00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կա՞ ապագա. ՄԱԿ-ի ակնհայտ անզորությունը և անգործությունը հակամարտությունների համապատկերում

© Photo : Screenshot / UNՄԱԿ-ի ԱԽ նիստ
ՄԱԿ-ի ԱԽ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2024
Բաժանորդագրվել
Հայաստանի ղեկավարը Նյու Յորքում կոչ արեց ջանքեր գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու, այսինքն՝ պոզիտիվ խոսույթ ձևավորելու համար։
Համաձայնե′ք, բավական տարօրինակ էր այս հորդորը. Ախր, ՄԱԿ-ը հիմնականում հենց դրանով էլ զբաղվում է՝ մարդիկ այդ բարձր ամբիոնից անվերջ միայն խոսում են, բայց որևէ բան չեն անում իրական պրոբլեմները լուծելու համար։ Այս օրերին ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանն այս առումով դասական կարելի է համարել։ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում արդեն հարյուրավոր մարդիկ են զոհվել, տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվել են։ Եվ ինչ՝ որևէ, գոնե չնչին դեր խաղացե՞լ են այնտեղ տեղակայված խաղաղապահ ուժերը, որոնց կազմում են նաև մոտ 30 հայաստանցիներ։
Ի դեպ, ընդամենը մեկ ամիս առաջ ՄԱԿ-ը ևս մեկ տարով երկարաձգեց միջազգային խաղաղապահների մանդատը Լիբանանում։ Իսկ ընդհանրապես հիշենք, որ 1956 թվականին 10 երկրների ներկայացուցիչներից կազմված արտակարգ զինված ուժերը առաջին անգամ ստեղծվել են հենց Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման նպատակով։ Անցել է գրեթե 70 տարի, խաղաղությունն այդպես էլ չի հաստատվել, բայց մնացել են խաղաղապահների գեղեցիկ անվանումները՝ «երկնագույն բերետներ» և «երկնագույն սաղավարտներ»։
Պայթող փեյջերների առեղծվածը. ո՞վ կարող է երաշխավորել, որ մի օր չեն պայթի մեր բջջայինները
Երկրորդ հատկանշական փաստը. Ամերիկա է եկել Ուկրաինայի նախագահը, որը նախօրոք հայտարարել էր, թե գնում է ԱՄՆ՝ իր այսպես կոչված «հաղթանակի պլանը» Ջո Բայդենին և նախագահի երկու թեկնածուներին ներկայացնելու համար։ Նկատե′ք՝ այդ ծրագիրը նա ի սկզբանե մտադիր էր առաջինը հրապարակել ոչ թե ՄԱԿ-ում, ինչը տրամաբանական կլիներ, այլ Սպիտակ տանը։ Եվ ոչ ոք այլևս չի զարմանում, որովհետև բոլորն էլ գիտեն՝ ՄԱԿ-ը, նրա Գլխավոր ասամբլեան և նույնիսկ Անվտանգության խորհուրդը որևէ բան չեն որոշում, իսկ Ամերիկայի նախագահից շատ բան է կախված։
Այնինչ, ՄԱԿ-ը մնացել է որպես խոսելու, կամ ինչպես մեր ղեկավարներն են սիրում արտահայտվել՝ խոսույթների վայր։ Ավելին, դեռ 2012 թվականի երևանյան հանրահավաքներից մեկի ժամանակ Հայաստանի առաջին նախագահը փաստել է, մեջբերեմ.
