Ֆրանսիան ԼՂ–ի պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին տվյալներ ունի. նախարար
16:20 26.10.2023 (Թարմացված է: 19:36 26.10.2023)
© Photo : press office of MESCS of RA ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը (2023թ, հոկտեմբերի 26). Երևան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը (2023թ, հոկտեմբերի 26). Երևան
© Photo : press office of MESCS of RA
Բաժանորդագրվել
Ռիմա Աբդուլ Մալակը վստահեցրեց, որ Ֆրանսիան ամեն կերպ կաջակցի Հայաստանին պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի տվյալներ հավաքագրի Լեռնային Ղարաբաղում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին։ Մատենադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։
Նա ընդգծեց, որ այսօր իր պատվիրակության կազմում գտնվում է ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդը, որն ակտիվ մասնակցություն ունի այդ հարցերում։
«Ֆրանսիայի հատկացրած ֆինանսավորման միջոցով ALIPH ընկերությունը կարողացել է արբանյակային պատկերների միջոցով նույնականացնել Արցախում մնացած հուշարձանները։ Արդեն առկա է այդ տվալների բազան։ Մեր ձեռքի տակ են Արցախում մնացած հուշարձանների ներկայիս վիճակը պատկերող նկարները, այսինքն` պատմամշակութային նմուշների աղավաղված վիճակը»,- ասաց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան համագործակցում է ՅՈւՆԵՍԿՕ-ի և եվրոպական երկրների հետ այդ խնդրին լուծում տալու համար։
«Մենք պաշտոնական հայց ենք ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ-ին, որպեսզի կազմակերպությունը կարողանա թույլտվություն ստանալ և նրա անդամները ֆիզիկապես կարողանան այցելել այդ տարածքներ և նույնականացնել այն բոլոր պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են, որպեսզի մենք ունենանք ամբողջական պատկեր»,- ասաց նա։
Մալակն ընդգծեց, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Հայաստանին աջակցելու համար։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ մշակույթային ժառանգության պաշտպանության ոլորտը կարևորագույն խնդիրներից է, հատկապես երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մնացած պատմամշակութային ժառանգությանը։
«Պետք է գտնենք միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն բարձրացնել պատմամշակութային ժառանգության պաշտպանվածությունը։ Ցավոք սրտի, այժմ մենք վստահ չենք, որ ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման ամենատարրական խնդիրը լուծված են։ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ ուղարկել միջազգային առաքելություն, որը կկարողանա փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը։ Խնդիրն ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո »,-ասաց նա։
Անդրեասյանի խոսքով՝ բռնի տեղահանումից հետո 5000-ից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ-ում, և այդ արժեքների պաշտպանությունն ամենակարևոր խնդիրներից է։