ԱՄՆ-ն պետք է զերծ մնա միջամտությունից, եթե ուզում է օգնել Երևանին. նախկին դիվանագետ
14:36 09.04.2024 (Թարմացված է: 14:39 09.04.2024)
© AP Photo / Johanna Geron, Pool Photo via APՆիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ. Արխիվային լուսանկար
© AP Photo / Johanna Geron, Pool Photo via AP
Բաժանորդագրվել
Նախկին դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ մերձեցման Հայաստանի ընտրած ուղին չափազանց վտանգավոր է:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ն պետք է զերծ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում: The American Conservative ամսագրի սյունակում նման կարծիք է հայտնել պաշտոնաթող դիվանագետ, Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը։
«Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց եթե Հայաստանը երջանիկ ապագայի գոնե ինչ-որ հնարավորություն ունի (իսկ Հայաստանի նման հնագույն քրիստոնեական քաղաքակրթությունը, անշուշտ, արժանի է դրան), մենք պետք է դադարենք միջամտել Կովկասի գործերին ու սահմանափակենք այն վնասը, որն արդեն հասցրել ենք հետխորհրդային տարածքին», - գրել է նա:
Կարդենը նշել է, որ չնայած ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Երևանի ձգտմանը, «ոչ բոլոր փորձագետներն են տպավորված Հայաստանին առաջիկա չորս տարիների համար 270 մլն դոլար դրամաշնորհ հատկացնելու մասին վերջերս հայտարարված համաձայնագրով»: Նա Բրյուսելի և Վաշինգտոնի հետ Երևանի մերձեցման ուղին անվանել է «ողորկ և չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր կանգնել են դրա վրա»։
Փորձագետը կոչ է արել Հայաստանի կառավարությանը հաշվի առնել Ուկրաինայի և Վրաստանի փորձը։ Երկու երկրներն էլ, նրա կարծիքով, հավատացել են Բրյուսելում և Վաշինգտոնում իրենց արևմտյան հովանավորների տված Արևմտյան ինտեգրման կեղծ խոստումներին, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցությանը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակով հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: Հանդիպման արդյունքով ԵՄ-ն Հայաստանի զարգացման համար կտրամադրի 270 մլն եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ ավելի քան 65 մլն դոլար: