Որ անունը «գվարդիա» չդրեցին, չե՞ն ծառայելու իշխանությանը. Քոչարյանը` նոր օրենքի մասին
© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին փոխոստիկանապետը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ոստիկանական ստորաբաժանմանը տրվում են լրացուցիչ գործառույթներ, որոնք կարող են թաքնված վտանգներ պարունակել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Ոստիկանության գվարդիայի գաղափարը հիմնավորված է, բայց ուշացած։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը` նշելով, որ գաղափարը ծագել է դեռ 2018թ–ի իշխանափոխությունից հետո։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ–ն 1–ին ընթերցմամբ ընդունել է ոստիկանության գվարդիայի ստեղծման մասին աղմկահարույց նախագիծը։ Հեղինակների հիմնավորմամբ` նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ: Այսինքն՝ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը այլևս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։
«Որևէ մեկը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա էլ, կարծում եմ, չի ասում, թե պատերազմի ժամանակ գվարդիան պետք է անգործ նստի։ Պատերազմի ժամանակ գվարդիայի խնդիրները պիտի փոխվեն»,– ասաց Քոչարյանը։
Նա ակնարկեց, որ 44-օրյա պատերազմի օրերին ոստիկանության զորքերի ու բանակի գործառույթները հստակ չտարանջատվեցին` հանգեցնելով անցանկալի ու ողբերգական հետևանքների։
«Օրինակ` ոստիկանությունը պիտի ռազմական դրության ժամանակ ապահովեր տվյալ տարածքներում անվտանգությունը, ռազմական նշանակություն ունեցող բեռների տեղափոխումը, քաղաքացիական անձանց տեղափոխումը` էվակուացիան և ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը»,– հավելեց ՀՀ նախկին փոխոստիկանապետը։
Նրա խոսքով` այդ դեպքում ռազմական գործողությունների ժամանակ բանակը նման խնդիրներով չէր ծանրաբեռնվի։
Նախագիծը քննադատողները կարծում են, որ նորաստեղծ ստորաբաժանումը զբաղվելու է բացառապես ՀՀ իշխանության անդամների ու նրանց իշխանության պաշտպանությամբ։
«Թե չէ, որ անունը «գվարդիա» չդրեցին, որ պետք եղավ, չե՞ն ծառայելու, անունը փոխվեց` ծառայելո՞ւ են,– հռետորական հարցադրում է անում ոստիկանության սպան` փաստելով, որ ոստիկանությանը մշտապես մեղադրում են իշխանությանը ծառայելու համար,– իշխանությունն ասում է` ծառայում են պետությանը, ընդդիմությունն ասում է` ծառայում են իշխանությանը»։
Քոչարյանն արձանագրում է, որ «Ոստիկանության զորքերի մասին» գործող օրենքով այսօր էլ արգելված է խաղաղ հավաքների ընթացքում ուժային բնույթի միջոցառումներ անցկացնելը։ Ոստիկանության զորքերը ինտենսիվ ուժ գործադրելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ խաղաղ հավաքը վերածվում է կազմակերպված դիմադրության, բախումների, այդ թվում` զենքի ու հարմարեցված միջոցների կիրառմամբ։
«Այդ արգելքը նախկինում էլ կար, հիմա էլ կա։ Այլ բան է, որ նրանք ինչ–որ աջակցող գործողություններ են ձեռնարկում, բայց խաղաղ հավաքներին ուժային միջամտություն չպիտի ցույց տան»,– պնդում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բոլոր արձանագրված խախտումները պետք է առանձին քննության առարկա դառնան։
Քոչարյանի գնահատմամբ` նոր օրենքով ընդամենը հստակեցվում են ոստիկանության ուժերի, տվյալ դեպքում` գվարդիայի գործառույթները խաղաղ և ռազմական դրության ժամանակ։ Փորձառու ոստիկանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ստորաբաժանմանը տրվում են լրացուցիչ գործառույթներ, որոնք կարող են թաքնված վտանգներ պարունակել։ Այլ հարց է, թե որքանով ոստիկանության գվարդիան կմնա նոր օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։
«Ուժի կիրառման համաչափության կանոնը սրբազան կանոն է։ Իսկ համաչափության կանոնի հմտություններ մենք դեռ չունենք։ Մենք անվերջ խոսում ենք դրա մասին, բայց մեր ուժային կառույցները, որոնք ուժի կիրառման համաչափության, ճիշտ կիրառման մասնագետներ պիտի լինեն, կամ հրամանատարները, որոնք այդ ուժի կառավարումը պիտի իրականացնեն, այդ պատրաստվածությունը չունեն։ Պատճառը կարող է շատ տրիվիալ թվալ, բայց պատճառն այն է, որ դա երբեք չի դիտվել որպես առաջնահերթություն, բարեփոխումների մեջ չի դիտարկվել որպես առաջնային նպատակ։ Այդ հմտությունների համար պետք են հատուկ մասնագետներ, հատուկ ու երկարաժամկետ դասընթացներ»,– նկատում է Քոչարյանը։
Ոստիկանության բարձրաստիճան սպայի խոսքով` ուժի համաչափության սկզբունքի բոլոր մանրամասներին Հայաստանում շատ քիչ մասնագետներ են տիրապետում։ Նրա դիտարկմամբ` թե՛ ոստիկանության համակարգում, թե՛ ոստիկանությանը մեղադրող հասարակական կառույցներում հազիվ թե գտնվեն մարդիկ, ովքեր գրագետ կմեկնաբանեն` որն է անհամաչափ ուժը։
Հիշեցնենք` Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):