ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունը տապալվում է. քաղաքագետ
© Sputnik / Vladimir SmirnovՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում. Արխիվային լուսանկար
© Sputnik / Vladimir Smirnov
Բաժանորդագրվել
Նորայր Դունամալյանի կարծիքով՝ նոր զիջումները միայն գրգռում են Ադրբեջանի ախորժակը։
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին խաղաղեցնելու քաղաքականությունն աստիճանաբար տապալվում է, դրա մասին են վկայում Բաքվի չդադարող սպառնալիքներն ու պահանջները։ Եվ որքան էլ Երևանում փորձեն ձևացնել, թե չեն լսում այդ սպառնալիքները, վաղ թե ուշ ստիպված են լինելու արձագանքել դրանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Նորայր Դունամալյանը։
Բաքուն շարունակում է Երևանի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը, որն իբր Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխության ուղղությամբ Բաքուն Երևանից «գործնական քայլեր» է ակնկալում, և որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերյան որոշումը չի բավարարում ադրբեջանական կողմին: Զուգահեռաբար, Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ դիտորդական առաքելության գործունությունը Հայաստանում:
Այդ պահանջներին Հայաստանի պաշտոնատար անձինք բավականին իներտ ու դանդաղ են արձագանքում՝ հնարավորինս փորձելով «չնյարդայնացնել» Բաքվի իրենց գործընկերներին։ Եվ ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովում՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայտարարելով անցյալ տարի տեղի ունեցած «զանգվածային հանցագործությունների» մասին, նույնիսկ չի նշել, որ այդ զանգվածային հանցագործությունները տեղի են ունեցել հենց Լեռնային Ղարաբաղում և հենց Ադրբեջանի ձեռամբ։ Նույն Միրզոյանը մոտ մեկ ամիս առաջ ԱԺ–ում ասել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական դիվանագիտության օրակարգում չէ։
Դունամալյանի խոսքով՝ առկա է անվտանգության ընկալման տարածաշրջանային խորը ճգնաժամ։ Անվտանգության ապահովման մեխանիզմների և ուղիների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները խիստ տարբեր են։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը սկսել և մինչ օրս շարունակում է առաջ տանել տխրահռչակ «խաղաղության օրակարգը»՝ Ադրբեջանին նորանոր զիջումներ անելով։ Բայց հիմա ակնհայտ է, որ այդ մարտավարությունը/ռազմավարությունն իրեն չի արդարացնում։ Եվ այդ զիջումները, Ադրբեջանին խաղաղեցնելու փոխարեն, ավելի են գրգռում նրա ախորժակը և ծավալապաշտական դիրքերն ուժեղացնում։ Ի վերջո, դա կարող է հանգեցնել նոր ռազմական էսկալացիայի։ Ավելին, Հարավային Կովկասում այդ նոր սրացումը կարող է հրահրել նաև Թուրքիան, հատկապես սիրիական իրադարձություններից հետո։
«Մենք տեսնում ենք, որ նոր հնարավոր էսկալացիան արդարացնելու համար տեղեկատվական հող է նախապատրաստվում։ Դրա հետ մեկտեղ Հայաստանին չի մնացել ոչ մի նոր գաղափար և օրակարգ, որը հիմք կտար շարունակել պահպանել «թույլ խաղաղությունը»։ Ակնհայտ է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը չի բավարարել ադրբեջանական կողմին։ Եվ այս ֆոնին ես ոչ մի նախանշան չեմ տեսնում, որ մոտ ապագայում կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր», - ասաց փորձագետը։
Եվ նույնիսկ տխրահռչակ խաղաղության պայմանագիրը, եթե ինչ-որ հրաշքով հաջողվի ստորագրել, կդառնա միայն ձևական փաստաթուղթ՝ շատ անորոշ բառամթերքով, որն ի վիճակի չի լինի խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան։
Տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացումը Դունամալյանը կապում է առաջին հերթին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես, այն խնդրի հետ, թե արդյոք Արևմուտքն ու Իսրայելը կշարունակեն ճնշում գործադրել Իրանի վրա: Շատ բան կախված է նաև ԱՄՆ նոր նախագահի քաղաքականությունից, օրինակ՝ արդյոք Թրամփը ակտիվորեն կմիջամտի Հարավային Կովկասի գործերին, թե հակառակը, հավատարիմ կմնա մեկուսացման քաղաքականությանը:
Բայց կա նաև խնդրի ներքաղաքական կողմը։ Խոսքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տեսական հնարավորության և այդ ֆոնին իշխող կուսակցության կիրառած խաղաղասիրական հռետորաբանությանը մասին է։ Այս հարցերի պատասխանները մեծապես կպայմանավորեն հայ-ադրբեջանական գործընթացի ապագա սցենարները։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի նախագծի նախաբանը և 17 հոդվածներից 15-ը։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ստորագրել համաձայնեցված հոդվածները, սակայն Բաքուն մերժել էր:
Կողմերը 2022 թվականին ձեռնամուխ են եղել խաղաղության պայմանագրի քննարկմանը։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Հայաստանի 29,8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ (ներառյալ Լեռնային Ղարաբաղը) տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Ռուսական կողմը կազմակերպել է Բաքվի և Երևանի միջև հարաբերություններ հաստատելու բանակցությունների երկու փուլ։ Բայց Երևանը Ադրբեջանի հետ բանակցությունները նախընտրել է շարունակել եվրոպական հարթակում։ Հենց Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, ըստ որի՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքի համար։