«ՄԱԿ-ի ամբիոնն ամենաչվախենալու տեղն է, որտեղ ցանկացած, ամենահետին վախկոտը կարող է ձևանալ ամենամեծ հերոս: ՄԱԿ-ի ամբիոնից բոլոր երկրների ղեկավարներն ինչ ուզես ասում են: Այսքան Իրանին քննադատում են՝ Ահմադինեժադը գնում է ՄԱԿ-ի ամբիոնից ամբողջ աշխարհին ձեռնոց է նետում, Վենեսուելայի նախագահ Չավեսը ծաղրածության էր վերածում ՄԱԿ-ի ամբիոնը`ձեռք առնելով Ամերիկայի նախագահին: Խրուշչովը կոշիկով խփում էր ՄԱԿ-ի ամբիոնին»,- ավելի քան 10 տարի առաջ հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, այն, ինչ տեղի է ունենում հիմա Ամերիկայում, ոմանք արդեն անվանում են պայքար միաբևեռության և բազմաբևեռության միջև։ Տեսե′ք։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց ՄԱԿ-ը, այնտեղ տեր ու տիրականն էր Ամերիկան։ Նույնիսկ ՄԱԿ-ի կենտրոնակայանը որոշվեց տեղակայել Նյու Յորքում, այլ ոչ թե Եվրոպայում, որտեղ ծավալվել էին հիմնական պատերազմական գործողությունները։ Եվ ասում են՝ դրան կողմնակից էր նաև Իոսիֆ Ստալինը, որը հույս ուներ, թե այդկերպ հնարավոր կլինի ՄԱԿ-ի միջոցով ազդել միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգների պահվածքի վրա։ Իսկ երբ ամերիկացի մեծահարուստ Ջոն Ռոքֆելեր կրտսերը այն ժամանակվա համար պատկառելի գումար՝ 8,5 միլիոն դոլար հատկացրեց Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի կառուցման համար, պարզ դարձավ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պարզապես միաբևեռ աշխարհի հայելային արտացոլումն է։ Ֆրանկլին Ռուզվելտին փոխարինած Հարրի Թրումենը նույնիսկ փորձեց ամրագրել այդ միաբևեռությունը՝ զրկելով Անվտանգության խորհրդի անդամներին վետոյի իրավունքից։ Բայց չստացվեց։
Այս օրերին նույնիսկ արևմտյան որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում՝ այն, որ Ուկրաինայի նախագահը դեռ վաղուց խոստացել էր իր «հաղթանակի պլանը» նախևառաջ ներկայացնել Ջո Բայդենին, հետո միայն մյուս դաշնակիցներին, ակնհայտ ցույց է տալիս, որ աշխարհում բոլորը չէ, որ պատրաստ են համակերպվելու այն իրողության հետ, որ այլևս ամեն ինչ մի կենտրոնից չի ղեկավարվում։ Այնինչ, հենց Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններն են ապացուցել՝ կան տարբեր կարծիքներ, տարբեր դաշինքներ, տարբեր ճամբարներ, որտեղ իշխող տրամադրությունները կարող են ամենևին չհամընկնել Վաշինգտոնի և Բրյուսելի դիրքորոշման հետ։
Ստեփանակերտ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2024
Ուղիղ մեկ տարի առաջ դատարկվեց Արցախը. բանավեճը սոցցանցերում շարունակվում է մինչ օրս
Երևի չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ հատկապես վերջին տարիներին, երբ ո′չ ՄԱԿ-ը, ո′չ նրա Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումները, ո′չ էլ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ոչ մի կերպ չազդեցին Արցախի շրջափակման վրա, չկանխեցին հայերի բռնի տեղահանությունը և չնպաստեցին Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու նպատակին, մենք՝ հայերս, սկսեցինք շատ մեծ վերապահումներով վերաբերվել համաշխարհային այդ մարմնի գործունեությանը։
Եվ միգուցե լավն էլ դա է՝ որքան ավելի քիչ պատրանքներ ունես դրսի ուժերի և միջազգային կառույցների նկատմամբ, որքան ավելի հստակ ես հասկանում, որ նրանք վաղուց արդեն անսացել են Հայաստանի առաջնորդի խորհրդին և միայն «պոզիտիվ խոսույթներով» են տարված, այնքան ավելի ջանադրաբար ես փորձում ամրացնել և անառիկ դարձնել քո պետության սահմանները։
Լրահոս
0