելու համար էլ անհրաժեշտ են Հայաստանի, Արցախի տարածքները։ Ստացվում է՝ ադրբեջանական կողմը ֆորմալ ձևակերպումներ է անում, որոնք ընկալելի են ռուսական և իրանական պետական վերնախավերի համար, բայց գետնի տակից այլ գործընթացներ են իրականացվում։
Քաղաքագետը կարծում է, որ այս ամենից հետո հայկական կողմն առնվազն պետք է դիմեր ռուսական կողմին՝ առաջարկելով, օրինակ, հարցազրույց անցկացնել Նիկոլ Փաշինյանի հետ, հնարավորություն տալ, որ հայկական կողմն էլ իր դիրքորոշումը ներկայացներ։ Ըստ քաղաքագետի՝ սա էլ կամուրջները վերականգնելու որոշակի քայլ կարող էր դիտվել։ Բայց քանի որ Հայաստանի իշխանությունների քաղաքական կողմնորոշումն այսօր դեպի Թուրքիա է, կարծում է` իրենք այդ քայլը չեն անի։